Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը X-ում անդարադարձել է TRIPP-ին՝ Սերբիայի հետ կարևոր միջտարածաշրջանային կապերի ամրապնդման կարևորության համատեքստում։
Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանն ու Սերբիան անվանել է ռազմավարական գործընկերներ և նրա խոսքով՝ «միջին տերություններ» համարվող Ադրբեջանն ու Սերբիան կարևոր դեր ունեն նաև միջտարածաշրջանային համագործակցության մեջ։
«Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում, իսկ Սերբիան՝ Բալկաններում։ Զանգեզուրի միջանցքը կամ TRIPP նախաձեռնությունը նպաստավոր հնարավորություններ է ստեղծում Կասպից ծով–Կենտրոնական Ասիա և Բալկանյան տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման համար», - նշել է Հաջիևը:
TRIPP նախագծին հայաստանյան այցի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահը: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է՝ ԱՄՆ-ն շատ դրական և կառուցողական դեր է խաղալու այս գործում։ Ջեյ Դի Վենսի կարծիքով՝ ներդրողների պակաս չի լինելու, սակայն ծրագրի հաջող ընթացքը Ամերիկայի փոխնախագահը կապել էր խաղաղության համաձայնագրի ապագայի հետ: Ջեյ Դի Վենսը նաև հնարավոր ներդրումների թիվ չէր նշել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ խորհրդարանում ասաց, որ արդեն սկսվել է TRIPP նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ու գնահատումը: Երևանն առաջիկայում Վաշինգտոնին կփոխանցի TRIPP-ի համաձայնագրի նախագծին առնչվող հայկական կողմի դիտարկումները, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ նախագծի հիմքում երկու երկրների կառավարությունների հաստատած «իրագործման շրջանակն» է, որն էլ իր հերթին ստեղծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված հռչակագրի հիման վրա։