«Ռոսատոմ»-ը Հայաստանին կոնկրետ առաջարկ է արել ВВЭР-1000 բլոկի կառուցման վերաբերյալ: Այսօր Երևանում Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ավարտին այդ մասին լրագրողներին հայտնել է ռուսաստանյան պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը:
ВВЭР-1000-ը ջրով սառեցվող ջրային ռեակտոր է (Водо-водяной энергетический реактор)՝ 1000 ՄՎտ նոմինալ էլեկտրական հզորությամբ:
«Լավ նորությունը, մեկ անգամ ևս ընդգծեմ, այն է, որ Հայաստանում ատոմային էներգետիկան շատ տասնամյակներ լինելու է: Նորություն, որը մեր առջև դնում է որոշակի խնդիրներ, այն է՝ առաջիկա ամիսներին ձևակերպել առավել մրցունակ առաջարկությունը Հայաստանի՝ նոր բլոկի շինարարության նպատակով գործընկեր, վաճառող ընտրելու համար: Եվ մեր ըմբռնմամբ՝ այդ բլոկը պետք է լինի առնվազն մեկը՝ առնվազն 1 գիգավատտ, 1000 մեգավատտ հզորությամբ», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Լիխաչյովը և ընդգծել, որ ВВЭР-1000-ը իրենց լավագույն նախագիծն է:
Հիշեցնելով, որ «Ռոսատոմ»-ը շարունակում է ВВЭР կառուցել Հնդկաստանում և Իրանում, Լիխաչյովը վստահեցրել է, որ այդ բլոկներում համակցված են տնտեսական արդյունավետությունը և 3+ սերնդի անվտանգության համակարգերը: «Մեր ըմբռնմամբ՝ այդ առաջարկը լավագույնն է համաշխարհային շուկայում եղածներից», - նշել է «Ռոսատոմ»-ի ղեկավարը:
Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ այսօր կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Լիխաչյովը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր։
Վարչապետը նշել է, որ Կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ, և որոշումը կընդունվի առաջիկայում։ Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։
Լիխաչյովը նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն կառուցողական համագործակցություն, այդ թվում՝ ՀԱԷԿ–ի գործող էներգաբլոկի գործունեության ժամկետների երկարաձգման ուղղությամբ։ «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրենը մանրամասներ է ներկայացրել նոր ԱԷԿ–ի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման առաջարկների և հնարավոր մեխանիզմների շուրջ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
«Ռոսատոմ»-ի ղեկավարի սպասվող այցի մասին սեպտեմբերի 3-ի ճեպազրույցում հայտնել էր Հայաստանի վարչապետը:
«Սեպտեմբերին մենք սպասում ենք «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ այսօր Ռուսաստանը կարող է անել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ», - ասել էր Փաշինյանը՝ հավելելով. - ««Ատոմակայանի հարցը, ես նախկինում էլ եմ ասել, որ մեզ համար աշխարհքաղաքական ընտրություն չի, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. ով մեզ լավագույն առաջարկը անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»:
Հայաստանի նոր կառավարությունն իր ծրագրով պարտավորվել է մինչև 2027 թվականի ավարտը կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։
Երեկ Լիխաչյովին ընդունել է Ռուսաստանի նախագահը: «Ռոսատոմ»-ի ղեկավարը, «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ կորպորացիան Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. խոսքը սինթետիկ կաուչուկի արտադրության գործարանի աշխատանքի հետևանքները վերացնելու մասին է:
Լիխաչյովը նշել է նաև, որ «Ռոսատոմ»-ը շարունակում է աշխատանքները Հայկական ատոմային էլեկտրակայանում՝ դրա շահագործման ժամկետը երկարաձգելու շրջանակում: