Հայաստանն առկախել է մասնակցությունը Իրկուտսկում ժանտախտին վերաբերող գիտաժողովին

Լաբորատորիա, արխիվ

Հայաստանն առկախել է իր մասնակցությունը՝ Իրկուտսկի գիտահետազոտական ինստիտուտում ժանտախտին վերաբերող գիտաժողովին, «Ազատությանը» հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

«Հետևում ենք ընթացող իրավիճակին և զարգացումներին, այս պահի դրությամբ մասնակցության հարցը առկախված է», - մասնավորապես ասաց առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Վերջին օրերին շրջանառվում են Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր տարածման վերաբերյալ հաղորդումներ։

«Ազատության» «Сибирь.Реалии» նախագծի աղբյուրների տվյալներով՝ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո այդ հաստատության ավելի քան 60 աշխատակցի մեկուսացրել են շենքում։

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում ու տելեգրամյան ալիքներում լուրեր են շրջանառվում ժանտախտով վարակման և լաբորատորիայում հնարավոր վթարի վարկածների մասին։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, մահացած Դարյա Շիպիլովան լաբորատորիայում կոտրել է ժանտախտի հարուցիչը պարունակող փորձանոթը։ «Ռոսպոտրեբնադզորը» հերքում է այդ հաղորդագրությունները՝ պնդելով, որ Շիպիլովան մահացել է «չպարզված թոքաբորբից», նրա մոտ չեն հայտնաբերվել իր մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ, իսկ ինստիտուտում ախտածինների հետ աշխատանքի ընթացքում վթարներ չեն եղել։

Տեղական ԶԼՄ-ները, մինչդեռ, հայտնում են որոշ քաղաքային հիվանդանոցներում ու առնվազն մեկ ծննդատանը հայտարարված կարանտինի մասին։ Իրկուտսկի ալյումինի գործարանում հոկտեմբերի 3-ից բժշկական դիմակներ կրելու պարտադիր կարգադրություն է տրվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ժանտախտի կասկած Ռուսաստանում. որոշ հիվանդանոցներում կարանտին է սահմանվել