«Խորքային և համակարգային խնդիրներ». ՀԿ-ները մտահոգված են բանտերում մահվան դեպքերի առթիվ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արխիվ

Ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահվան շարունակական դեպքերի առթիվ:

Քաղհասարակության ներկայացուցիչները մտահոգիչ են համարում նաև մահվան դեպքերի կրկնությունը կանխելուն ուղղված համակարգային միջոցառումների և դրանց իրականացման արդյունքների վերաբերյալ հանրությանը պատշաճ տեղեկատվության չտրամադրումը։

Քրեակատարողական ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարի բանտերում արձանագրվել է մահվան 4 դեպք, 2025 թվականին՝ 24, իսկ 2024-ին՝ 12 դեպք։

Այս հայտարարությունը հաջորդում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին: 46-ամյա Գևորգյանի առողջական վիճակը բանտ ընդունվելիս ստուգվել էր ու խնդիրներ չէին արձանագրվել:

Քրեակատարողական ծառայության պետն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե համակարգն իր կողմից ամեն ինչ արել է ընդդիմադիր գործչի կյանքը փրկելու համար, մինչդեռ նրա փաստաբանները հայտարարում են, որ շտապօգնություն ուշ են կանչել, և բժիշկները հասել են այն ժամանակ, երբ Գևորգյանն արդեն մահացել էր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Բժիշկ չկար, շտապօգնությունը ուշացավ». Արսեն Գևորգյանի մահվան ու գործի մանրամասները՝ ԵՄ դեսպանի սեղանին

ՀԿ-ներն ընդգծում են, որ Գևորգյանի մահը հերթական անգամ վեր հանեց քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների խնդիրները: Շեշտում են, որ ազատությունից զրկված անձինք գտնվում են պետության անմիջական վերահսկողության ներքո, և իշխանությունները պարտավոր են պաշտպանել նրանց կյանքն ու անվտանգությունը, ապահովել ժամանակին և որակյալ բժշկական օգնություն։

«Մահվան յուրաքանչյուր դեպք պետք է դառնա արդյունավետ, անկախ և ժամանակին քննության առարկա՝ մահվան հանգամանքներն ու պատճառները պարզելու, պետական մարմինների գործողությունները կամ անգործությունը գնահատելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով», - ասված է հայտարարությունում:

Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ մահվան դեպքերի ուսումնասիրությունը, սակայն, ի հայտ է բերում քրեակատարողական համակարգում առկա մի շարք խորքային և համակարգային խնդիրներ։ Մասնավորապես, ըստ նրանց, ազատությունից զրկված անձանց չի տրամադրվում անհրաժեշտ, ժամանակին և պատշաճ բուժօգնություն, քրեակատարողական հիմնարկները համալրված չեն բավարար թվով մասնագետներով:

Նուբարաշենն ու Հայաստանի մյուս յոթ բանտերը, բացի Արմավիրից, հերթապահ բժիշկ չունեն:

«Համակարգային բացերի մասին են վկայում նաև ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերը», - նշում են ՀԿ-ները:

Միաժամանակ, հայտարարության հեղինակները հիշեցրել են, որ որոշ քրեակատարողական հիմնարկների, և հատկապես Նուբարաշենի բանտի պայմանները խիստ անմխիթար են։

Անցած շաբաթ բանտերում հասարակական դիտորդական խմբի ղեկավարն «Ազատությանը» հայտնել էր, որ բանտում մահացած «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը պահվել է անբարեկարգ, խոնավ, փայտոջիլներով խցում: Այնտեղ բնակվում է մոտ ութ հոգի:

«Խցակիցները բողոքում են միջատներից, թախտաբիթիներից (փայտոջիլներից), որոնք որ շատ են իրենց մարմինը կծում, հայտնվում են շորերի մեջ: Իհարկե, էդ դեզինֆեկցիան և հատուկ դեղամիջոցը քրեակատարողական հիմնարկի կողմից տրամադրվում է, բայց, այնուամենայնիվ, կարծես թե չի օգնում, որպեսզի էդ միջատները վերանան», - ասել էր Արման Սահակյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Փայտոջիլներով, ծանր օդով խուց էր». դիտորդը՝ մահացած ընդդիմադիրի բանտախցի մասին

ՀԿ-ները պահանջում են՝

  1. Իրականացնել քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի, ներառյալ՝ ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերի, արդյունավետ քննություն և արդյունքների հանրային հաշվետվողականությունը:
  2. Երաշխավորել ազատությունից զրկված անձանց մատչելի, պատշաճ և ժամանակին բժշկական օգնությունը, համալրել քրեակատարողական հիմնարկները անհրաժեշտ մասնագետներով։
  3. Ներդնել ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման համալիր մեխանիզմներ՝ ռիսկերի վաղ հայտնաբերման և շարունակական աջակցության համակարգով։
  4. Իրականացնել մահվան դեպքերի պատճառների և նպաստող գործոնների բազմակողմանի ուսումնասիրություն և դրա արդյունքները հրապարակել։
  5. Միջոցներ ձեռնարկել մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող պահման պայմանների բարելավման ուղղությամբ։
  6. Ապահովել մահացած անձանց ընտանիքների պատշաճ իրազեկումն ու քննությանը արդյունավետ մասնակցությունը, ինչպես նաև իրավաբանական օգնության հասանելիությունը։
  7. Բարելավել քրեակատարողական հիմնարկների աշխատողների աշխատանքային պայմանները, ապահովել բավարար կադրային համալրվածություն, հոգեբանական աջակցություն, մասնագիտական վերապատրաստումներ և հյուծման կանխարգելման մեխանիզմներ։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Նա մտել է բերդ առողջ, և մի քանի շաբաթից մեզ հանձնել են մարդուն՝ անշնչացած». ԿարապետյանԸնթացակարգի պահպանո՞ւմ, թե՞ ուշացած բուժօգնություն. Չփարատված հարցեր Արսեն Գևորգյանի մահվան շուրջ