Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել»: Այս մասին այսօր «Ազատությանը» հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը:
Իրավապաշտպանը նշեց, որ այդ մտահոգիչ տեղեկությունները թեև ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն, ըստ նրա, դրանք արժանահավատ են և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով:
«Ազատությունը» այս տեղեկությունը ինքնուրույն կամ այլ անկախ աղբյուրներից ստուգելու հնարավորություն չունի, քանի որ անցած տարի Բաքվում ադրբեջանական կողմի պահանջով փակվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը և միջազգային մի շարք այլ կառույցներ:
Սիրանույշ Սահակյան. - Ընտանիքները մեզ ևս հայտնում են վատթարացող առողջական վիճակի մասին տվյալներ, առանձին դեպքերում լուրջ ահազանգեր ունենք, և եթե այդ տվյալները ստույգ են, դրանք կարող են նաև կյանքի հետ անհամատեղելի լինել:
«Ազատություն». - Այսինքն ծանր դեպքեր ունե՞նք այս պահի դրությամբ:
Սահակյան. - Այո, նման ահազանգեր մենք ստացել ենք լուրջ վնասվածքների վերաբերյալ: Ինքնուրույն ստուգելու հնարավորություն չունենք, իհարկե չեմ կարծում, որ ընտանիքները ունեն շարժառիթ սխալ կամ սուտ տեղեկություն ներկայացնելու, այս պահին մենք վստահում ենք այդ տեղեկատվությանը:
«Ազատություն». - Ի՞նչ վնասվածքների մասին է խոսքը:
Սահակյան. - Այդ թվում կոտրվածքներ:
«Ազատություն». - Այսինքն բռնությա՞ն հետևանքով կոտրվածքներ:
Սահակյան. - Չենք բացառում: Պատճառները չենք կարող վեր հանել, բայց մի քանի ահազանգի պարագայում դա եղած առողջական վիճակի սրման ահազանգ է, բայց կան դեպքեր, որոնք բռնության կամ միջամտության տարրեր կարող են ենթադրել:
Հարազատները ևս ահազանգում են՝ հայ գերիների առողջական վիճակը օր օրի վատանում է
Այն, որ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների առողջական վիճակը օր օրի վատթարանում է, «Ազատությանն» ահազանգում են հենց գերիների հարազատները:
Անվտանգության նկատառումներից ելնելով ու հնարավոր ճնշումներից խուսափելու համար ադրբեջանական բանտում գտնվող գերիների հարազատները մեզ հետ զրույցում ներկայանալ չեն ուզում, բայց ահազանգում են՝ առանց բժշկական օգնության՝ տարիներով ադրբեջանական 4 պատի ներսում պահվող հայերի առողջական վիճակը օր օրի վատանում է:
Այդ մասին ոչ միայն գերիներն են բարձրաձայնում՝ ժամանակ առ ժամանակ հեռախոսով իրենց ընտանիքի անդամների հետ կարճ զրույցների ընթացքում, այլև հայերի դատավարությունների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցած կցկտուր տեսանյութերն են վկայում:
Գերիների ընտանիքները նաև այդ կադրերով են հասկանում՝ երբեմնի առողջ ու պինդ տղամարդիկ մի քանի տարվա մեջ հյուծվել են ու մաշվել:
«Շատ նիհարած ա, ոնց որ ոսկորն ու կաշին լինի, էն ներքևի ատամներն էլ չկան: Ինքը ճիշտ է՝ մեզ չի ասում, բայց դատավարության ընթացքում երևում ա, որ ներքևի ատամները չկան, ջարդած ա», - ասաց գերիներից մեկի հարազատը:
Մեկ այլ գերու հարազատ, ով ոչ միայն խուսափեց ներկայանալ, այլև ձայնագրվել, «Ազատությանը» պատմեց, որ հիմա բոլոր գերիներն են դժգոհում իրենց առողջական վիճակից. «Զանգեց, ասեց՝ «վատ ենք, բոլորս ենք վատ, մեկը սրտից է բողոքում, մեկը գլխից է բողոքում, մենք լրիվ անտեսված ենք»:
Օրերս «Ազատության» հետ զրույցում արդեն վեց տարի ադրբեջանական բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի կինն էր նաև ահազանգել՝ ամուսնու առողջական վիճակը վերջին ամիսներին կտրուկ վատացել է:
19 հայ գերիների մի մասը, որ արդեն 6 տարի, մյուս մասը շուրջ 3 տարի ադրբեջանական բանտերում են պահվում, հարազատների փոխանցմամբ, զրկված են բժշկական ստուգումներ անցնելու հնարավորությունից:
Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասում է, որ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություն չկա, քանի որ միջազգային կառույցների միջնորդությամբ՝ անկախ բժիշկների հասանելիություն հայ գերիները չունեն: Հետևաբար ընտանիքներից ստացված տեղեկությունները փաստագրվում են և ներկայացվում են այն կառույցներին, որոնք կարող են որևէ դերակատարում ունենալ:
Իրավապաշտպանի խոսքով՝ այդ կառույցները խնդրում են միջամտել, կամ դիվանագիտական երկխոսության ճանապարհով այս հարցերը դարձնել քննարկումների առարկա:
Ի դեպ, մինչև օգոստոսի 31-ը Ադրբեջանը պարտավոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հաշվետվություն ներկայացնել հայ գերիների պահման, ներառյալ առողջական վիճակի մասին: Բժշկական այդ փաստաթղթերը, Սիրանույշ Սահակյանի խոսքով, կհամադրվեն ընտանիքներից ստացված տվյալների հետ:
Իրավապաշտպանն ասում է, որ Եվրոպական դատարանը թեև չի կարող պարտադրել Ադրբեջանին՝ ապահովել անկախ բժիշկների հասանելիություն, սակայն պարտավորեցնում է Բաքվին ապահովել գերիների առողջությունն ու անձեռնմխելիությունը և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վտանգի տակ կդնեն նրանց կյանքը: Նաև այդ նպատակով է Եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջում բանտերում պահվող հայերի բժշկական փաստաթղթերը:
Օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ էր արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: Ադրբեջանական կողմի պատասխանը չուշացավ: Միլի Մեջլիսը բողոք հայտնեց՝ պնդելով, որ այդ բանաձևում անհիմն մեղադրանքներ են տեղ գտել և փաստաթուղթը հայկական լոբբիի օգնությամբ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ է: