ՀԷՑ-ը չի վաճառվում. Սամվել Կարապետյան

Թեև Հայաստանի կառավարությունն արդեն Հայաստանի էլեկտրական ցանցերը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագիծ է հրապարակել, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն այսօր պնդեց, թե այն չի վաճառվում: Ընդդիմադիր գործիչը մասնակցում էր իր դատավարությանը:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ գին է առաջարկել կառավարությանը, Կարապետյանը պատասխանեց. - «ՀԷՑ-ը չի վաճառվում: Եթե չեմ վաճառում, ի՞նչ գին»։

«ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք, ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը: Իրենք էլ ոչ մի բան չեն կարողանալու անել: Իրենք արդեն հասկացել են, որ չեն կարողանա կառավարել ՀԷՑ-ը», - պնդեց Կարապետյանը:

Նախօրեին Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն «Ազատությանն» ասել էր, որ ՀԷՑ-ի շուկայական արժեքը տեղական ընկերություն է գնահատելու:

ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու որոշման նախագծում փոխհատուցման չափի մասին խոսք չկա: Միայն նշված է, որ գերակա շահ ճանաչելու որոշումը հաջորդել է սեփականատերերի կողմից կառավարության ներկայացրած գնառաջարկը մերժելու փաստին:

Գործադիրը էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել էր 23.5 միլիարդ դրամ՝ պայմանով, որ Կարապետյանն ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ շուրջ 23 միլիարդ դրամ: Գործարքը չէր կայացել, որին էլ հաջորդեց ընկերությունը գերակա շահ ճանաչելու փուլը:

Եթե անկախ գնահատողի հաշվետվության հետ ՀԷՑ-ի սեփականատերերը համաձայն չլինեն, կարող են այն բողոքարկել նախարարություն կամ դատարան, ինչի ընթացքում, սակայն, հանրային գերակա շահ ճանաչելու ու փոխհատուցման գործընթացը կանգ չի առնի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀԷՑ-ի գնահատումն իրականացնելու է տեղական ընկերություն. նախարար