Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նոր նախագահի ընտրություններին ընդառաջ ֆեդերացիայում որոշել են կանոնակարգ փոխել և թեկնածու առաջադրվելու համար առնվազն մեկ տարի Հայաստանում բնակվելու և հայերենին տիրապետելու պայմանը հանել:
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ այս փոփոխությունները դեկտեմբերյան ընտրություններին ընդառաջ իրականացնում են ֆրանսիահայ ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբորը՝ Դենիս Ջորկաեֆին ֆեդերացիայի նախագահ ընտրելու համար:
Հայաստանի պրեմիեր լիգայի ակումբներից առնվազն մեկը հրապարակավ քննադատում է այս գործողություններն ու հայտնում, որ եթե Ջորկաեֆն առաջադրվի, նրա օգտին չեն քվեարկի:
Ի՞նչ կապ ունի Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի հետ
61-ամյա Ջորկաեֆը 2021-ից Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոսն է, Դեսինի քաղաքապետի տեղակալն է, սակայն, ի՞նչ կապ ունի ֆուտբոլի հետ՝ հայտնի ֆուտբոլիստի եղբայրը լինելուց զատ: Նրա կենսագրության զուտ ֆուտբոլային գործունեությանն առնչվող թերևս հիմնական փուլը 2020-ին ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանի միջազգային հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելն է: Ջորկաեֆը նաև բուքմեյքերական ընկերության հիմնադիր Բադալյանների բիզնես դեսպանն է:
Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող կանոնակարգի՝ թեկնածուն վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում պետք է ակտիվ դերակատարում ունենա Հայաստանի ֆուտբոլի ոլորտում, կամ պաշտոն ունենա, կամ նախկին ֆուտբոլիստ լինի, կամ զբաղվի մարզական լրագրությամբ, սպորտային իրավաբանությամբ և այլն:
Հայերենին տիրապետելու պայմանը կասեցնելու հարցը քննարկելու են մի կազմակերպությունում, որի գլխավոր քարտուղարը 3 տարի առաջ վերջին ընտրությունների ընթացքում դիտողություն էր անում «Ուրարտու» ակումբի նախագահ Ջևան Չելոյանցին հայերենին չտիրապետելու և ռուսերենով հարց տալու համար:
ՀՖՖ 34 անդամներից նախաձեռնությանը միացել են 30-ը
Ցանկում չկան միայն ռուսաստանաբնակ գործարար Ջիվան Ջելոյանցին պատկանող «Ուրարտուն», Հանրապետական նախկին պատգամավոր Արման Սահակյանին պատկանող Գյումրիի «Շիրակը», լրագրող Թաթուլ Հակոբյանի հիմնադրած «Դովեղն» ու 2023-ին հիմնադրված Սպիտակի «Հայք» ակումբը: Այս ակումբին օգոստոսին խաղերին չներկայանալու համար հեռացրել են Հայաստանի առաջին խմբի առաջնությունից, ինչից հետո ակումբի սոցցանցի էջը չեն թարմացրել:
Հայերենի պահանջը հանելուն կողմ է արտահայտվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Արարատ Արմենիան»:
«Ուրարտու» ակումբի հետ կապ հաստատել չստացվեց, «Դովեղի» հիմնադիր Թաթուլ Հակոբյանն այս թեմայով հարցերին պատասխանել չցանկացավ: «Շիրակից» «Ազատության» հարցերին ակումբի մամուլի քարտուղար Հաբեթ Հարությունյանն է գրավոր պատասխանել՝ ընդգծելով, որ կանոնակարգը փոխելու նախաձեռնությանը միանալու առաջարկ չեն ստացել, ստանալու դեպքում կմերժեին:
«Ենթադրում ենք՝ այս ամենը ՀՖՖ ղեկավարության ձեռքի գործն է, ոչ թե ակումբների։ ՀՖՖ ղեկավարությունը պարզապես որոշել է թաքնվել իրենց լոյալ ակումբների հետևում ու գործը թողնել ակումբների վրա։ Դեկտեմբերին ՀՖՖ ընտրություններն են ու որոշել են մի անձի համար կանոնադրություն փոխել, հանել գործող սահմանափակումները, որը թույլ կտա Դենիս Ջորկաեֆին սարքել ՀՖՖ նախագահ։ Միանշանակ է, որ եթե վերջինս լինի թեկնածու, Շիրակ ՖԱ-ն նրա օգտին չի քվեարկի», - նշել է նա:
Մեկ մարդու համար ընտրության կանոնակարգը խմբագրելու նախաձեռնությունը քննադատող «Շիրակ» ֆուտբոլային ակումբից վստահություն են հայտնում, որ ՀՖՖ նախագահի այլ թեկնածու էլ կլինի և իրենց դիրքորոշումը շուտով կհայտնեն:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանն ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր չէ նորից առաջադրվել, ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել նաև փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:
Դենիս Ջորկաեֆի հետ «Ազատությանը» կապ հաստատել չի հաջողվել: 3 Ջորկաեֆ եղբայրներից 52-ամյա Միշան էլ Հայաստանում պաշտոն ունի, նա անցած տարվանից Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է: