Հարուցվել է քրեական գործ. մանրամասներ Աջափնյակում կրակոցների մասին

Օրը ցերեկով Երևանում երեկ հնչած կրակոցների վայրում այսօր դեռ թարմ էին արյան հետքերը: Հրաձգությունը տեղի է ունեցել բնակելի շենքերի և ավտոտնակների հատվածներում, նախնական տվյալներով, շուրջ 30 տղամարդու մասնակցությամբ։

8 մարդ տեղափոխվել էր Երևանի տարբեր հիվանդանոցներ: 45-ամյա տղամարդը հենց վիրահատարանում երեկ մահացել է, տուժածներից մեկը դուրս է գրվել, մյուս 6-ը դեռ հիվանդանոցներում են:

«Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանի խոսքով՝ իրենց հիվանդանոցում գտնվող 5 տուժածի կյանքին վտանգ չի սպառնում. «Բոլորը վիրահատվել են: Այսօրվա դրությամբ բոլորի վիճակն արդեն կայուն է, բոլորի հեմոդինամիկ ցուցանիշները կայունացել են, այսինքն, արյան ճնշում և այլն, ու կյանքին սպառնացող որևէ դեպք չունենք: Նույնիսկ կարող եմ ասել, որ հինգ հոգի են մնացել հիվանդանոցում, որովհետև մեկը տուն է գնացել»:

«Ազատության» հարցին՝ հիմնականում ի՞նչ վնասվածքներ ունին ու տղամարդը, որ մահացել է, ի՞նչ խնդիր ուներ, Կուրղինյանը պատասխանեց. «Կրծքավանդակի, որովայնի շրջանում տարբեր տեսակի վնասվածքներ, հրազենային տարբեր վնասվածքներ էին, իսկ մահացածի մոտ ավելի շատ որովայնի շրջանի վնասվածք էր, որը բերել էր որովայնի խոռոչի օրգանների, մասնավորապես, լյարդի լրիվ քայքայման կամ վնասման»:

Երեկվանից մամուլում մի քանի վարկած է շրջանառվում՝ սիրային հարցերից մինչև կենցաղային վեճ կամ վրեժխնդրություն: Մոտ 1.5 տարի առաջ այս նույն վարչական շրջանում՝ Աջափնյակում ու կրկին բնակելի շենքերի հարևանությամբ, հրազենով սպանվել էր քրեական հեղինակություն, «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանը։ Արդյոք երեկվա դեպքը դրա շարունակությո՞ւնն է, իրավապահները չեն մանրամասնում:

Քննչական կոմիտեից միայն հայտնում են՝ հարուցվել է քրեական գործ՝ սպանության, խուլիգանության և ապօրինի հրազեն պահելու մեղադրանքով: Ներքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է՝ բոլոր մասնակիցների շրջանակը պարզվել է, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

«Ազատության» տեղեկություններով՝ 6 մարդ ձերբակալվել է, նրանցից մի քանիսը ոստիկանության բաժին են տեղափոխվել հենց Արմենիա ԲԿ-ից: Հիվանդանոցում տուժածների հարազատներն ու ընկերները խուսափում էին տեսախցիկից, լռում կատարվածի մասին:

Իսկ Աջափնյակի Աբելյան փողոցի բնակիչները դեռ սարսափած են ու զայրացած:

Օրերս ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էր իր ասուլիսում պնդել, թե 2024-ի համեմատ անցած տարի Հայաստանում կատարված հանցագործությունների և հարուցված վարույթների թիվը 3,2 տոկոսով նվազել է: Այս ցուցանիշն, ըստ նախարարի, վկայում է ներքին անվտանգության մակարդակի բարձրացման մասին:

Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Քոչարյանը, որ հիմա փաստաբանական գործունեություն է ծավալում, պնդեց՝ վիճակագրական այդ տվյալները չեն խոսում ոստիկանների ոչ լավ, ոչ էլ վատ աշխատանքի մասին. «Ասել, թե մի տարվա կամ երկու տարվա կտրվածքով ինչ-որ հանցատեսակով նվազում կա, որովհետև լավ են պայքարում այդ հանցատեսակի դեմ, պատշաճ հիմնավորում չունեցող թեզեր են»:

«Աջափնյակի դեպքը խմորվող գործընթացի կուլմինացիան էր»

Երկար տարիներ համակարգում աշխատած Քոչարյանը ենթադրում է, որ Աջափնյակի դեպքը խմորվող գործընթացի կուլմինացիան էր: Նրա գնահատմամբ՝ ոստիկանությունն անուշադրության է մատնել այդ ողջ ընթացքում շրջանառված ինֆորմացիան։ Քոչարյանը նշում է, որ սա տեղում ծագած վեճ չէր, օրը ցերեկով մի քանի տասնյակ զինված տղամարդիկ հանկարծ չեն սկսում իրար վրա կրակել:

«Ես նայում եմ՝ ոստիկանության կողմից պարբերաբար ինչ-որ ընդհանուր պրոֆիլակտիկային ծրագրեր են մշակվում ու մատուցվում, բայց ես նկատի ունեմ անհատական պրոֆիլակտիկա: Ցանկացած համայնքում կրիմինալը տեսանելի է, եթե նույնիսկ բացահայտ հանցագործություն չի անում, պոտենցիալ հանցանքի տարրերի շրջանակը տեսանելի է ոստիկանության համար: Նրանց ականջները ինչ-որ մի տեղ միշտ երևում են ու հեչ պարտադիր չի մարդ սպանեն, որ տեսանելի լինեն: Այս կոնտինգենտը պետք է դառնա ոստիկանության ամենօրյա ներգործության օբյեկտը: Հիմա այս օբյեկտի վրա ազդելու օրենսդրական լծակները բավարար չեն, 25 տարվա օրենքով չես կարող ոստիկանությանը տանել ռեալ ռեֆորմի», - ասաց Հովհաննես Քոչարյանը:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ վերջին հինգ տարիներին հանրապետությունում հանցավորության ցուցանիշները զգալի աճ են արձանագրել․ ավելացել են թե՛ ընդհանուր հանցագործությունների, թե՛ հրազենի կիրառմամբ դեպքերի, թե՛ սպանությունների թվերը։

Եթե 2020-ին հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը 26 468 էր, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է 46 337-ի։ Այսպիսով, վերջին հինգ տարիների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է շուրջ 75 տոկոսով։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 83 տոկոսով էլ վերջին 5 տարիներ ընթացքում աճել է հրազենով հանցագործությունների թիվը: 2020-ին այդպիսի 83 դեպք էր գրանցվել, 2025-ին՝ 152: