ՀՀ-ին պետք չի գնալ սուր խոսակցության՝ կոնֆլիկտի տրամաբանությամբ. վարչապետը՝ ՌԴ-ի հետ երկաթուղու հարցով քննարկումների մասին

Երևանի և Մոսկվայի միջև Հայկական երկաթուղու կառավարման հարցով այժմ աշխատանքային քննարկումներ են ընթանում, կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առանց մանրամասներ հայտնելու:

«Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ հարցի վերաբերյալ որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետև էլի եմ ասում մեր ասածի մեջ որևէ բան, որ ուղղված է Ռուսաստանի դեմ, չկա: Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը՝ ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստանն իր մրցակցային առավելությունները կորցնում է: Մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք, և հույս ունեմ՝ մենք կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների», - ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը մոտ երեք շաբաթ առաջ հայտարարել էր՝ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման փաստով պայմանավորված Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում, կորցնում է մրցակցային առավելությունը: Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, թե իր պատկերացմամբ լուծումն ինչպիսին պետք է լինի:

«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը», - ասել էր նա:

Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանից բավականին կտրուկ էին արձագանքել: Նախ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էր «տարօրինակ և փոքր-ինչ անընդունելի» որակել երկաթուղու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի մեկնաբանությունները, հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր զգուշացրել, թե Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանի Դաշնությունից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»։

«Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ և վաղուց աշխատում է Հայաստանում ոչ ամենապարզ պայմաններում», - նշել էր Շոյգուն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի երկաթուղիների կառավարումը այլ երկրի փոխանցելու դեպքում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»․ ՇոյգուԶախարովա․ «Երկաթուղու մասին Երևանից հնչող հայտարարությունները տարօրինակ են»

Եթե ռուսականի կողմում կա ըմբռնում, ինչպես այսօր պնդեց վարչապետը, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Մոսկվան դեմ չէ երկաթուղու կառավարումը փոխանցել այլ երկրի, Նիկոլ Փաշինյանը չպարզաբանեց՝ միայն կարճ նշեց՝ ըմբռնումը թեմայի շուրջ է: Մոսկվայից հնչած արձագանքներին ևս կառավարության ղեկավարը շատ ընդհանրական պատասխանեց:

«Առաջին ռեակցիան մի բան է, երկրորդ ռեակցիան ուրիշ բան է, երրորդ ռեակցիան ուրիշ բան է, չորրորդ ռեակցիան ուրիշ բան է, արդյունքն ուրիշ բան է», - ընդգծեց վարչապետը:

Հայաստանում գործող «Հարավկովկասյան երկաթուղին» 30 տարի ժամկետով՝ 2008-ից ռուսական երկաթուղին է կառավարում՝ հավատարմագրային սկզբունքով։ Կառավարումը ևս 10 տարով երկարաձգելու հնարավորություն կա։ Եթե Ռուսաստանն այս քննարկումների արդյունքում չհամաձայնի հրաժարվել կառավարման իրավունքից, Հայաստանը պատրա՞ստ է խզել պայմանագիրը: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իհարկե կարող են դա անել, բայց չեն պատրաստվում ռուսական կողմի հետ երկաթուղու հարցով սուր խոսակցություն ունենալ՝ կոնֆլիկտային տրամաբանությամբ:

«Միշտ էլ պայմանագիր խզելը վատ բան է, պետք է պայմանավորվել, մեր միջպետական հարաբերությունները, այդ թվում՝ մեր անձնական հարաբերությունները թույլ չեն տալիս, որ մենք գնանք այդ ճանապարհով: Դրա նպատակն ու իմաստը ես չեմ տեսնում: Եվ հակառակը՝ մեր հարաբերությունները թույլ են տալիս ընկերական, բարեկամական խոսենք», - նշեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը, որ երկու ամիս առաջ հայտարարում էր, թե երկաթգծի որոշ հատվածների կառուցման հարցով գրավոր դիմել է Ռուսաստանին, այսօր զարմացավ՝ Մոսկվայի հետ հարաբերությունները բարեկամական են՝ ինչո՞ւ պետք է երկաթուղու կառավարման հարցով պաշտոնապես դիմեն ռուսական կողմին. «Մեր մոտեցումը գործընկերային է, մենք խնդիր չունենք ֆորմալացնել անհրաժեշտից ավելի վաղ, մեր խնդիրը չէ նամակներով իրավիճակներ ստեղծել, մեր խնդիրն է աշխատել, աշխատում ենք»:

Շաբաթներ առաջ Հայկական երկաթուղու կառավարումն այլ երկրի փոխանցելու իր պատկերացումներից խոսելիս Նիկոլ Փաշինյանը նաև երկրների անուններ էր հնչեցրել՝ օրինակ, Ղազախստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քաթարը: Լրագրողներն այսօր հարցրին՝ կան տեղեկություններ, որ Քաթարն ու Քուվեյթն են այդ օրակարգով քննարկումների դաշտ մտել, արդյոք դա այդպե՞ս է, Նիկոլ Փաշինյանը չհերքեց՝ շեշտելով, որ էական է մի բան՝ այնպիսի երկրի պետք է տրվի կառավարման իրավունքը, որ թեման չսրվի՝ ըստ երևույթին նկատի ունենալով Ռուսաստանի հնարավոր արձագանքը: