Վարչապետ Փաշինյանի Վարշավա այցի ընթացքում Հայաստանը և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքեցին: Մանրամասներ չեն հաղորդվում, բանակցությունների ավարտին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հատուկ ընդգծեց այս համաձայնությունը՝ դարձյալ առանց փակագծեր բացելու:
«Հավատում ենք, որ ռազմական համագործակցությունը, որը կտարվի մեր անվտանգության ոլորտում, ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք շատ լավ ենք գիտակցում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը։ Երկու երկրներն էլ, ինչպես նաև երկու վարչապետներս էլ հստակ գիտենք, թե ինչ անել, ինչպես անել, որպեսզի մենակ չլինենք, որպեսզի լինենք միասին և որպեսզի կայուն անվտանգություն ապահովենք մեր երկրներին, մեր ժողովուրդներին», - ասաց նա։
Լեհաստանի վարչապետը, որ հինգ տարի Եվրոպական խորհրդի նախագահն էր, նշեց, թե Եվրամիության դռները բաց են ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի առջև: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին հիշեցրեց, որ խորհրդարանն օրենք է ընդունել միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին: Սակայն պաշտոնական հայտ Երևանը չի ուղարկել Բրյուսել:
«Փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր նշանակում է լինել թույլ երկիր, ժողովրդավարական երկիր նշանակում է ի վիճակի չլինել ապահովել և պաշտպանել սեփական անվտանգությունը։ Եվ ես կարծում եմ, որ Լեհաստանն այդ առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության հետ և, իհարկե, ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում», - ասաց Փաշինյանը:
«Մեզ նոր ենթակառուցվածք պետք կգա Թուրքիայի հետ սահմանին»
Լեհաստան վարչապետի այցը մեկնարկել է երեկ, նա հայ համայնքի հետ է հանդիպել, տեսագրությունը դեռ չի հրապարակվել: Այցելել է Միջազգային հարաբերությունների ինստիտուտ, ներկայացրել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, «Թրամփի ուղու» մասին խոսել: Լեհ փորձագետներին հետաքրքրում էին Թուրքիայի հետ զարգացումները:
«Մենք շատ դրական երկխոսություն ունեցանք Թուրքիայի հետ։ Մենք մշտապես հանդիպումներ և խորհրդակցություններ ենք ունենում, բայց, իհարկե, ամենակարևոր իրադարձությունը, որը հույս ունենք տեսնել, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։ Պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Թուրքիայի միջև, և, իհարկե, նաև ցամաքային սահմանի բացումը։ Ինչո՞ւ եմ նշում հենց ցամաքային սահմանը, քանի որ օդային սահմանը բաց է։ Մենք կանոնավոր թռիչքներ ունենք Հայաստանից Թուրքիա, և իմ ակնկալիքն է, որ երկկողմ թռիչքների ծավալը կաճի։
Սակայն, իհարկե, մենք հույս ունենք, որ ցամաքային սահմանը կբացվի, և իմիջիայլոց մեզ նոր ենթակառուցվածք պետք կգա Թուրքիայի հետ սահմանին։ Մենք հիմա քննարկում ենք, թե Եվրոպական միությունն ինչպես կարող է աջակցել այս հարցում։ Ուստի ես հավատացած եմ, որ գործընթացը ծավալվում է, և շատ շուտով կտեսնենք ինչ-որ բան։ Առնվազն մթնոլորտը և մեր հարաբերությունների մթնոլորտը շատ պատրաստ է դրան։ Օրինակ՝ մենք ներկայումս այդ շրջանակում որևէ խնդիր չունենք։ Տպավորությունն այն է, որ կա ընդհանուր հասկացողություն, որ դա պետք է տեղի ունենա, բայց, իհարկե, դա կախված է Թուրքիայի որոշումից, քանի որ հայկական կողմից որևէ խոչընդոտ չկա, և ուստի մենք պատրաստ ենք ցանկացած պահի դա անել», - հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանը պատրաստ է անցում տրամադրել Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղություններով, բայց Անկարան դեռ չի արձագանքել:
Ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չկան. Փաշինյան
Վարչապետը Վարշավայում հայտարարեց, որ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չկան, թեև ավելացրեց, որ ՀԱՊԿ-ում անդամակցությունն է սառեցված:
Լեհաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հատկապես լարված են հարևան Ուկրաինա ռուսների ներխուժումից հետո: