Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անպատասխան թողեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցը, թե ապաշրջափակման դեպքում ի՞նչ պայմաններով են Հայաստանի քաղաքացիները երթևեկելու Ադրբեջանով:

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվեց հունվարի 14-ին Վաշինգտոնում ընդունված հայտարարությունից, որով հստակեցվել է հայ-ամերիկյան TRIPP նախագծի իրականացման շրջանակն ու մանրամասները:

«Որևէ հստակեցում չկա, թե ՀՀ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով ի՞նչ պայմաններով են երթևեկելու, երկրորդ՝ ՀՀ քաղաքացիները կկարողանան Հայաստանի տարածքով անցնող երկաթգծից օգտվել, երրորդ՝ էներգետիկ ենթակառուցվածքները, որ կառուցվելու են, միանալո՞ւ են Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին և արդյոք մենք էլ Ադրբեջանի տարածքով հնարավորություն ունենալո՞ւ ենք դրան համարժեք ենթակառուցվածքներից օգտվել», - փորձեց պարզել ընդդիմադիր պատգամավորը:

Վարչապետը նշեց՝ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար. «Եվ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից»:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, անպատասխան թողեց հարցը, թե հայաստանցիներն Ադրբեջանի տարածքով ի՞նչ պայմաններով են անցնելու:

Անդրադառնալով Արթուր Խաչատրյանի այն շեշտադրմանը, որ հայ-ամերիկյան փաստաթուղթը չունի իրավական ուժ, Փաշինյանն ասաց՝ առաջիկայում համաձայնագրեր կգրվեն, որոնք խորհրդարանում կվավերացվեն:

ՀՀ-ԱՄՆ համատեղ փաստաթուղթը հաստատում է, որ Երևանը ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ գտնվող հատուկ ընկերությանը երկարաժամկետ բացառիկ իրավունքներ է տրամադրելու երթուղու նկատմամբ, որը Սյունիքի մարզով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։

Փաստաթղթում գրված է, որ կներդրվեն թվային գործիքներ՝ «անխոչընդոտ կապը դյուրացնելու համար»: Ըստ դրա՝ հաճախորդների առերես սպասարկումը, այսինքն՝ շփումը, կիրականացվի մասնավոր ընկերության աշխատակիցների միջոցով: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես:

Հայաստանցի սահմանապահներին ու մաքսավորները, ըստ ընտրված մոդելի, վերջնական որոշումների ու ձևակերպումների, անվտանգության ստուգման, զննման լիազորություններ կունենան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ TRIPP-ով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահներին հանդիպելո՞ւ են. վարչապետի մեկնաբանությունը