Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան»՝ առաջին հայկական ակումբը Եվրոպա լիգայի հիմնական փուլում

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» առաջին հայկական ակումբն է, որը կխաղա ՈՒԵՖԱ-ի երկրորդ ամենավարկանիշային թիմային մրցաշարի՝ Եվրոպա լիգայի հիմնական փուլում:

Նախօրեին կայացած երևանյան դրամատիկ հանդիպումը է՛լ ավելի դրամատիկ վերջաբան ունեցավ. առաջին խաղը 1:1 էր ավարտվել, այստեղ հիմնական ժամանակում թիմերը գոլ խփել չկարողացան: Ավելացված ժամանակում մրցավարը հայկական թիմի օգտին 11-մետրանոց նշանակեց, պորտուգալացի կիսապաշտպան Սանդրո Լիման նախ վրիպեց, մրցավարը խախտում տեսավ ու որոշեց՝ պետք է կրկնել, երկրորդ փորձը դարձյալ դիպուկ չէր, սակայն գնդակը հետ եկավ Լիմայի մոտ ու, ի վերջո, հանդիպման 98-րդ րոպեին պորտուգալացի կիսապաշտպանը խփեց հաղթական գոլը:

«Այս հաղթանակը կարևոր էր ոչ միայն «Արարատ-Արմենիայի» համար, այլ նաև հայկական ֆուտբոլի համար, որովհետև առաջին անգամ հայկական ակումբը որակավորվում է Եվրոպա լիգայում: Երբ եկա այս ակումբ, նպատակս այն էր, որ ֆուտբոլիստներս կարողանան իրենց առջև նպատակներ, երազանքներ դնել, հավատալ, հետո իրագործել», - հայտարարեց թիմի 54-ամյա գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան:

Տուլիպան ավելի վաղ ասել էր՝ հաղթանակի դեպքում կսափրվի, և խաղից հետո րոպեներ անց արդեն առանց մորուքի ներկայացավ մամուլի ասուլիսին:

«Նման պահերին մտածում եմ այն բոլոր մարդկանց մասին, որոնց ուրախացրեց այս հաղթանակը: Առաջին հերթին ես երկրի համար ուրախացա, հետո՝ ակումբի, որն ինձ վճարում է, և այն մարդկանց, որոնք հավաքվել էին ստադիոնում. նրանք փայլուն աջակցություն ցույց տվեցին, շատ բուռն», - նշեց մարզիչը:

Միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Արարատ-Արմենիայի» հաղթանակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար: Թող այն դառնա նոր՝ ավելի մեծ ձեռքբերումների և հաղթանակների սկիզբ», - հայտարարել է Մելիքբեկյանը:

Իրենց քաղաքական հակառակորդին պատկանող թիմի հաջողությամբ ուրախ է նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Պատմական օր հայկական ֆուտբոլի համար։ Ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին։ Հայաստանի չեմպիոն «Արարատ֊Արմենիան» Եվրոպա լիգայի հիմնական փուլում է», - հայտարարել է Ռուբինյանը:

Գործարարի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը ավելի կարճ գրառմամբ է անդրադարձել իրենց թիմի հաջողությանը. միայն երկու բառ է գրել՝ «Մեր ձևով»՝ կիրառելով այն արտահայտությունը, որից հետո եկեղեցուն պաշտպանած հորեղբայրը մեղադրյալ դարձավ:

Մոնակոյում այսօր կայացավ հիմնական փուլի վիճակահանությունը. Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» Երևանում կհյուրընկալի հոլանդական «ԱԶ Ալկմաարին» ու N.E.C-ին, Պրահայի «Սպարտային» ու սլովենական «Ցելյեին»: Արտագնա խաղեր կանցկացնի Միլանի «Միլանի» հետ, կուղևորվի նաև Ավստրիա ու կհանդիպի «Զալցբուրգին», լեհական Բելոստոկում կխաղա «Յագելոնիայի» հետ ու կմեկնի Պորտուգալիա՝ մրցելու «Տորրենսեի» հետ:

Հայկական ակումբի մրցակիցներից ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 2025-2026 մրցաշրջանի արդյունքներով ամենաբարձր հորիզոնականում «Միլանն» է՝ այս ակումբը 30-րդն է, ապա՝ «ԱԶ Ալկմաարը»՝ այս թիմը 35-րդն է: «Արարատ-Արմենիան» անցած մրցաշրջանի արդյունքներով այս վարկանիշային աղյուսակում 224-րդն է: Աղյուսակում 400-ից ավելի թիմ կա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայտնի են Եվրոպա լիգայի հիմնական փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցները«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի հիմնական փուլում է «Արարատ-Արմենիան» զիջեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»ՉԼ. «Արարատ-Արմենիան» տանը հաղթանակ տարավ Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» նկատմամբՉԼ. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ