Ազգային ժողովում երկրորդ օրն է՝ ընթանում են փոխխոսնակների ընտրության քննարկումները։
Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն արդեն ընտրված է՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը։ Մյուս թեկնածուն իշխանական Վահագն Ալեքսանյանն է։ Նրա թեկնածությունը ներկայացրեց Արուսյակ Ջուլհակյանը, հետո արդեն պատգամավորը հանդես եկավ ելույթով։ Թվարկեց մի շարք ձեռքբերումներ, որ, ըստ Ալեքսանյանի, իշխանությունը ունեցել է անցնող տարիներին։ Նշեց, որ դրանցից ամենակարևորը օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններն են՝ նկատի ունենալով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։
Վահագն Ալեքսանյանը նաև հայտարարեց, թե այս խորհրդարանը նախորդից արդեն տարբերվում է նրանով, որ ըստ իրեն՝ ընդդիմությունը դադարել է խոսել Արցախից և արդեն ունի պատասխան այն հարցին, թե որն է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը։
«Մեր ընդդիմադիր գործընկերները մտել են ամբողջությամբ իրական Հայաստանի քաղաքական օրակարգ։ Նրանք էլ չեն խոսում Ղարաբաղի մասին, նրանք էլ չգիտեմ ինչ-որ բաներ չեն ասում։ Հա, իրական Հայաստանի հետ կապված տարատեսակ կեղծ թեզեր և մնացած և մնացած պարբերաբար բերում են, հակամարտության բանն են, խոսույթն են շարունակում, բայց բուն այդ ամեն ինչը անում են իրական Հայաստանի սահմաններում», ասաց վահագն Ալեքսանյանը։
Վահագն Ալեքսանյանի այս պնդմանը ընդդիմադիր պատգամավորներից դեռ չեն արձագանքել, ենթադրաբար ելույթներում կանդրադառնան։ Ելույթից հետո արդեն Վահագն Ալեքսանյանին հարցեր տալու համար հերթագրվեցին մոտ մեկ տասնյակ պատգամավոր։ Այս փուլում արդեն իրավիճակը փոքր ինչ լարվեց։ Հերթագրվածների թվում էր նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Էդգար Ղազարյանը.
Մանրամասները՝ տեսանյութում.
Վահագն Ալեքսանյանի հետ հարցուպատասխանից հետո՝ պատգամավորներն արդեն հերթագրվեցին հայտարարությունների համար. ավելի քան չորս տասնյակ պատգամավոր է հերթագրվել։ Ելույթները կշարունակվեն նաև վաղը։
Վաղը կմեկնարկի նաև մյուս թեկնածուի՝ ընդդիմադիր Արամ Վարդևանյանի թեկնածության հետ կապված քննարկումները։ Արամ Վարդևանյանն ինչպե՞ս է համոզելու ՔՊ-ականներին, որ իրեն ձայն տան, այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում փակագծեր չբացեց։
«Ընդդիմության կողմից առաջադրվող նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, այնուհետև փոխնախագահների, այդ կառուցակարգերի իրացումը ոչ թե ենթադրում է դասական իմաստով քաղաքական քննարկում, բանավեճ և այլն, այլ այս դեպքում ենթադրում է նաև պարտականություն։ Հակառակ դեպքում սահմանադրի կամքը այդ իմաստով արգելափակվում է, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ սա, ի վերջո, քաղաքական գործընթաց է, ցանկացած հնարավորություն էլ պետք է դիտարկել, ինքս թե ինչ հանգամանքներ կնշեմ, թույլ տվեք չբացահայտեմ այս պահին, որ բոլոր դեպքերում թե՛ ձեզ, թե՛ մեր հայրենակիցներին նաև ելույթն ինքնին հետաքրքրություն իր մեջ պարունակի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդևանյանը։
Միայն ընդդիմադիր պատգամավորների ձայները բավարար չեն, որ Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում ընտրվի Արամ Վարդևանյանը, իսկ արդյո՞ք եթե Արամ Վարդևանյանին ՔՊ-ն կողմ չքվեարկի, հետո նորից իր թեկնածությունն առաջադրելու է խմբակցությունը, Վարդևանյանը չշտապեց արձագանքել այս հարցին՝ առաջարկելով սպասել խմբակցության որոշմանը։