ՀԱՊԿ-ում «մանրամասն կքննարկեն Հայաստանի անդամակցության հեռանկարը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահում է ՀԱՊԿ գագաթնաժողովը, 28 հոկտեմբերի, 2022թ.

Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հետագա անդամակցության հեռանկարը կազմակերպության բարձրագույն ղեկավարությունը մանրակրկիտ կքննարկի, ըստ ՏԱՍՍ-ի՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում հայտարարել է ՀԱՊԿ մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը։ Թե երբ և որտեղ է այս հարցը քննարկվելու, Վասիլևը չի հստակեցրել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, թե իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Նա նշել էր, որ եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։

Իսկ հարցին՝ Հայաստանը շարունակելո՞ւ է չվճարել անդամավճարները կառույցին, թե՞ հնարավոր է առաջիկայում վերանայել դիրքորոշումը, Փաշինյանը պատասխանել էր․ «Չենք պատրաստվում որևէ բան փոխել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն ՀՀ-ին հեռացնել՝ ստիպված կլինենք որոշումն ընդունել ի գիտություն. Փաշինյան

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքը։ 2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց վճարել նաև անդամավճարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀԱՊԿ երկրները համաձայնել են քննարկել Հայաստանի նկատմամբ քայլերը. Լավրով