«Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների» շուրջ են մտքեր փոխանակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ, փոխանցում է Կառավարության լրատվականը:
Փաշինյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ողջունել է Իրանի փոխնախագահի այցը և կարևորել Հայաստան–Իրան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։ Երկու երկրները հաջողությամբ իրականացնում են համատեղ ծրագրեր տարբեր ուղղություններով, որոնք նպաստում են երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը, նշել է վարչապետը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Փուրմոհամմադին Փաշինյանին է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և ընդգծել Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը, ասված է հաղորդագրությունում:
Իրանի փոխնախագահին այսօր ընդունել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապակցվածության մի շարք հարցերի շուրջ և արձանագրել են, որ կայունության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի երկրների համար:
Գրիգորյանը կարևորել է «Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը, փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգը և համագործակցության ընդլայնման ընդհանուր շահագրգռվածությունը, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունները նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար»։
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման մեծ ներուժն ու վերջին տարիների գրանցված առևտրաշրջանառության աճը, փոխանցում է Կառավարության լրատվականը:
Գրիգորյանը և Փուրմոհամմադին նաև գոհունակություն են հայտնել վաղը Երևանում անցկացվելիք Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Իրանի փոխնախագահի այցը Երևան հաջորդում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի կողմից Հայաստանի վարչապետի կոշտ քննադատությանը: Չնայած Իրանի աշխարհիկ իշխանությունների հայտարարություններին, որ TRIPP-ի հարցում «վստահում են հայ եղբայրներին», Վելայաթին անցած շաբաթ իրանական Ettela'at թերթում հրապարակված հոդվածում Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր Արևմուտքից կախվածությունն ավելացնելու մեջ, պնդելով, թե դա «բացում է թշնամանքի և լարվածության նոր գլուխ Հարավային Կովկասում»։
Հայաստանի իշխանությունները ներկայացրել են երաշխիքներ. Բաղայի
Այսօր, այդուհանդերձ, Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է՝ Հայաստանի իշխանությունները ներկայացրել են երաշխիքներ, որ TRIPP-ի իրականացումը չի նախատեսում տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների տեղակայում:
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի, արխիվ
«Հայաստանը վստահեցրել է, որ սահմանների ոչ մի փոփոխություն չի լինելու, նախագծի իրականացմանը մասնակցելու են բացառապես հայկական ըննկերություններ, և ամերիկյան ուժեր չեն տեղակայվելու տարածաշրջանում», - Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էսմայիլ Բաղային:
Խոսնակը պարզաբանել է, թե Իրանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տրանսպորտային սահմանափակումների վերացման օգտին, սակայն՝ առանց աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների սահմաններում:
Իրավիճակին միջամտությունը տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող ուժերի, հատկապես ԱՄՆ-ի կողմից սոսկ անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծել, պնդել է Բաղային՝ հավելելով, որ չնայած Իրանի և Հայաստանի միջև ավ հարաբերություններ են՝ Թեհրանը ուշադիր հետևելու է իրավիճակին:
Իրանը TRIPP-ի հետ կապված անհանգստություն չունի. Խուդաթյան
Հայաստանի ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան, արխիվ
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Իրանը TRIPP-ի իրականացման հետ կապված անհանգստություն չունի:
Նախարարը նշել է, որ բազմիցս են խոսել իրանցի գործընկերների հետ. - «Մեր իրանցի գործընկերների հետ մենք աշխատում ենք փոխադարձ վստահության մթնոլորտում: Եվ, դատելով այդ աշխատանքից, վստահ եմ, որ նրանք անհանգստություն չունեն», - ասել է Խուդաթյանը: