Հայաստանի Հանրապետության տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում, Հայաստանի Հանրապետությանը սպասվում են միլիարդների ներդրումներ, այսօր ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք նախօրեին Մոսկվայից ստացված պաշտոնական նամակով Երևանը ծանուցվել է 2013 թվականի գազային պայմանագրի պայմանների վերանայման մասին, և գազի հնարավոր թանկացման դեպքում Հայաստանը ֆինանսապես պատրա՞ստ է թանկ գազը թանկ ձեռք բերել Ռուսաստանից, Փաշինյանն արձագանքեց. - «Ես Ռուսաստանի նախագահի և Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ ունեմ վստահելի հարաբերություններ, և առաջին անգամ չէ, որ հարցեր են ծագում, որոնք պարզաբանման կարիք ունեն: Եվ նաև Կրեմլը պաշտոնապես հանդես է եկել մեկնաբանությամբ, որ հարցեր կան, որ պետք է պարզաբանվեն: Այո, էդ հարցերը կպարզաբանվեն»:
«Ես նախկինում էլ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերություները տրանսֆորմացիայի փուլում են, և ես դա դրական տրանսֆորմացիա եմ համարում», - շարունակեց վարչապետը՝ հիշեցնելով նախօրեին քարոզարշավի շրջանակում հանդիպումներում իր արած հայտարարությունը, թե «Հայաստանը այլևս էն երկիրը չի, որ պլեճի կամ ծիպուլի հույսին է, Հայաստանի Հանրապետությունը այլևս հազարների և տասնյակ հազարների երկիր չի, Հայաստանի Հանրապետությունը միլիարդների և տրիլիոնների երկիր է»:
Իր վստահության առնչությամբ, թե այդ բոլոր խնդիրները կլուծի հունիսի 7-ից հետո, վարչապետը մանրամասնեց. - «Ինչ վերաբերում է 2013 թվի պայմանագրին, մնացած հարցերին, էս ընթացքում շատ պրոցեսներ են եղել՝ մարդիկ սկի տեղյակ էլ չեն եղել, նմանատիպ պրոցեսներ էս ընթացքում մի քանի անգամ եղել են, բայց Հայաստանի քաղաքացին ոչ մի անգամ չի զգացել դա, որովհետև մենք աշխատել ենք, աշխատանքային կարգով լուծումներ գտել ենք: Ես համոզված եմ, որ էս անգամ էլ լուծումները կգտնենք, ինչո՞ւ եմ համոզված՝ այդ թվում էն պատճառով, որ, ասել եմ, ես միակ պաշտոնյան եմ, ով Եվրասիական տնտեսական և՛ միջկառավարական խորհրդի անդամ է, և՛ Բարձրագույն տնտեական խորհրդի անդամ է: Ես ուզում եմ պատկերացնենք էս լծակի մասշտաբը և էդ լծակի ընձեռած հնարավորությունները»:
Փաշինյանին այսօր արդեն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Վեստի»-ին ասելով, որ եթե Հայաստանի վարչապետը հայտարարում է երկրի հարստացման պլանների մասին, «թող ապահովի դա»: