Գյումրիում յոթ տարի առաջ դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջ ներկայացուցիչները պատրաստվում են Վերաքննիչ դիմել՝ բողոքարկելու երկու ամիս առաջ կայացված վճիռը, որով ռուսական ռազմաբազայի զինծառայողը 7.5 տարվա ազատազրկման դատապարտվեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անդրեյ Ռազգիլդեևը մեղավոր ճանաչվեց Ջուլիետա Ղուկասյանին դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու համար57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու համար մեղավոր ճանաչված Անդրեյ Ռազգիլդեևի պատժի կրման սկիզբը հաշվարկվեց նրա ձերբակալման օրվանից: Այդ ժամկետը լրանում է ամռանը: Դատավճռում բացակայում էր, թե որտեղ էր պատիժը կրելու ռուս զինծառայողը, ում այդպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը բազայի տարածքից դուրս չթողեց: Այդ պատճառով դատավարությունը հեռավար էր անցկացվում՝ ամբաստանյալը նիստերին մասնակցում էր բազայի տարածքից:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը վճռից հետո բազմաթիվ հարցեր ունի, օրինակ՝ որտեղ է Ռազգիլդեևը կրելու պատիժը.
«Հարց է, թե ինչպես է ելքը վճռվելու, այսինքն՝ եթե վերջնական դատական ակտը ուժի մեջ է մտնում, ապա դրանից հետո Ռազգիլդեևը պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկո՞ւմ, թե՞ մնալու է ռուսական բազայի տարածքում, թե՞ երկու պետությունների Արդարադատության նախարարությունների համաձայնությամբ թույլատրվելու է նրա արտահանձնումը ՌԴ, որպեսզի նա պատիժը կրի ՌԴ քրեակատարողական հիմնարկում»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ռուս զինծառայողի փաստաբանն «Ազատությանն» ասել էր, որ իր պաշտպանյալի պատժի կրումը հունիսին կլրանա և, ըստ էության, մինչև վճիռը բողոքարկեն, այդ ժամկետն էլ կլրանա ու նա կհայտնվի ազատության մեջ:
«Մինչև դատավճիռն ստանանք ամբողջությամբ, մինչև ծանոթանանք, մեկ ամիս ունենք բողոքարկելու, դատավճիռը պետք է թարգմանվի, դա էլ մեկ օրվա բան չէ, մինչև Վերաքննիչ բողոքը ներկայացնի, մինչև նիստ նշանակվի, մինչև տեսնենք՝ որքանով է ծանրաբեռնված Վերաքննիչը, մինչև քննի, վերջացնի, կդառնա հունիսը», - նկատում է ռուս զինծառայողի փաստաբան Նարինե Ռշտունին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որտե՞ղ է պատժի մնացած մասը կրելու ՌազգիլդեևըՄինչդեռ, Սաքունցը համաձայն չէ, որ Ռազգիլդեևը պատիժն արդեն կրել է, ասում է.- «102-րդ բազան կալանատո՞ւն է, այդ կարգավիճակը չունի, ինքը չի գտնվում ՀՀ քրեակատարողական հիմնարկում, ինքը կալանքի տակ չի գտնվում, ռուսական բազան քրեակատարողական հիմնարկ չէ, կալանատուն չէ, հետևաբար դա չի կարող համարվել որպես կալանքի կրելու ժամկետ»:
Բացի այդ, պնդում է, պետք է ամեն ինչ անել, որ նրան պատժի կրման համար Ռուսաստան չտեղափոխեն, ինչպես դա եղավ 11 տարի առաջ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանած ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դեպքում:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով.- «Եթե Պերմյակովի դեպքում կար գոնե քրեական գործ հարուցված ռուսական բազայի կողմից, թեև այն ժամանակ անկախ այդ հանգամանքից այնուամենայնիվ չպետք է թույլ տրվեր Պերմյակովին դուրս բերել ՀՀ տարածքից, այս դեպքում՝ Ռազգիլդեևի, քրեական գործը հարուցված է միայն ՀՀ քննչական մարմինների կողմից, և նա մեղադրվում է միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված քրեական հանցագործյան համար»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կուրանայի՝ չտեսնեի». Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի դուստրԴատավճիռի հրապարակումից հետո Սաքունցը Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քրեական հետապնդում հարուցել ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայիս ղեկավար Մարտինյուկի նախկին ղեկավար Վլադիմիր Ելկանովի դեմ՝ Հայաստանի քաղաքացու սպանության գործի պատշաճ քննությանը և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:
Դատախազությունը մերժել է քրեական հետապնդում հարուցելու պահանջը: Իսկ Ռազգիլդեևին դատարան տեղափոխելու համար մերժման 3 հիմք առկա է գործում. մեկի դեպքում գործողություն է իրականացվել, երբ ոստիկանները հասել են բազա, բայց ձեռնունայն հետ են վերադարձել:
«Ոստիկանները որոշ ժամանակ անց վերադարձան դատարան և հայտնեցին, որ իրենց ընդհանրապես թույլ էլ չեն տվել մուտք գործել բազա, այսինքն՝ այդ հսկիչ կետից արգելել են նրանց որևիցե գործողությունը: Դատարանում արձանագրվել է, որ ակնհայտորեն ռուսական բազայի հրամանատարը խոչընդոտել է», - պատմում է Սաքունցը:
Ռազամաբազայի հրամանատարությանը պատասխանատվության ենթարկելն ինքնանպատակ չէ,- շարունակում է Սաքունցը, - «մենք գնահատում ենք ռիսկերը, բայց այս պահին առաջին ռիսկը կայանում է իրապես թույլ չտալու, որպեսզի ռուսական բազայի հրամանատարն իրեն զգա անպատիժ: Ինչու, որովհետև դրանով ձգտում ենք ազդեցություն ունենալ հնարավոր հետագա կամայականությունների վրա, կանխելու, այսինքն՝ մեր գործողությունների բուն նպատակը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի անվտանգությունը»:
Ռուսական ռազմաբազայի հրամատարության դեմ քրեական վարույթ հարուցելու մերժման որոշումը ևս կվիճարկեն դատարանում: