«Հայաստան»-ն առաջարկում է նախագիծ, որը ՊՆ, ՆԳՆ և ԱԱԾ ղեկավարներին կպարտադրի ԱԺ-ում ներկայացնել Շաքիի դեպքի մանրամասները

ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան, արխիվ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նախագիծ ընդունել ու պարտադրել Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների ու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին խորհրդարան գալ ու հանրությանը ներկայացնել Շաքիում կատարվածի մանրամասները, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը հասել գյուղ ու ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչ գործողություններ են նրանք արել: Այժմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում այդ հարցն են քննարկում:

«Վստահեցնում եմ՝ առավոտվանից գիշեր հանրության տարբեր ներկայացուցիչներ այս հարցը և՛ օբյեկտիվ քննարկելու են, և՛ շահարկելու են: Մեր առաջարկը, որ հանձնաժողովով վերջակետ դրվի այս հարցերին, այստեղ հարցերը հստակեցվեն, և ոչ թե ով ինչ մտածի՝ ասի», - առաջարկը ներկայացրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Քանի որ այս դեպքով նախաքննությունն է, ընդդիմադիր պատգամավորներից մեկն ասաց՝ հնարավոր է վկայակոչեն նախաքննական գաղտնիքի արգելքը: Բայց եթե այդպիսի հարց լինի, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը շեշտեց, որ այդ դեպքում էլ քննարկումը այս հանձնաժողովում կարող է ընթանալ փակ գաղտնի ռեժիմով: Բայց, ըստ պատգամավորի, նախընտրելի է, որ իրավապահների գործողությունների վերաբերյալ հաշվետողականություն լինի հանրային, ոչ թե փակ ռեժիմով:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը, սակայն, ընդդիմության առաջարկին այսպես արձագանքեց. - «Ոչ մի պաշտոնյա, նույնիսկ Քննչական կոմիտեի նախագահը, չի կարող գալ այստեղ ու հարցերին պատասխան ու օբյեկտիվ գնահատական տա, քանի որ քննությունն ավարտված չէ: Պիտի սպասենք, հետո հրավիրենք՝ ինչ-որ բան իմանալու: Եթե գան ու հիմա բան ասեն, կանխակալ վերաբերմունք կլինի, որ կարող է վերածվել հանցագործության, ոչ մի կոպեկի արժեք չունի, որ հիմա հրավիրենք էստեղ»:

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, ով, ըստ Բաքվի, սեպտեմբերի 26-ին ինքնակամ լքել էր Լաչինի զորամասը, հոկտեմբերի 1-ին մտել է Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհու վրա՝ նրան ծանր վնասվածք պատճառելով: Նրան առաջինը իրենց տանը հայտնաբերել էին Անի Ավետիսյանի երեխաները: Մայրը, ըստ հարազատների, երեխաների պաշտպանելիս ոտքի և ձեռքի վնասվածքներ է ստացել: Այդ ընթացքում նաև Անի Ավետիսյանի որդու դաստակն է կոտրվել:

Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոր պաշտոնանկություններ՝ ադրբեջանցի զինվորի Շաքի ներթափանցման հետ կապված Ադրբեջանցի զինվորի կողմից հրազենային վիրավորում ստացած կինն ու երկու երեխաները տուժող են ճանաչվել Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ չի եղել. վարչապետ