Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն այսօր համատեղ զննել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի վիճակը՝ գնահատելու այդ հատվածի տեխնիկական պիտանելիությունը՝ ենթակառուցվածքի վերականգնման համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով, հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Թե կոնկրետ ում միջև է եղել հանդիպումը, կառավարությունը չի հստակեցնում, միայն նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման շուրջ։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե դիմել է հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման վերցրած «Ռուսական երկաթուղիներին»՝ երկաթգծի այս հատվածը արագացված կարգով վերականգնելու համար։ Փաշինյանը միաժամանակ ընդգծել էր, որ եթե պարզվի՝ ռուսական կողմը այդ հատվածների վերականգման հետ կապված խնդիր ունի, Հայաստանի կառավարությունը կարող է դրանք հետ վերցնել ու նորոգել սեփական միջոցներով։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ ապաշրջափակումը իմաստ չի ունենա և չի աշխատի, եթե չապաշրջափակվի Երասխ-Սադարակ հատվածը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ռուսական երկաթուղիները», որ կառավարում է նաև հայկական երկաթգիծը, չի կարողանում պարտքերը մարել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի». Արարատ Միրզոյան