Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին Հանրապետության երկաթուղիների կառավարման գործում, չմշակված լուծում է, կառուցված համակարգը դրանից հետո կարող է «մեկ գիշերում փլուզվել», ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ և վաղուց աշխատում է Հայաստանում ոչ ամենապարզ պայմաններում»,-նշել է Շոյգուն:
Նա հարց է ուղղել, թե արդյոք դիվանագիտական լեզվով ասած՝ «չմշակված որոշումները», այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ միջուկային թեմայով համագործակցությունը, չե՞ն հանգեցնի այնպիսի վտանգավոր փորձերի, որոնց համար «ստիպված կլինեն վճարել Հայաստանի հասարակ քաղաքացիները»:
Հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնվել ռուսական կողմին 2008 թվականին՝ 30 տարով, ևս 10 տարի ավելացնելու հնարավորությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ երկաթուղու մասին իր պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը: Փաշինյանն անցած տարեվերջին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել էր այս երկու հատվածներում դրանք վերականգնելու հարցը, հետո տեղեկացրել՝ ռուսական կողմին նաև գրավոր են դիմել, ու եթե Մոսկվան այդ աշխատանքները պատշաճ ժամկետում չիրականացնի, Երևանը պատրաստ է պետական միջոցներով վերականգնել ենթակառուցվածքները:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր հերթին հայտնել էր, որ Ռուսաստանը դրական է արձագանքել վարչապետ Փաշինյանի առաջարկին ու որոշել է առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի հետ Երասխի ու Ախուրիկի հատվածներում երկաթուղին վերականգնելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը. Փաշինյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովա․ «Երկաթուղու մասին Երևանից հնչող հայտարարությունները տարօրինակ են»