Մատչելիության հղումներ

«Կուրանայի՝ չտեսնեի». Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի դուստր


Գյումրիում օրերս դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի ընտանիքը ուշքի չի գալիս կատարվածից, դուստրը՝ Անահիտը, ասում է՝ մոր անճանաչելի դարձած դեմքը երբեք չի մոռանա:

57-ամյա կինը հարձակման ու դաժան ծեծի էր ենթարկվել դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան, երբ փողոցում կատարում էր հավաքարարի իր աշխատանքը ռուսական սահմանապահ ջոկատի մոտակայքում գտնվող Սլաբոդկա թաղամասում: Մահացել էր հիվանդանոցում:

Անահիտ Ղուկասյան
Անահիտ Ղուկասյան

​«Աչքերը ուռած, դուրս էկած... ինչղ օր ինքը չեղնիր, ուրիշ մարդ... էդ րոպեին կուրանայի՝ չտեսնեի», ֊ ասում է մահացածի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը։

Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ կասկածվող ռուսական ռազմաբազայի զինծառայողը ձերբակալված է: Իրավապահները չեն հայտնում կասկածյալի անունը, նաև չեն հստակեցնում՝ նա պայմանագրային, թե ժամկետային զինծառայող է:

Ղուկասյանի մահվան օրը լրատվամիջոցներում անմիջապես շրջանառվեց այն վարկածը, որ սպանողը ենթադրաբար ռուս զինծառայող է, դրան անմիջապես հաջորդեց Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարությունը, որում կտրուկ հերքել էին ռազմաբազայի զինծառայողի առնչությունը դեպքին։

Սոցիալական ծանր պայմաններում ապրող Ղուկասյանների ընտանիքը գիտի, որ ռուս զինծառայող է ձերբակալվել, թեև չեն էլ կարողանում պատկերացնել, թե ինչը կարող էր կնոջը դաժանորեն ծեծելու պատճառ դառնալ:

Գյումրիում նախկինում ևս ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպեր են գրանցվել: 1999-ին 2 ռուս զինվորներ կրակահերթեր էին արձակել քաղաքային շուկայում՝ սպանելով երկու և վիրավորելով յոթ հոգու: 4 տարի առաջ էլ ռուս զինծառայողը սպանել էր գյումրեցի յոթ հոգանոց ընտանիքի՝ այդ թվում երկու մանկահասակ երեխաների:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հաշվում է ռուս զինծառայողների կողմից սպանվածների թիվը ու հաճախակի գրանցված միջադեպերը ու հարց բարձրացնում՝ դեռ որքա՞ն են հանդուրժելու նման անպատժելի պահվածքը:

Լևոն Բարսեղյան
Լևոն Բարսեղյան

«Էս վերաբերմունքը պիտի վերացվի իսպառ։ Թե կարիք կա՝ պարբերաբար թույլ տան՝ մտնեն զորամաս, էդ մարդկանց բացատրեն, որ՝ մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք հումանոիդ, մենք ստեղ մատերիալ չենք, որ դուրս գաք՝ կրակեք, էս անեք, էն անեք», ֊ ասում է նա։

Բարսեղյանը հիշեցնում է՝ նախկին իշխանությունների առջև ամեն դեպքից հետո հարց է դրվել, թե ո՞վ է ապահովելու շարքային հայաստանցու անվտանգությունը: Եթե նախկինները չէին համարձակվում Կրեմլից որևէ բան պահանջել, ապա հիմա, Բարսեղյանի խոսքով, իշխանությունները լեգիտիմ են և պարտավոր են Ռուսաստանի առաջ այս հարցը բարձրացնել. ֊ «Անվտանգության երաշխավորը պիտի լինի Հայաստանի Հանրապետության գերագույն իշխանությունը։ Ժամանակն է, որ պետական իշխանությունը չափազանց լուրջ վերաբերվի այս հարցին»։

Քաղաքում անվտանգության մակարդակը բարձրացնելու տարբերակներից մեկը, ըստ Գյումրիի ավագանու անդամի, բազայի բոլոր զորամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումն է, զինվորների տեղաշարժի մասին իրազեկումն ու ուղեկցումը: Եթե անվտանգության հարցը պետությունը չի լուծում, ապա բնակիչները ստիպված են լինելու ինքնուրույն զբաղվել իրենց պաշտպանությամբ, հավելում է Լևոն Բարսեղյանը։

Երեկ դատախազությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ ձերբակալված զինծառայողը պահվում է Գյումրիում, ըստ որոշ լրատվամիջոցների՝ նա այժմ գտնվում է ռազմաբազայում և չի փոխանցվել հայաստանյան իրավապահներին:

Դատախազությունից այսօր հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG