Մատչելիության հղումներ

Եվ ՀՖՖ մրցավարների ղեկավար, և աշխատանք ֆուտբոլային ակումբի սեփականատերերի մոտ. շահերի բախում եղե՞լ է

Հայաստանի ֆուտբոլի մրցավարական կոմիտեի նախագահ Սլավա Ղազարյան
Հայաստանի ֆուտբոլի մրցավարական կոմիտեի նախագահ Սլավա Ղազարյան

Համառոտ

  • Հայաստանի ֆուտբոլի մրցավարական կոմիտեի նախագահ Սլավա Ղազարյանը 2019-2025 թվականներին պաշտոն է զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում, և սա այն դեպքում, երբ ՀԷՑ-ի սեփականատերերը ունեին նաև Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլային ակումբ՝ «Արարատ-Արմենիա»-ն։
  • Թե՛ Ղազարյանը, թե՛ Ֆուտբոլի ֆեդերացիան չեն ընդունում, որ շահերի հնարավոր բախում է եղել:

Սլավա Ղազարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահն է 2019 թվականից։ Մինչ այդ էլ նա Ֆուտբոլի ֆեդերացիայում է աշխատել, իսկ 1988-2000 թվականներին՝ ղեկավարել մրցավարական կոմիտեն։

ՀԷՑ-ում Ղազարյանը աշխատել է 2000 թվականից. նախ եղել «Շենգավիթ» մասնաճյուղի տեղամասի պետ, իսկ 2008-ից մինչև 2025 թվականներն աշխատել է որպես «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրենի տեղակալ, «Արմավիր» ցանցի պետ։

Միլիարդատեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը «Արարատ-Արմենիան» հիմնադրեց 2017-ին, իսկ արդեն 2018-2019 թթ մրցաշրջանում թիմը հանդես եկավ ֆուտբոլի բարձրագույն խմբում։ 2019-ից սկսած, փաստացի, ձևավորվել է մի իրավիճակ, երբ մրցավարական կոմիտեի նախագահը աշխատանքային պայմանագիր է ունեցել մի ընկերության հետ, որը կապված է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հետ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կոմիտեների գործունեության կանոնակարգի համաձայն՝ մրցավարական կոմիտեն ապահովում է խաղի կանոնների կիրառումը, նշանակում առաջնությունների մրցավարներին, կազմակերպում մրցավարական գործընթացներն ու վերահսկում մրցավարների որակավորման ու վերապատրաստման գործընթացները։ Այս մարմինը խաղերին մրցավարներ նշանակելուց բացի կարող է նաև պատժամիջոցներ կիրառել մրցավարական խախտումների դեպքում, ապահովել տարբեր մրցավարների առաջխաղացումը և այլն։

Սլավա Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ աշխատել է ՀԷՑ-ում, սակայն բացառեց, որ եղել է շահերի բախման որևէ դրվագ կամ դեպք, երբ ինքը գործել է հօգուտ «Արարատ-Արմենիա»-ի։

«2025-ի հունվարին, երբ Նարեկ Կարապետյանն ընտրվել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ես դուրս եմ եկել, նա ուզում էր իր մարդկանց հետ աշխատել։ Ես ի օգուտ «Արարատ-Արմենիա»-ի որևէ գործողություն կատարե՞լ եմ։ Մեզ մոտ այնքան արդար, պարզ ու բաց է, եթե մի խնդիր նկատվեր, այլ բաներ կլինեին։ Ես 2 տարի առաջ դուրս եմ եկել ՀԷՑ-ից, իմ օրոք էլ ոչ մի կողմնապահություն չի եղել, չի էլ կարող լինել։ Դեռ հակառակը, «Արարատ-Արմենիա»-ն իմ օրոք միշտ բողոքել է, որ մրցավարները թույլ չեն տալիս, որ իրենք չեմպիոն դառնան։ Իրենք անցյալ տարի են դարձել չեմպիոն, երբ ես արդեն 2 տարի ՀԷՑ-ում չէի, այնպես որ ոչ մի շահերի բախում էլ չկա»,- «Ազատությանն» ասաց Ղազարյանը՝ պնդելով, որ երբ ինքը ՀԷՑ-ում էր, «Տաշիր գրուպ»-ի ֆուտբոլային ակումբը ամեն տարի 15 բողոք էր գրում՝ դժգոհելով մրցավարությունից:

Ի՞նչ է պարզաբանում ՀՖՖ-ն

Սլավա Ղազարյանի պնդմամբ՝ ֆեդերացիայում չկան կանոնակարգեր, որ կարգելեին իրեն աշխատել ՀԷՑ-ում։ Հարցին՝ արդյո՞ք ճիշտ չէր լինի թողնել կամ ՀԷՑ-ի, կամ Մրցավարական կոմիտեի նախագահի պաշտոնը՝ շահերի բախումից խուսափելու համար, նա արձագանքեց. «Այդպես եթե նայենք, ոչ մի տեղ պիտի չաշխատե՞նք։ Մրցավարական կոմիտեի նախագահի աշխատանքը օֆիցիալ աշխատանք չէ, դա պայմանագրով ծառայությունների մատուցում է։ Եթե մի բան անեինք, այսօրվա թիմերը մեզ կուտեին, պատկերացնու՞մ եք՝ ինչ աղմուկ կբարձրացնեին»,- ասաց ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահն ու վստահեցրեց՝ առաջին անգամ սեփականատերերին (խմբ. - Նարեկ Կարապետյանին) տեսել է 2024 թվականի վերջին, որևէ այլ շփում, խոսակցություն չի եղել։ Այդ հանդիպման ժամանակ իրեն «հասկացրել են, որ չեն ուզում իր հետ աշխատել»։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, արձագանքելով «Ազատության» գրավոր հարցմանը, շեշտել է՝ «ՀՖՖ-ի ու «Արարատ-Արմենիայի» միջև շահերի բախման որևէ փաստ ինչպես այդ ընթացքում, այնպես էլ մինչ օրս չի արձանագրվել»։

«Մինչ օրս ՀՖՖ-ն չի ստացել որևէ փաստական տեղեկություն, որը կվկայեր կողմնակալ վերաբերմունքի կամ շահերի բախման կանոնների խախտման մասին, ինչպես նաև նման հանգամանքների վերաբերյալ որևէ հարց չի դարձել ՀՖՖ-ի քննարկման առարկա»,- փոխանցել են ֆեդերացիայից։

Ի՞նչ է ասում FIFA-ն

FIFA-ի 2023 թվականի էթիկայի կանոնագրքի համաձայն՝ այդ թվում մրցավարները չպետք է իրականացնեն իրենց պարտականությունները այնպիսի իրավիճակներում, երբ առկա կամ հնարավոր շահերի բախումը կարող է ազդել այդ պարտականությունների կատարման վրա։ Ավելին, նույն կանոնակարգը սահմանում է, որ մինչ նշանակվելը կամ ընտրվելը կանոնակարգին ենթակա անձինք պարտավոր են բացահայտել ցանկացած հարաբերություն կամ շահ, որ կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակների։

3 տարի առաջ մրցավարների շահերի բախման սկանդալ պայթեց Իսպանիայում՝ հանգեցնելով հետաքննության։ Իսպանիայի դատախազությունը քննություն սկսեց, երբ պարզվեց, որ կատալոնական «Բարսելոնա»-ն 1.4 մլն եվրոյի վճարումներ էր կատարել Իսպանիայի մրցակավարական ղեկավար կազմի ներկայացուցիչներից մեկին՝ Խոսե Մարիա Էնրիկե Նեգրեյրայի ընկերությանը։

Խոսե մարիա Նեգրեյրա
Խոսե մարիա Նեգրեյրա

Նեգրեյրան իսպանական ֆեդերացիայի մրցավարական բաժնի փոխնախագահն էր։ «Բարսելոնա»-ն պարզաբանել էր, որ Նեգրեյրայի ընկերությանը փոխանցումներ են կատարվել «արտաքին խորհրդատուի ծառայությունների համար» և իրենց են տրամադրվել պրոֆեսիոնալ մրցավարությանը վերաբերող տեխնիկական զեկույցներ։

2018-ին Նեգրեյրան հեռացավ այս աշխատանքից, բայց դատաքննությունը շարունակվում է մինչ օրս։ Նեգրեյրան հերքում է, որ հօգուտ կատալոնական ակումբի որոշումներ են կայացվել այդ գումարի դիմաց։ Այս գործը ներքին ընթացակարգերով քննում է նաև UEFA-ն. վերջերս Մադրիդի «Ռեալ»-ը լրացուցիչ փաստաթղթեր էր ներկայացրել UEFA-ին ընդդեմ «Բարսելոնա»-ի՝ պնդելով, որ վճարումները եղել են ոչ թափանցիկ, չունեն ստուգելի հիմնավորումներ։ «Ռեալ»-ի նախագահը սա անվանել էր «ֆուտբոլային պատմության ամենամեծ կոռուպցիան»։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG