Հայաստանի բողոքն ընդդեմ ռուսական սահմանափակումների Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նիստում քննարկվելու է հոկտեմբերին, իսկ որպեսզի որոշումն ընդունվի, անհրաժեշտ է կոնսենսուս, «Ազատությանը» հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Շաբաթասկզբին էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների տեղափոխման ընթացքում առկա սահմանափակումները որպես խոչընդոտ ճանաչելու նպատակով: Հայտնի չէ՝ արդյոք Հայաստանը նախկինում ևս նման բողոքներ ներկայացրել է ԵՏՀ, բայց առաջին անգամ է, որ հրապարակային հայտարարում է այս մասին:
«Ռուսաստանի սահմանափակումների հետ կապված նիստը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նախատեսված է հոկտեմբերին: Բայց եթե որոշ դիմումների դեպքում, օրինակ, 8 կողմ, 2 դեմ ձայներով կարող է որոշում ընդունվել, ապա այս դեպքում կոնսենսուս է անհրաժեշտ. եթե մի երկիր էլ վետո դնի կամ չհամաձայնի, որոշումը չի ընդունվի: Այսինքն՝ հեշտ չէ նման որոշում ընդունել»,- այսօր մանրամասնեց նախարարը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ունի 10 անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր երկրից՝ երկուական ներկայացուցիչ։ Կոլեգիայի նախագահը Ղազախստանի նախկին վարչապետ Բակիջան Սագինտաևն է, իսկ Հայաստանից անդամներն են տարբեր գերատեսչություններում նախկինում աշխատած Գոհար Բարսեղյանն ու Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Վարոս Սիմոնյանը։ Ստացվում է, որ որոշման ընդունման համար պետք է կողմ լինի նաև սահմանափակումներ կիրառող երկիրը՝ Ռուսաստանը:
Նախարար Պապոյանը նաև հայտնեց, որ անցած ամիսներին, բացի այս մի դիմումից, այլ դիմումներ ևս ներկայացրել են ԵՏՀ, որոնցից մեկով, ինչպես ասաց, անցնող օրերին արդեն որոշում է կայացվել:
«Մեկ դրվագով, որը ոչ թե սահմանափակումների, այլ սերտիֆիկատների հարցով է, ԵՏՄ հանձնաժողովը Ռուսաստանի մի գործողություն 8 կողմ, 2 դեմ ձայներով ճանաչել է որպես բարիեր, բայց այդ որոշումը վերջնական չէ. վերջին խոսքը վարչապետներինն է, այսինքն՝ բավական բարդ համակարգ է», - նշեց էկոնոմիկայի նախարարը:
Ռուսաստանը հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումներ սկսեց կիրառել հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ապրանքների ցանկը պարբերաբար ընդլայնվում է։ Հայաստանի պաշտոնյաները ամիսներ առաջ վստահ էին, որ հարցը կլուծվի, սակայն իրավիճակը չփոխվեց անգամ սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին բանակցություններից հետո։