Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ներկա չէր իր ղեկավարած կուսակցության 5-րդ համագումարին, բայց ուղերձ էր հղել՝ նշելով՝ կանխազգացում ունի, որ ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում երկրում կապիտալ վերանորոգում է տեղի ունենալու: Տեր-Պետրոսյանի ուղերձն ամբիոնից հնչեցրեց Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Ավետիս Ավագյանը.
«Ես հիանում եմ ձեր ակտիվությամբ, գրագետ և համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, ֆեյսբուքյան փայլուն գրառումներով: Գնահատում եմ նաև դաշինքներ ձևավորելու ուղղությամբ ձեր թափած ջանքերը; Իմ նախազգացումով՝ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»:
Համագումարին հրավիրված էին ընդդիմադիր քաղաքական ուժերի մի քանի ներկայացուցիչներ: Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ելույթ ունեցավ Արթուր Միքայելյանը, «Լուսավոր Հայաստան»-ից՝ կուսակցության ղեկավար, Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հիմնած «Նոր ուժ» կուսակցությունից՝ մայրաքաղաքի ավագանու անդամ Արամ Թորոսյանը, իսկ «Ապրելու երկիր»-ից՝ նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը:
Հյուրերի ելույթներից հետո ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը Կառավարության նիստերի դահլիճի ամբիոնից հայտարարեց՝ ոգևորության հատուկ առիթ է այն, որ պատմական այս դահլիճում է 1990-ին հրապարակվել Հայաստանի Անկախության հռչակագիրը:
«Բավականին ոգևորված եմ էն մթնոլորտով, որ այսօր տիրում է այս դահլիճում: Հնչած ելույթները ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ էն համախմբումը, էն կոնսոլիդացիան, որի մասին մենք խոսում էինք, բավականին իրատեսական է», - հայտարարեց Զուրաբյանը:
Թեև ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, այդուհանդերձ, ընտրություններից երեք ամիս առաջ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր՝ «պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»: «Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը որոշեց պաշտպանել Կարապետյանին», - «Ազատություն»-ը հարցրեց Զուրաբյանին:
«Տեր-Պետրոսյանը փորձում է վերկուսակցական դիրք ստանձնելով՝ նպաստի կոնսոլիդացիայի կայացմանը, բայց մեր ընտրարշավում, բնականաբար, մենք մեր ծրագիրն ենք ներկայացնում, և մենք վստահ ենք, որ մեզնից լավ դա ոչ մեկ չի իրականացնի: Ուրիշ բան, որ Տեր-Պետրոսյանը համարում է, և երևի ճիշտ է համարում, որ համախմբման գործը ավելի լավ կարող է անի հենց Սամվել Կարապետյանը», - ասաց ՀԱԿ փոխնախագահը:
Այսօրվա համագումարին Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ժողովրդավարական ու ռացիոնալ ուժերի հետ։ «Ազատություն»-ը Զուրաբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ձևաչափով են պատկերացնում այդ կոնսոլիդացիան, եթե Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է, որ դաշինքով չեն մասնակցելու ընտրություններին:
Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն նաև պնդեց՝ իրենք կա՛մ գնում են միայնակ, կա՛մ միասնական դաշինքով:
«Միասնական դաշինքի ցուցակը կազմվում է մասնակցող կուսակցությունների առանձին կազմված ցուցակներից, այսինքն՝ ամեն կուսակցություն մասնակցում է իր ցուցակով: Մենք էլ մեր ցուցակով կմասնակցենք, եթե լինի դաշինք: Երկու դեպքում էլ մասնակցում ենք Հայ ազգային կոնգրեսի ցուցակով, մի դեպքում՝ որպես առանձին քաղաքական ուժ մասնակից, մյուս դեպքում՝ որպես դաշինքի մաս կազմող կուսակցության ցուցակով», - նշեց Լևոն Զուրաբյանը:
Լրագրողները Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ ձևաչափով է «Ուժեղ Հայաստան»-ը պատկերացնում ՀԱԿ-ի առաջարկած կոնսոլիդացիան, հնարավո՞ր է արդյոք, որ «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ՀԱԿ ներկայացուցիչներ ընդգրկվեն, արդյո՞ք Կարապետյանի թիմի հետ այդպիսի հարցեր քննարկվել են: Նա այս հարցերին հստակ պատասխան չտվեց:
«Վերջերս հայտարարություն արեցինք, որ քննարկումներ ունենք արտախորհրդարանական ուժերի հետ: Էս պահին դեռ որևիցե համագործակցություն չկա, կան քննարկումներ, ավելի հստակ հավելյալ հայտարարություններ կանենք, եթե լինեն համագործակցություններ», - ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ ձևաչափը ևս հավելյալ կներկայացնեն:
«Ոնց ենք ներկայանում, ինչ ենք անում՝ հավելյալ կներկայացնենք: Ինչպես Նարեկ Կարապետյանը ասեց՝ ում անցյալի հետ կապված մենք հարցեր չունենք, մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, և գնում ենք ընտրությունների՝ ունենալու համար ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ», - նշեց Կարապետյանի թիմակիցը՝ խոստանալով. - «Բոլոր մանրամասները կներկայացնենք, երբ ավարտենք բոլոր քննարկումները»:
Համագումարի ընթացքում Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով իրենց անելիքներին, ասաց՝ Հայաստանն արտաքին քաղաքականությունում պետք է պահպանի հավասարակշռված, բազմավեկտոր մոտեցում և չմիանա Արևմուտք–Արևելք հակամարտող ճամբարներից որևէ մեկին՝ զարգացնելով հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ։
ՀԱԿ-ն առաջարկում է վերադառնալ կիսանախագահական համակարգին, դադարեցնել քաղաքական հետապնդումները։
«Հայ ազգային կոնգրեսը իր գերագույն նպատակն է համարում Հայաստանի և հայ ժողովրդի ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը, այդ շահերին սպառնացող հակամարտությունների կարգավորումն ու երկարատև և կայուն խաղաղության հաստատումը», - հայտարարեց Զուրաբյանը:
Մինչ ընդդիմությունը համարում է, որ երկրի անվտանգային խնդիրը լուծված է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանը և՛ անվտանգ է, և՛ ապահով:
«Էսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք: Հիմա մենք առերեսվում ենք մեր պատմության, մեր իրականության և մեր անելիքների հետ: Էդ ճանապարհին վերանայումներ կանենք: Բայց ժամանակին մի կարգախոս կար՝ «Մենք ենք տերը մեր երկրի», էդ կարգախոսը էսօր իրականացված է», - հայտարարել է վարչապետը:
Օրերս Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայությունն առանց անուններ տալու հայտարարել էր՝ հետախուզական տվյալներ ունեն, որ այլ երկրում, հատուկ ծառայությունների անունից ինչ-որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որ նրանք հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆինանսական և կազմակերպչական բնույթի հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերին: ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն սա «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական սխեման է համարում:
«Լավագույն քարոզչական սխեման, որ կարելի է դրա համար հնարել, հետևյալն է. հայտարարում ես, որ քո բոլոր քաղաքական հակառակորդները ուզում են պատերազմ, ընդ որում՝ Ռուսաստանի դրդմամբ, բոլորը Ռուսաստանի գործակալներն են կամ ԿաԳեԲե-ի գործակալներ են, հետևաբար՝ դեմոկրատական Արևմուտքը պիտի աչք փակի էն օրինախախտումների վրա, որ տեղի կունենան: Հիմա իրենք էդ սխեմայի մեջ են», - պնդեց Լևոն Զուրաբյանը:
2021-ին առաջին նախագահի կուսակցությունը միայնակ էր մասնակցել ընտրություններին և հավաքելով 19 հազար ձայն՝ դուրս էր մնացել խորհրդարանից: