«Հիմար պետք է լինես, որ չանհանգստանաս». Շիկահողի անտառներին հարակից գյուղերի բնակիչներ

Մինչ Երևանում կենսաբազմազանությանը նվիրված միջազգային համաժողով են անցկացնում, մայրաքաղաքից շուրջ 350 կիլոմետր հեռավորության վրա՝ Հայաստանի հարավում Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներում վերջին տարիներին ծառեր են հատվում, վնասվում է էկոհամակարգը: 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական հարձակումից հետո Սյունիքում տասնյակ քառակուսի կիլոմետրերի հանող տարածքներ օկուպացվեցին, մասնագետների հաշվարկով՝ այս չորս տարիների ընթացքում Շիկահողի արգելոցում ադրբեջանական կողմը 60 հեկտարի անտառ է հատել՝ դիրքեր ու ճանապարհներ կառուցելու համար:

«Դա ոչ թե ցածրարժեք անտառ է, այլ մենք գործ ունենք լուրջ արժեք ներկայացնող, բարձր արժեք ներկայացնող անտառային էկոհամակարգի հետ, որը որ նաև միջազգային հարթակներով ամրագրված է որպես կուսական անտառ, այսինքն՝ անտառներ, որոնք մարդու ազդեցություն չեն տեսել, և էդ անտառներն անգլերեն ասում են virgin կամ primary forest», - «Ազատության» հետ զրույցում ասաց բնապահպանության փորձագետ Այսեր Ղազարյանը:

2022-ի հարձակումից հետո Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջափակման մեջ է, բնակավայրերի հարակից դաշտերում ըստ էության դադարել են գյուղատնտեսական աշխատանքները: Շիկահող արգելոցը, որը հատուկ պահպանվող տարածք է, վնասված է, հետևանքները տեսնելու համար կարելի է արբանյակային նկարներին նայել. 2022-ի սեպտեմբերից հետո կանաչ տարածքների փոխարեն այժմ կառույցներ ու ճանապարհներ են երևում:

«Կենսաբազմանության մյուս բաղադրիչները՝ կոնկրետ կենդանական և բուսական աշխարհի մյուս տեսակները ևս վնասվել և կրելու են համապատասխան դասական ներգործություն», - նշեց Ղազարյանը:

Փորձագետի խոսքով՝ հարձակման հետևանքով Շիկահողի արգելոցի ավելի քան 12 հազար հեկտար տարածքից 3 հազար հեկտարն Ադրբեջանի հսկողության տակ է:
Ղազարյանի կարծիքով՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար նախ Հայաստանի պետական կառույցներն այս մասին պետք է բարձրաձայնեն:

Իշխանությունները խնդրի լուծումը սահմանազատման գործընթացն են համարում, սակայն 2024-ին Տավուշում 12 կմ սահմանազատելուց հետո գործընթացն առաջ չի գնում, գեթ մեկ սանտիմետր այս երկու տարվա ընթացքում չեն սահմանազատել: Ի դեպ, 2024-ին Շիկահող գյուղ էր այցելել անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ամիսներ առաջ լրագրողները նաև ծառահատումների վերաբերյալ վարչապետին հարց տվեցին, պատասխանեց՝ պետք է պարզել:

«Այն տեղեկությունը՝ ծառերի հատման մասին, ես երբեք նման տեղեկատվություն չեմ ստացել, և եթե նման տեղեկատվություն լինի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում, կամ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, բնականաբար, մենք դրան չենք կարող որևէ ձևով չարձագանքել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ու մինչ իշխանությունները խոստանում են խնդիրները սահմանազատման գործընթացի արդյունքում լուծել, Շիկահողի անտառներին հարակից գյուղերի բնակիչներն ապրում են տարածքներում, որոնք ադրբեջանական հսկողության տակ հայտնված բարձրադիր դիրքերի հարևանությամբ են:

«Հիմար պետք է լինես, որ չանհանգստանաս», - «Ազատության» հետ զրույցում ասաց 80-ամյա Անդրանիկ Մարգարյանը: Նա հիշում է՝ ինչպես երեք տարի առաջ Շիկահողի հայկական դիրքեր սնունդ մատակարարելիս ադրբեջանական կողմը երկու հայ զինծառայողի գերեվարեց՝ Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին, Բաքվի դատարանը նրանց 11.5 տարվա ազատազրկման դատապարտեց ահաբեկչության, զենքի մաքսանենգության ու սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներով: 2023-ի դեկտեմբերին նրանք 29 այլ հայ գերիների հետ փոխանակմամբ Հայաստան վերադարձան:

«Դե մինչև էնտեղ եկողը մինչև մեր դուռն էլ կգա, կամ որ [ադրբեջանցի զինծառայողը. - խմբ.] եկավ գնաց Շաքի, Շաքին հո մոտիկ չի մեզ նման», - նշեց Անդրանիկ պապը:

Մարգարյանը նեղսրտում է՝ անվտանգային ու տնտեսական խնդիրների պատճառով գյուղն այժմ դատարկվել է, ամբողջ Շիկահողում միայն մեկ դպրոցական կա. - «Առավոտը վեր եմ կենում, գալիս, իրիկունը գալիս էդ բարձունքից նայում գյուղին, գյուղի մեջը մի շարժ չկա, մի մարդ չի քայլում, կամ փողոցով գնում ես, մեկը դուրս գա ասի «բարև ձեզ»:

Անդրանիկ Մարգարյանը հավանական չի համարում, որ ադրբեջանցիները գրաված տարածքներից սահմանազատման արդյունքում դուրս կգան, սակայն չի էլ բացառում, որ քաղաքական գործիչները կարողանան բանակցություններով լուծման հասնել ու վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Խաղաղության գործընթացն առաջ տանելու համար գործնական առաջարկ ունի. պատերազմից առաջ այս գյուղերում իրար հարևանությամբ ապրող հայերի ու ադրբեջանցիների միջև պաշտոնյաները հանդիպում կազմակերպեն, իրար տեսնեն ու լսեն. - «Կգայինք, կխոսեինք, կզրուցեինք, իրար կհասկանայինք»:

Գետնի վրա, մինչդեռ, Անդրանիկ պապը այլ պատկեր է տեսնում, տարակուսում է՝ եթե խաղաղություն է, Ադրբեջանն ինչո՞ւ չի բնակեցնում իրենց հսկողության տակ գտնվող գյուղերը: «Ազատության» զրուցակիցներն ասում են՝ եթե այն կողմի մոտակա գյուղերում բնակվեն, իրենց ավելի անվտանգ կզգան: