Գյումրիում արձագանքում են Փաշինյանի «Գյումրի-1»-ի հայտարարությանը

Ինչպես են Հայաստանի երկրորդ քաղաքում արձագանքում վարչապետի պնդմանը, թե ՔՊ-ն առաջիկա ընտրություններում 65 տոկոս է ստանալու, իսկ «Գյումրի 2-ի» փոխարեն էլ «Գյումրի-1» է լինելու:

Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանին այս ամենը 2013 թվական է տեղափոխել ու հիշեցրել Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ երկրորդ ժամկետին գնացող նախագահը դարձյալ Գյումրիում էր արել նախընտրական քարոզարշավի օրերին. «Գյումրիում արված հայտարարությունը՝ 65 տոկոսի հետ կապված, ակամայից հիշեցրեց՝ «ինչքան ուզենք, էնքան խփենք»-ը և դրան համարժեք գյումրեցին պատասխան տվել է։ Այս անգամ ևս կտա, և բոլորս ականատես կլինենք, ինչպես նաև մեր քաղաքապետի ընտրությունների ժամանակ գյումրեցին իր վճռական խոսքը ասեց և իշխանազրկեց քաղաքացիական պայմանագրին»,- ասում է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը։

Վերջին շաբաթներին Փաշինյանի թիմակիցները պարբերաբար «Գյումրի-2» սցենարի մասին էին խոսում՝ պնդելով, թե ընդդիմադիրները մտադիր են Գյումրիի օրինակով ընտրություններից հետո միավորվել ու իշխանություն վերցնել: Անցած տարի Գյումրիում, թեև ՔՊ-ն ամենաշատ ձայներն էր ստացել, բայց խոշոր այս քաղաքում կորցրեց իշխանությունը, երբ ընդդիմադիր խմբակցությունները միավորվեցին ու քաղաքապետ ընտրեցին Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին: Նիկոլ Փաշինյանը 65 տոկոսանոց նշաձող սահմանելուց բացի նաև Գյումրիում հետընտրական զարգացումների մասին ակնարկ արեց.

«Գյումրիում լինելու է «Գյումրի-1»։ Մենք մոռանում ենք, որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած Գյումրիում լինելու է «Գյումրի-1»»,- օրերս հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեր նշաձողը 65 տոկոսն է. Փաշինյան

Ի՞նչ նկատի ուներ շաբաթօրյա ելույթում Փաշինյանը, փակագծեր չբացեց. բայց հստակ է, որ իշխանությունը հաշտ չէ մոտ 160 հազար բնակչություն ունեցող Գյումրիի ընդդիմադիր իշխանության հետ: ՔՊ-ականները պարբերաբար կոռուպցիոն մեղադրանքով հոկտեմբերից կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանին իշխանությունից հեռացնելու հնարավորություններից են խոսում, անգամ վարչապետն էր ասել, թե նա պետք է հեռացվի քաղաքական դաշտից:

Ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակացության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում խորհրդարանական ընտրություններից հետո հեղափոխություն անելու վարչապետի հայտարարությանն այսպես արձագանքնեց.

«Թող նախ հավաքի էդ 65 տոկոսը, հետո արդեն կտեսնենք, որովհետև վերջին 8 տարվա ընթացքում ինքը բազմաթիվ բաներ է խոստացել, որոնց տերը ուղակի չի եղել»,- ասում է Ռուբեն Մխիթարյանը։

«Մեր քաղաքը» խմբակացության ղեկավար Լիզա Գասպարյանն իշխող ուժին խորհուրդ է տալիս իրենց վստահության քվեի թվերով հաճախ գալ Շիրակի մարզ:

«Կենտրոնական իշխանությանը խորհուրդ կտանք, որ հաճախակի գալ Շիրակի մարզ, շրջայցեր անել և նույնաբովանդակ հայտարարություններ անել, տոկոսների մասին նախապես հայտարարել, հռչակել այդ տոկոսները, շատ հետաքրքիր տեխնոլոգիա է, կհորդորենք, որ շարունակեն այդ տեմպերով։ Իսկ ինչ վերաբերում է «Գյումրի -2»-ին, Գյումրիի ժամանակ էլ էին ասում՝ ամեն բան կանենք, որ նման բան չլինի»,- ընդգծում է «Մեր քաղաքը» խմբակացության ղեկավարը։

Իշխող Կոմկուսից խմբակցության քարտուղար Լուսինե Անանյանն ասում է՝ Գյումրիում հայտարարած 65 տոկոսը երազանք է լինելու իշխանությունների համար. «Երազելն այդքան էլ վատ բան չի, էդ 65 պլյուսով թող երազեն, դա երազանք է լինելու»։

Մինչդեռ ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը առավել քան վստահ է, որ իրենք կկարողանան մեծամասնություն լինել ու «Գյումրի- 2» սցենարի կրկնություն չի լինի:

Հարությունյանի խոսքով.- «Ես կարծում եմ, որ մարդիկ դասեր քաղել են Գյումրու ընտրություններից և արդեն գիտեն, որ, այո՛, հնարավոր է մարդիկ այլ անվան տակ հանդես գան, բայց հետո ընտրությունների արդյունքում այլ ներկայացուցչի ընտրեն՝ որպես համայնքը ղեկավարող։ Այո, «Գյումրի-2» չի լինելու, այսինքն՝ ընդդիմադիր ուժերի համախմբում տեղի չի ունենալու, և այդ համախմբման արդյունքում 50 պլյուս արդյունք չի գրանցվելու, որովհետև մեր ձայներն ակնհայտորեն ավելի շատ են լինելու»։

Իսկ առաջիկա ընտրություններում ո՞ւմ է սատարելու կալանքի տակ գտնվող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու իր թիմը: Նրան փոխարինող փոխքաղաքապետ փեսան ասաց՝ այդ մասին Ղուկասյանը կհայտարարի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարդան Ղուկասյանի փաստաբանը կրկին պնդում է՝ իր պաշտպանյալի «անձը թիրախավորված է»Փաշինյան. «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»Վարդան Ղուկասյանը 13 տարվա ընդմիջումից հետո հինգերորդ անգամ ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար