Ուկրաինան շարունակում է շարքից հանել ռուսական Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքները: Երեկ գիշերն ու այսօր լուսաբացին թիրախում էին Մոսկվայի և Լենինգրադի պահեստները:
Վերջին տվյալներով՝ վնասվել է Wildberries-ի առնվազն երեք լոգիստիկ կենտրոն։ Ամենածանր հետևանքներն արձանագրվել են Չեխովում, որտեղ հրդեհի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 10 մարդ։ Վերջին երեք շաբաթվա ընթացքում վնասվել է Wildberries-ի շուրջ 18 պահեստ և լոգիստիկ կենտրոն:
Wildberries-ի առցանց հարթակում շուրջ 10 հազար հայաստանցի վաճառող է գործունեություն ծավալում
Պաշտոնական տվյալներ դեռ չկան, թե վերջին հարձակումների հետևանքով հայաստանցի վաճառողները որքան վնաս են կրել և ինչ չափերի այն կհասնի:
Հայաստանցի վաճառող Դոնարա Գրիգորյանը երեկ կադրերով էր հետևում, թե ինչպես է այրվում այն պահեստը, որտեղ գտնվում էր իր ապրանքների վերջին խմբաքանակը. «Վլադիմիրում գտնվում էր իմ ապրանքների վերջին խմբաքանակը։ Չկա։ Ուղղակի չկա»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Դոնարա Գրիգորյանը։
Ուկրաինական հարձակումներից հետո, Wildberries-ը ֆինանսական աջակցություն է տրամադրել մի քանի խմբերի. նախ՝ զոհված աշխատակիցների ընտանիքներին՝ 2 մլն ռուբլու, իսկ ծանր վիրավորված աշխատակիցներին՝ 1 մլն ռուբլու չափով։ Ընկերությունը նաև հայտարարել է, որ երկու փուլով աջակցել է ավելի քան 97 հազար փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ այն վաճառողներին, որոնք առաջին փոխհատուցումից էլ էին օգտվել:
Հայաստանցի վաճառող Անի Պետորսյանը, որ վնասված գրեթե բոլոր ռուսական պահեստներում ապրանքներ ուներ ու բոլորից էլ զրկվել է, դժգոհ է՝ փոխհատուցման ծավալից.
«Վերցնենք վաճառքային թիվը, ընդհանուր առմամբ՝ մոտ երկու միլիոն դրամի կորուստ է եղել, իսկ եթե վերցնենք ինքնարժեքով, իրենց փոխհատուցած գումարը նույնիսկ իմ փաթեթավորման և պահեստներ հասցնելու, տեղակայելու գումարը չի դուրս գալիս։ Այսինքն՝ ես այստեղ և՛ ապրանքային ինքնարժեքն եմ կորցնում, և՛ նույնիսկ փաթեթավորման ծախսերը չեմ կարողանում լիարժեք հանել»։
Դոնարա Գրիգորյանն ավելի քան 4 մլն դրամի վնաս է կրել, փոխհատուցումների առաջին փուլում 200 հազար դրամ է ստացել, սակայն այն համարում է չնչին՝ համեմատած իր կրած վնասի հետ։ Երկրորդ փուլի աջակցությունից դեռ չի օգտվել։
Wildberries-ն առայժմ աջակցում է փոքր և միջին վաճառողներին։ Խոշոր վաճառողների կրած վնասների փոխհատուցման վերաբերյալ ընկերությունը դեռ մանրամասներ չի հրապարակել։
Այս ընթացքում Wildberries-ն աջակցում էր, որ վաճառողները կարողանային զեղչել իրենց ապրանքները: Դոնարան, որը մի խումբ վաճառողների աջակցում և ուսուցանում է, ասում է՝ շատերը հասցրել են դրական արդյունքներ գրանցել.
«Երկու-երեք օր առաջ Wildberries-ի կողմից տրամադրվող զեղչերը բավականին բարձր էին, որի արդյունքում պատվերները ահավոր շատացել էին։ Երեկ ու երեկ չէ առաջին օրը SPP-ները բավականին իջացրել են հիմա էլ, բայց միևնույն է դրա ֆոնին ես այստեղ կարող եմ ձեզ ուղարկել այդ տվյալները, թե ինչ վաճառքներ են անում մեր հայ վաճառողները»,- «Ազատությանն» ասաց Դոնարա Գրիգորյանը։
Որոշ վաճառողներ էլ դժգոհում են, որ տրամադրված փոխհատուցումները չեն կարողանում կանխիկացնել։ Մյուսները նշում են, որ կանխիկացման համար սահմանված են ժամկետներ, սակայն, քանի որ տուժածները ցանկանում են հնարավորինս արագ ստանալ այդ գումարը, ժամկետները նրանց երկար են թվում։ Իսկ Wildberries-ի տրամադրած զեղչերը կարճ կյանք ունեցան»,- դժգոհում է նաև Անի Պետորսյանը.- «Պրակտիկայում օգտվել ենք ընդամենը մի քանի օր, ըստ իրենց հայտարարության, որ ինքներս մեր պահեստից, մեր տարածքից էինք կարողանում վաճառքները իրականացնել, ոչ թե իրենց Wildberries-ի պահեստներից, մենք պետք է ունենայինք մինչև 52 տոկոս զեղչեր, բացի մեր անձնական զեղչային համակարգ կիրառելը։ Բայց պրակտիկայում մենք այդպիսի զեղչային թիվ չենք ստացել, և ես անձամբ որևիցե մի վաճառողի էջում նման ցուցանիշ չեմ տեսել։ Այն ապրանքային տեսակները, որոնք մշտապես ունեցել եմ գոնե 16-17 տոկոս զեղչ իրենց կողմից, այս պահի դրությամբ ընդամենը 3.6 տոկոսով են զեղչվում»։
Հայաստանցի վաճառողները նեղսրտում են. եղած խնդիրներից բացի, չի լուծվում հիմնական խոչընդոտը՝ լոգիստիկան։ Ասում են՝ հիմա դա ավելի սուր են զգում: Պատմում են՝ նույնիսկ եթե վաճառողները կարողանում են պատվերները պատրաստել ու Ռուսաստան ուղարկել, ապրանքները Լարսի անցակետի խցանումների պատճառով ուշ են տեղ հասնում.
Դոնարա Գրիգորյանի խոսքով.- «Մեր պատվերները վերադարձվում են, որովհետև ռուս գնորդները չեն սիրում սպասել, իսկ մեր ապրանքը Հայաստանից դեպի Ռուսաստան գնորդին, եթե չսխալվեմ, մոտավորապես երկու շաբաթում նոր հասնում է»։
Նովոսեմեյկինոյում Wildberries-ի պահեստի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից հետո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարձակումները որակել է որպես պատասխան՝ ռուսական հարվածներին քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Նա պնդել է, որ թիրախավորված պահեստներն օգտագործվել են անօդաչուների և այլ զինտեխնիկայի բաղադրիչների մատակարարման համար։ Wildberries-ից պաշտոնապես են հերքել այս պնդումը։
Մինչ Ռուսաստանում Wildberries-ի պահեստները շարունակում են հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում, ընկերությունն ընդլայնում է իր լոգիստիկ ցանցը Ղազախստանում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այնտեղ կառուցվում են շուրջ 260 հազար քմ նոր պահեստներ՝ Ալմաթիում և Աստանայում։ Առաջին համալիրների շահագործումը նախատեսվում է 2027 թվականին։
Հայաստանցի վաճառողներից Դոնարա Գրիգորյանն էլ ասում է՝ այսօր նկատել են, որ Wildberries-ը իր ցանցում առկա ապրանքները սկսել է տեղափոխել այլ հարթակներ. «Այս նորությունը հենց նոր է պտտվում ռուսական վաճառողների մոտ, ու մենք միանգամից փնտրել ենք բրենդներից մեկն ու AliExpress-ում բերել է, որը հենց ռուսական ապրանքներ են։ Այսինքն Wildberries-ը ինչ-որ մի ձև ապրանքները տեղափոխում է այնտեղ, բայց մեզ՝ վաճառողներիցս, բնականաբար չի հարցրել, մեր համաձայնությունը չի ստացել, բայց շատ վաճառողներ արդեն իրենց ապրանքները գտել են այնտեղ»,- նշում է Գրիգորյանը։
Հայաստանցի վաճառողներն ասում են՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներն արդեն զգում են նաև իրենք Հայաստանում՝ չլինելով այդ հակամարտության կողմ և գտնվելով պատերազմական գոտուց հեռու։ Նրանց կարծիքով՝ Ուկրաինան այսկերպ փորձում է թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը, որ ամեն երկրորդ ռուսաստանցին ավելի լավ հասկանա՝ ինչ է պատերազմը։