Հենց ծուխը տեսանք, տագնապ սկսվեց. ՀՀ քաղաքացին՝ Աբու Դաբիում իրավիճակից

Աբու Դաբիի օդանակավայանում դեպի Երևան իր թռիչքին սպասող հայաստանցի տղամարդը ականատես է եղել Իրանի պատասխան հարվածներին: Դրանց հետևանքով թռիչքները չեղարկվել են, իրենց խումբն էլ ստիպված է եղել տեղափոխվել հյուրանոց:

Տղամարդը, որ չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ ինքն ու ընկերները մոտավորապես յոթ պայթյուն են լսել՝ կես ժամվա ընդիմիջումով: Այնուհետև ծխի ամպեր են տեսել:

«Հենց ծուխը տեսանք, տագնապ սկսվեց, փորձում էինք դուրս գալ օդանավակայանից, այդ պահին հերթեր առաջացան, բայց հետո լավ կազմակերպված մեզ տեղափոխեցին»,- «Ազատությանը» հեռախոսով պատմեց Հայաստանի քաղաքացին:

Նա դեռ չգիտեր, թե երբ կվերականգնվեն թռիչքները:

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով այդ թվում՝ նրա ղեկավարությանը:

Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սա վերջ կդնի ԱՄՆ անվտանգության սպառնալիքին և իրանցիներին հնարավորություն կտա տապալել իրենց կառավարիչներին:

Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով Իսրայելը և ամերիկյան ռազմակայաններն ամբողջ տարածաշրջանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը պնդում են՝ Իրանի առաջնորդ Խամենեին սպանված է


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի հիմնական ռազմաբազաները՝ Մերձավոր Արևելքում