Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող

Հայաստանի կառավարությունը մտադիր է 5 տարի շարունակ իր վրա վերցնել պատգամավոր Իշխան Զաքարյանի հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրով նախատեսված կառուցապատման տարեկան վճարը. այդ գումարը կկազմի ավելի քան 165 միլիոն դրամ։ Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում։

Զաքարյանը մտադիր է սպորտային ավան կառուցել Ջրվեժում՝ հենց անտառպարկում։ Դրա համար տարածքը կառավարությունը տրամադրել էր անցած տարի՝ արագացված կարգով։ Հիմա էլ գործադիրը որոշեց մուծել իր իսկ տրամադրած տարածքի կառուցապատման վճարը՝ ազատելով Զաքարյանին ներդրումային ծրագրի որոշակի ֆինանսական բեռից։

Անտառպարկի 23 հեկտարը՝ Իշխան Զաքարյանին

Անցած օգոստոսին կառավարությունը որոշեց Երևանի մերձակա «Ջրվեժ» անտառպարկի տարածքից ավելի քան 23 հեկտար հատկացնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հասարակական կազմակերպությանը, որի նախագահը Իշխան Զաքարյանն է։ Վերջինս այժմ անկախ պատգամավոր է, սակայն 2021-ին խորհրդարան էր մտել Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով, ապա՝ ամիսներ անց լքել ընդդիմադիր խմբակցությունը։

Կառավարությունը անտառային պարկի հսկա տարածքը տրամադրել է, որպեսզի Զաքարյանի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ սպորտային ավան կառուցի։ Ըստ նախագծի՝ այս ավանում պետք է ապրեն Համահայկական խաղերի՝ Հայաստան ժամանող մասնակիցները. նախատեսվում է տարածքում կառուցել 600 տնակ, բժշկական կենտրոն, լեռնադահուկային ուղի, ճոպանուղի, մարզասրահներ, հեծանվահրապարակներ և այլն։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կառավարությունը գնահատել է մոտ 20 միլիարդ դրամ, որը ներդնելու են «գործընկեր կազմակերպություններն ու անհատները»։ Ներդրումային ծրագիրը պետք է ավարտվի 13 տարի անց՝ 2038-ին:

Կառավարությունը կվճարի Զաքարյանի ՀԿ-ի փոխարեն

Կառավարության որոշման հիմնավորումներից տեղեկանում ենք, որ «Ջրվեժ» անտառպարկի ավելի քան 23 հեկտար տարածքի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմելու է 24.5 միլիոն դրամ՝ հիմք ընդունելով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հաշվարկի բանաձևը։ Գործադիրը հիմնավորել է, թե «ծրագրի իրականացման սկզբնական փուլը ենթադրում է զգալի նախապատրաստական աշխատանք ու կապիտալ ներդրումներ…դեռևս առանց գործունեությունից համարժեք եկամուտների ձևավորման»։ Ու քանի որ ներդրողը այս փուլում եկամուտ չի ստանում, կառավարությունը որոշել է կառուցապատման իրավունքով հողի տրամադրման տարեկան վճարի բեռը վերցնել ՀԿ-ից և 5 տարի՝ 60 ամիս, պետական աջակցության հատուկ մեխանիզմ ներդնել։ Սա ենթադրում է 24.5 միլիոն դրամի (մոտ 65 000 դոլարի) աջակցություն։

Երկրորդ ուղղությունը, որով կառավարությունը նախատեսում է փոխհատուցում տրամադրել, անտառային հողերը Զաքարյանի ՀԿ-ին տրամադրող «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին է վերաբերում. ըստ որոշման՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխարեն տարեկան կառուցապատման վճարը վճարելուց հետո ՊՈԱԿ-ը ևս պետք է հարկ վճարի՝ տարեկան 9.8 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ և 3.5 միլիոն դրամի շահութահարկ։ Ընդհանուր՝ տարեկան 13 միլիոն դրամը ևս կվճարի կառավարությունը։

Երևանից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող անտառպարկը հիմնադրվել է մոտ կես դար առաջ՝ 1977 թվականին՝ Երևանի էկոլոգիական վիճակի առողջացման նպատակով։ Այս տարածքում են աճում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված անհետացող ու հազվագյուտ 21 բուսատեսակներ։

«Հետք»-ը նոյեմբերին ներդրումային ծրագրի վերաբերյալ զրուցել էր Իշխան Զաքարյանի հետ, ով վստահեցրել էր՝ կառուցապատումն իրականացվելու է պարկի այն տարածքում, որտեղ անտառ չկա: «Անտառին որևէ մեկը չի կպնում, որևէ ծառ չի վնասվում, որևէ բան չի խաթարվում, ընդհակառակը՝ անտառազուրկ, ամայի տարածքը սարքելու ենք անտառ»,- վստահեցրել էր նա ու ասել, որ տարածքում 20 հազար ծառ է տնկվելու։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին հատկացված տարածքը ներառում է նաև անտառպարկի ոռոգման համակարգի մի մասը։ Զաքարյանն ասել էր, որ մտադիր են ոռոգման նոր համակարգ ներդնել։

Ո՛չ կառավարության կողմից, ո՛չ ՀԿ-ի կողմից դեռ չի բացահայտվել, թե ովքեր են ֆինանսավորելու այս ներդրումային նախագիծը, խոսվում է միայն սփյուռքահայ բարեգործների ներգրավվածության մասին։

Այսօր կառավարությունում հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ անտառպարկի տարածքում այս ծրագրի իրականացմանը. «Սա դե յուրե անտառային հող էր, բայց երբ մենք դա ուսումնասիրում ենք, այնտեղ քար ու քռի տրամաբանության մեջ գտնվող հող է…..ֆունկցիոնալ առումով ես գնահատականները կարդացել եմ։ Այն տեղերում, որտեղ հողերը անտառային նշանակության են, մենք նույնիսկ փոքր ներդրումները արգելափակում ենք, որը պրոբլեմ է։ Չվնասելով որևէ համակարգի՝ մենք պիտի այստեղ վերագնահատում ու քարտեզագրում անենք»:

Ծրագրին կողմ արտահայտվեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նաև հայտարարեց՝ ոչ ոք չի կարող անտառի պահպանմամբ ավելի շահագրգռված լինել, քան այն անձը, որը, օրինակ, 10 միլիոն դոլար է ներդնելու այնտեղ։

Ե՛վ ներդրող, և՛ ապօրինի ծագում ունեցող գույքի պատասխանող

Իշխան Զաքարյանը մի կողմից կառավարության աջակցությամբ ներդրումային ծրագիր է իրականացնում, մյուս կողմից՝ Գլխավոր դատախազության կողմից կասկածվում ապօրինի ծագմամբ գույք ունենալու մեջ։ 2024-ից դատախազությունը պահանջում է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Զաքարյանից ու նրա ընտանիքի անդամներից բռնագանձել 1 անշարժ գույք Կոտայքի մարզում, երկու անշարժ գույք Երևանում, 2 ընկերություններում մասնակցություն, ավելի քան 43 մլն դրամի ավանդներ։ Զաքարյանի գույքերի վրա 755 միլիոն դրամի չափով արգելանք է դրվել։ Դատաքննությունը դեռ շարունակվում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աժ նիստերից տարիներով բացակայող Իշխան Զաքարյանը և՛ աշխատավարձ է ստանում, և՛ պարգևավճար

Ընդ որում, քրեական այս գործը հարուցվել էր նախորդ ընտրություններից անմիջապես հետո՝ 2021-ի հուլիսին։ Թեև ԿԸՀ-ն այդ ժամանակ արդեն ամփոփել էր ընտրությունների արդյունքներն ու բաշխել մանդատները, դատախազությունը ընդդիմադիր Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ այդպես էլ ԱԺ չմտավ։ Փոխարենը ամիսներ անց՝ նոյեմբերին, ինքը՝ Իշխան Զաքարյանը, հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից դուրս գալու մասին։ Արդյունքում, 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում առանձնացավ մեկ «անկախ» ձայն, որը վճռորոշ նշանակություն ուներ ՔՊ-ի համար սահմանադրական մեծամասնությամբ ընդունվող որոշումների դեպքում։ Օրինակ՝ ՀՀ նախագահի ընտրության ժամանակ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահում էր նիստը և չէր կարող քվեարկել, հենց Զաքարյանն օգնեց, որ ապահովվի անհրաժեշտ 71 ձայնը։ ՔՊ թեկնածու Վահագն Խաչատուրյանն ընտրվեց՝ իշխանական 70-պատգամավորների և անկախ Իշխան Զաքարյանի ձայներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իշխան Զաքարյանը լքում է «Պատիվ ունեմ» խմբակցությունը, հայտարարում` գործելու է ընդդիմադիր դաշտում

Տարիներ անց՝ 2024-ի հունիսին, սակայն, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրերին ընդդիմությունը սկսեց քննարկել վարչապետ Փաշինյանի պաշտոնանկության հարցը, Զաքարյանը նրանց պակասող մեկ ձայնը այդպես էլ չապահովեց։ Իմփիչմենթի նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ էր 35 քվե, ընդդիմությունն ուներ 34։ Զաքարյանն այդ օրերին «անհետացավ»՝ ոչ խորհրդարան էր գալիս, ոչ էլ լրագրողների զանգերին արձագանքում։ Ճիշտ այդ ժամանակ հայտնի դարձավ, որ երեք տարի առաջ նրա նկատմամբ հարուցված փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու քրեական գործը կարճվել է։ Թե ինչ հիմքով՝ հայտնի չդարձավ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իշխան Զաքարյանի նկատմամբ երեք տարի առաջ հարուցված քրեական հետապնդումը դադարեցված է. դատախազություն

Ի դեպ, Իշխան Զաքարյանը լիազորություններն ավարտող այս խորհրդարանի ամենաշատ բացակայող պատգամավորն էր։ «Ազատություն»-ը գրել էր, որ այս բացակայությունները ԱԺ նախագահի կողմից համարվել են հարգելի, և Զաքարյանը մյուս պատգամավորների պես լիարժեք աշխատավարձ, ավելին՝ պարգևավճարներ է ստացել՝ չմասնակցելով նիստերին։

2024-ին Զաքարյանը պարգևատրվել էր նաև Ռուսաստանի նախագահի կողմից։ Պուտինը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին արժանացրել էր «Բարեկամության» շքանշանի՝ Ռուսաստանի և Հայաստանի մերձեցման, համագործակցության խորացման ու մշակույթի տարածման համար։


Մկրտիչ Կարապետյան