Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ պետական ճնշումները սաստկանում են. այսպիսի ահազանգ են հնչեցնում Վիեննայից՝ «Կրոնական ազատության եվրոպական ֆորում» կազմակերպությունից:
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, իրականացրել է մի շարք ագրեսիվ քայլեր՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու դեմ, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում խղճի և կրոնի ազատության խախտումների վերաբերյալ մի երկրում, որը հպարտորեն իրեն համարում է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին պետությունը», - ասված է հայտարարությունում:
Կրոնական ազատության եվրոպական ֆորումը մի քանի դրվագ է առանձնացրել՝ պաշտպանության նախարարի հրամանը Զինված ուժերում հոգևոր ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ և դրան նախորդած տեղեկությունը, որ գնդերեցները հրաժարվել են միանալ իշխանության նախաձեռնած եկեղեցու բարենորոգման արշավին, Եպիսկոպոսական ժողովի տապալմանն ուղղված քայլը. 6 եպիսկոպոսներին որպես մեղադրյալ ներգրավելն ու նրան նկատմամբ երկրից բացակայելու արգելքը նույնպես արժանացել է կազմակերպության ուշադրությանը:
«Սա հաջորդում է Գերագույն հոգևոր խորհրդի անդամների Քննչական կոմիտե ներկայանալու պահանջներին՝ «դատարանի ակտի կատարումը խոչընդոտելու» մեղադրանքով, ինչը դիտարկվում է որպես քաղաքական դրդապատճառներով միջամտություն եկեղեցական կառավարմանը», - ընդգծում է կազմակերպությունը:
Պետության աննախադեպ միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը, հիշեցնում է խորհրդային ժամանակները, հայտարարում է աշխարհի տարբեր անկյուններում կրոնական ազատության խախտումները փաստագրող միջազգային կազմակերպությունը: Նախագահ Յան Ֆիգելն ընդգծել է՝ հակաեկեղեցական այս գործելակերպն անընդունելի է իրավական, քաղաքական և էթիկական առումներով, վնասակար ոչ միայն եկեղեցու, այլ նաև երկրի ու ազգի համար:
Նախօրեին եկեղեցու, հոգևորականների դեմ շարունակվող հալածանքների մասին էին ահազանգել «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները: Նրանք նոյեմբերին էլ էին Հայաստանում, մասնակցեցին իշխանության նախաձեռնած աղոթքի նախաճաշին, հիմա վերադարձել են է՛լ ավելի տագնապով: Հոգևորականների նկատմամբ հալածանքները սրվում են, ահազանգում է կազմակերպության նախագահ Ջոն Էյբները: Խումբը երեկ Մայր Աթոռ՝ Կաթողիկոսի հետ հանդիպելու էր գնացել:
«Տեսանք, որ նա ամուր ու վճռական է՝ պաշտպանելու իր հոտին ու կատարելու իր պարտականությունները», - հայտարարեց Էյբները:
Պատվիրակությունը նաև Ազգային անվտանգության ծառայության շենքում արքեպիսկոպոս Գալստանյանի հետ է հանդիպել, նրանից ստացած նամակը հրապարակեցին՝ ուղերձ է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ու Վաշինգտոնում անցկացվող Վեհաժողովի մասնակիցներին. - «Կոչ եմ անում Վեհաժողովին երեք խնդրանք փոխանցել փոխնախագահ Վենսին նրա Հայաստան ու Ադրբեջան այցին ընդառաջ: Առաջինը՝ Ադրբեջանի նախագահին ու Հայաստանի վարչապետին հստակ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Հայ Առաքելական եկեղեցու դեմ շարունակական հալածանքները: Երկրորդ՝ առաջնորդներին հորդորել՝ ազատ արձակել իրենց քաղբանտարկյալներին, մասնավորապես՝ Բաքվում պահվող հայ պատանդներին և Հայաստանում բանտարկված չորս եկեղեցականներին ու նրանց կողմնակիցներին: Վերջում՝ Մայր Աթոռը ներառել որպես երկխոսության գործընկեր հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացում»:
Նահանգների փոխնախագահի երևանյան այցի հետ հույսեր է կապում նաև Կրոնական ազատության եվրոպական ֆորումը. կոչ են անում, որ նա տարածաշրջանային կայունության խնդիրների հետ մեկտեղ հակաեկեղեցական արշավի դադարեցման հարցը քննարկի:
Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ ավելի վաղ մտահոգություն էր հայտնել նաև Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, իր զորակցությունը հայտնել եկեղեցուն:
Չնայած աշխարհի տարբեր անկյուններից հնչող մտահոգություններին՝ իշխանության հռչակած բարենորոգման օրակարգը, որի մեխը Վեհափառի հեռացումն է, օր-օրի նորանոր դրսևորումներ է ստանում:
«Ես գործում եմ առաջին հերթին որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ». - Հայաստանի վարչապետն այսպես է արձագանքում այն հարցադրումներին, որ Սահմանադրությամբ պետությունն ու եկեղեցին անջատ են, ներեկեղեցական գործերի մեջ պետության ղեկավարը խառնվելու իրավունք չունի: Նիկոլ Փաշինյանը, սակայն, եկեղեցու բարենորոգման վերաբերյալ թղթի տակ ստորագրել է որպես վարչապետ, վարչապետական կաբինետից բազմիցս Կաթողիկոսին պաշտոնանակ է հռչակել, նրա մասին խոսում է միայն աշխարհիկ անունով: Չեղյալ է հռչակում Վեհափառի բոլոր որոշումները այս կամ այն հոգևորականին պաշտոնանկ կամ կարգալույծ անելու մասին:
Սահմանադրության ո՞ր հոդվածով է վարչապետը որոշում, թե ով խորան բարձրանա, լրագրողներն են այսօր հարցրել արդարադատության նախարարին:
«Այդպիսի լիազորություն չկա, և ոչ մեկ չի ասել, որ այդպիսի լիազորություն կա», - հարցին արձագանքել է Սրբուհի Գալյանը:
Վարչապետը ոչ թե իր լիազորություններն է անցնում, այլ մտահոգված է՝ սա է նախարար Գալյանի բացատրությունը, պետք չէ քառակուսիացնել, ասել է նա. - «Երբ որ մարդը պաշտոնատար անձ է, մարդ չի՞»:
«Մենք ոչ թե եկեղեցու գործերին ենք խառնվում, այլ բարձրաձայնում ենք անբարեխիղճ եկեղեցականների մասին որպես եկեղեցու հետևորդներ», - շարունակել է բացատրել արդարադատության նախարարը: Այդ դեպքում ինչո՞ւ են ԱԱԾ-ականներին ու ոստիկաններին խառնում եկեղեցու բարենորոգման գործին, դա է՞լ է բարձրաձայնել. Սրբուհի Գալյանը լրագրողի այս հարցին չի պատասխանել:
«Մենք չենք երկխոսում, մենք չենք երկխոսում, ֆորմատը այդպիսինը չէ, ֆորմատը այդպիսինը չէ», - հայտարարել է արդարադատության նախարարը: