Իրանի հետ խաղաղության բանակցություններում «աննշան առաջընթաց» կա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, որը Շվեդիայում է՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի նիստին։ Մարկո Ռուբիոն, սակայն, մանրամասներ չի ներկայացրել, միայն պնդել է՝ Իրանին ոչ մի պարագայում թույլ չի տրվի միջուկային զենք ձեռք բերել:
«Որոշ աննշան առաջընթաց կա։ Չեմ ուզում չափազանցնել, բայց մի փոքր տեղաշարժ կա, և դա լավ է։ Հիմնական սկզբունքները մնում են նույնը․ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ Պարզապես չի կարող։ Եվ դրան հասնելու համար պետք է հասցեագրենք ուրանի հարստացման հարցը»,- նշել է Մարկո Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարը նաև ասել է, որ բանակցային սեղանին դրված մեկ այլ կարևոր հարց է Թեհրանի դիրքորոշումը Հորմուզի նեղուցի վերաբերյալ։ Նա նշել է, որ Իրանը «փորձում է ստեղծել վճարովի համակարգ» և համոզել Օմանին միանալ դրան։ Ոչ մի երկիր չպետք է ընդունի այս պայմանները, ասել է Ռուբիոն։ ԱՄՆ-ն իր հերթին թույլ չի տա դա, քանզի այդ դեպքում աշխարհի այլ կետերում ևս կհետևեն Իրանի օրինակին ու կսկսեն տուրքեր պահանջել ջրուղիներով անցնելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփՄինչ այդ ԱՄՆ նախագահն էր հայտարարել, թե ԱՄՆ-ն դեմ է, որ Հորմուզի նեղուցով անցնելու համար Իրանն առևտրային նավերից գումար գանձի։ Դոնալդ Թրամփը պարզաբանել էր, որ դրանք միջազգային ջրեր են, հետևաբար՝ այդտեղով անցումը պետք է անվճար լինի, նեղուցն էլ պետք է բաց լինի նավարկության համար։
Սպիտակ տան ղեկավարը նաև ասել էր, որ բարձր հարստացված ուրանն անպայման պետք է դուրս բերվի Իրանից, թեև, ըստ Reuters-ի, Իրանի գերագույն առաջնորդը երեկ հրահանգել է այն դուրս չբերել երկրից։
«Մենք կստանանք բարձր հարստացված ուրանը… Մեզ դա պետք չէ։ Մենք այն հավանաբար կոչնչացնենք ստանալուց հետո, բայց թույլ չենք տա, որ նրանք ունենան դա», - հայտարարել է նախագահ Թրամփը։
Ու մինչ ոչինչ չի հուշում, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պատրաստ են զիջման՝ հարստացված ուրանի և Հորմուզի նեղուցի հարցում, Պակիստանը շարունակում է խաղաղության համաձայնագիր կնքելու իր միջնորդական ջանքերը: Երկրի ներքին գործերի նախարարը հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Ըստ իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալության՝ քննարկվել են այն կնճռոտ հարցերը, որոնց շուրջ Միացյալ Նահանգներին ու Իրանին դեռ չի հաջողվել համաձայնել։ : Մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում:
Ու չնայած ԱՄՆ-ի պահանջներին՝ Իրանը դեռ փակ է պահում Հորմուզի նեղուցն ընդհանուր երթևեկության համար: Արդեն մի քանի օր է՝ Թեհրանն ստեղծել է հատուկ մարմին, որն էլ կարգավորում է նեղուցով երթևեկությունը: Վերջին 24 ժամում, ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի, Իրանի թույլտվությամբ ու համակարգմամբ Հորմուզով 35 նավ է անցել, այդ թվում՝ նավթատար տանկերներ, բեռնատար և առևտրային այլ նավեր:
ԱՄՆ-ն, իր հերթին, շարունակում է իրանական նավահանգիստների շրջափակումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լիբանանին պատերազմի պատճառած վնասը կարող է մոտ $20 միլիարդի հասնել. ֆինանսների նախարարԱյս ընթացքում իսրայելական զինուժը շարունակել է հարվածները Լիբանանի հարավին։ Բանակը պնդում է, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները։
Գիշերը հարձակման է ենթարկվել բժշկական կենտրոն, հաղորդվում է չորս զոհի մասին, որոնցից երկուսը բժիշկ են, կան նաև վիրավորներ։
Լիբանանի ֆինանսների նախարարը Reuters-ին ասել է, որ պատերազմի հետևանքով, ըստ կանխատեսումների, այս տարի երկրի տնտեսությունը կկրճատվի առնվազն 7 տոկոսով, իսկ պատճառված վնասը կարող է մոտ 20 միլիարդ դոլարի հասնել։
«Ամբողջ տարածաշրջան է գործնականում ջնջվել երկրի երեսից։ Հետևաբար, ես վստահ եմ, որ ուղղակի և անուղղակի ընդհանուր կորուստները կարող են 20 միլիարդ դոլարի հասնել։ Եվ, իհարկե, այսպիսի պատերազմի պատճառով տնտեսությունն, անկասկած, մեծապես տուժել է»,- նշել է Լիբանանի ֆինանսների նախարար Յասին Ջաբերը։
Նախարարը նաև ասել է, որ Լիբանանը հիմա մեծապես կախված է վարկերից և օգնությունից, թեև շեշտել է՝ շատ դրամաշնորհներ և օգնություն չեն ստանում։
«Որքան երկար տևի այս ճգնաժամը, այնքան ավելի խորը հետք դա կթողնի Լիբանանի վրա»,- ասել է նա։
Իսրայելը Լիբանանի վրա հարձակումն սկսեց, երբ «Հեզբոլա»-ն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի երրորդ օրը՝ մարտի 2-ին, հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ ի պաշտպանություն Իրանի։ Պատերազմի հետևանքով առ այսօր Լիբանանում սպանվել է առնվազն 3 հազար 42, վիրավորվել՝ ավելի քան 9 հազար 300 մարդ։ Հազարավոր մարդիկ տեղահանվել են: