Հայտը ներկայացնելուց հետո ՀՀ-ը պետք է սկսի իր օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ նորմերին. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է սկսի մի շարք ոլորտներում իր օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության նորմերին, ինչը, նրա պնդմամբ, կարող է վնասել Հայաստանին՝ ԵԱՏՄ նորմերի հետ հակասությունների պատճառով։

«Հայտը ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է սկսի իր օրենսդրությունը տարբեր ոլորտներում՝ առևտրի, բուսասանիտարական, մաքսային և այլ ոլորտներում, համապատասխանեցնել եվրոպական նորմերին՝ Եվրամիության չափանիշներին։ Այդ նորմերը չեն համընկնում այն նորմերի հետ, որոնք գործում են մեզ մոտ և ԵԱՏՄ տարածքում», - այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝ այս դեպքում «խորքային հակասություններ» կառաջանան, որոնք առաջին հերթին կվնասեն հենց Հայաստանին։ Պեսկովը նաև հիշեցրել է, որ ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովում ընդունված հայտարարությամբ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանին կոչ են արել հնարավորինս արագ անցկացնել համապատասխան հանրաքվե։

Կրեմլի ներկայացուցիչը նման մեկնաբանություններ է արել՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի այսօր արված հայտարարությանը։ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ մոտ ապագայում նախատեսվում է սկսել ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթացը։

Պեսկովը միաժամանակ նշել է, որ ԵՄ-ին անդամակցության հայտի քննարկումը կարող է երկար տևել՝ հիշեցնելով Թուրքիայի և մի շարք այլ երկրների փորձը, որոնց կողմից հայտ ներկայացնելուց տասնամյակներ են անցել, սակայն անդամակցության գործընթացը դեռ չի ավարտվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան