«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խայտառակություն է որակում ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերը, կալանքները:
Այսօր քվեարկությունից հետո լրագրողները նրանից հետաքրքրվեցին Հակակոռուպցիոն կոմիտեի երեկվա հաղորդագրության մասին, համաձայն որի՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, «ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին»։
«Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսն էր, ամբողջ օրը ինչ-որ ձայնագրություններ էր տարածում, տպավորություն է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են՝ տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում: Ես այդպիսի բան չեմ հիշում, որ հարյուրավոր մարդկանց վրա՝ բոլորն անխտիր ընդդիմադիր, քրեական գործեր, տնային կալանքներ, սա ուղղակի խայտառակություն է», - նշեց նա:
Կոմիտեն հունիսի 6-ին հայտնել էր, որ ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով ձերբակալվել է 194 անձ: Կառույցի տվյալներով՝ քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ։ 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ ընտրվել են կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ սա վախ սերմանելու նպատակ ունի:
Նա հավելեց՝ նախորդ գումարման խորհրդարանում իրենց մանդատները բավարար չէին նպատակին հասնելու համար, իսկ այս անգամ ռադիկալ փոփոխություններ են լինելու:
Հարցին, թե գործող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանգիստ կհեռանա՞, եթե ժողովուրդն այպես որոշի, Քոչարյանը պատասխանեց. «Եթե չգնա, շատ վատ է ավարտվելու»։