«Գուցե լցոնումնե՞ր են եղել». կասկածներ ընտրողների թվերի շուրջ

Սահմանադրական դատարանի նիստը, Երևան, 30-ը հունիսի, 2026թ.

Ընտրությունների արդյունքների վիճարկման քննության մի մասն այսօր Սահմանադրական դատարանում դռնփակ անցավ՝ առանց տեսախցիկների ու հեռախոսների: Փակ ռեժիմով քննության առարկան գաղտնի փաստաթղթերն էին, որոնց շարքում են ինչպես քարոզարշավի ժամանակ ընդդիմադիրների դեմ հարուցված քրեական վարույթները, այնպես էլ՝ այսպես կոչված գաղտնի ցուցակի հետ կապված հարցերը:

Ընդմիջմանը Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի փաստաբանը նիստից մանրամասներ չհայտնեց, բայց նշեց՝ իրենց բարձրացրած հարցը վերաբերում էր ընտրողների թվի տարբերությանը:

«Մենք ի սկզբանե մեր դիմումում բարձրացրել ենք հարց, որ ստուգել ենք ստորագրված մատյանները՝ էն, ինչ որ հրապարակել է ԿԸՀ-ն, և դա համադրել ենք իրենց հրապարակված արձանագրությունների վերջնական թվի հետ, թե քանի ընտրող է մասնակցել: Ենթադրում է, որ էնքան ընտրող, ինչքան եկել է, պետք է էդքան ստորագրած լինի», - ասաց Հովհաննես Խուդոյանը:

Խուդոյանն ու գործընկերները ստուգել են ստորագրված մատյանները, դրանց թիվը համադրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվի հետ ու պարզել, որ շուրջ 27 հազար ստորագրություն բացակայում է:

Խուդոյանի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել էր, որ գաղտնի ցուցակով են անցնում զինծառայողները և բանտերում պահվողները, և այդ տարբերությունը դրանով է պայմանավորված: Օրենքով՝ այս ցուցակները չեն հրապարակվում. - «ԿԸՀ-ն ի սկզբանե դրան պարզաբանել է, որ էդտեղ կան նաև գաղտնի ցուցակով քվեարկողները, զինծառայողները, և այլն: Դա ընդունելի արգումենտ է»:

Հանձնաժողովի պարզաբանումներից հետո էլ են ստուգել, ու թեև թիվը նվազել է, միևնույն է՝ տարբերություն դեռ կա. - «Ամեն դեպքում, վերջնական արդյունքով էլ հանել ենք 4-5 հազարի տարբերություն, որ որևէ բացատրություն չունի»:

Ինչպե՞ս կարող էր ծագել այս տարբերությունը՝ չկան ստորագրություններ, բայց կան դրան համարժեք քվեաթերթիկներ: Խուդոյանի խոսքով՝ իրենք որոշակի կասկածներ ունեն. - «Մենք հետևյալ տրամաբանական շղթան ենք կառուցում: Իրենք ասում են՝ կա էսքան քվեաթերթիկ, էսքան ընտրող, բայց չկա էդքան ստորագրություն, հետևաբար՝ էդքան ընտրող չի գնացել, բայց էդքան քվեաթերթիկ գոյություն ունի: Քանի դեռ պարզաբանումներ ներկայացված չեն, թե ինչպես է էդ թիվը ձևավորվում, մենք ընդունում ենք, որ էստեղ կարող է լինի լցոնում, կամ՝ էնքան շատ վատ աշխատանք ԿԸՀ-ից, որ ընտրությունների արդյունքները հնարավոր չի վերահսկել»:

Թե ինչ բացատրություններ է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսօր չհաջողվեց պարզել:

Հունիսի 7-ին անցկացված քվեարկության արդյունքները Բարձր դատարանում վիճարկող յոթ ուժերից «Հայաստան» դաշինքի փաստաբանի խոսքով՝ իշխող ուժի ներկայացուցիչներն անլրջացնում են արդեն հինգ օր շարունակվող դատաքննությունը: Նկատի ունի այն, որ իշխող ուժը, չսպասելով ՍԴ որոշմանը, զբաղված է նոր խորհրդարանի նախագահի, փոխնախագահի թեկնածուների ընտրությամբ:

«Կա՛մ, տարբերակ մեկ՝ թքած ունեն, թե ինչ է կատարվում Բարձր դատարանում, կա՛մ որոշակի երաշխիքներ ունեն, որ բան չի փոխվելու», - ասաց Խուդոյանը:

Սահմանադրական դատարանում իշխող ուժին ներկայացնող Սուրեն Գրիգորյանը, սակայն, հակադարձում է՝ վստահ են, որ իրենք կհաղթեն նաև Բարձր դատարանում:

«Եվ էդ պայմաններում, քանի որ ընտրությունները լեգիտիմ են, լեգալ են, և արգումենտներն էլ լսում ենք, և մեր Սահմանադրական դատարանի անաչառությանը վստահ ենք, էդքանի շրջանակներում, այո, համոզված ենք, որ Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունները անվավեր չեն ճանաչվի», - հայտարարեց Գրիգորյանը:

Բարձր դատարանում անցած ուրբաթ սկսված դատավարության սկզբից էլ իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են՝ ընտրախախտումների հեղինակները ընդդիմադիրներն են:

«Նախ՝ մենք ի սկզբանե ծանոթ ենք ամբողջ գործընթացին, գիտենք, որ գործընթացը ունեցել է, այո, անհանգստացնող բավականին մեծ թերություններ՝ դրսևորված, մասնավորապես, ընտրակաշառքի բաժանմամբ ընդդիմադիր ուժերի կողմից, ինչը, ինչպես նշեցի, ամեն դեպքում, սույն դատարանում, կարծում ենք՝ չի հատել ընտրությունների վրա էական ազդեցության սահմանը», - ասաց Սուրեն Գրիգորյանը:

Չնայած այս պնդմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ընտրությունների արդյունքները չի վիճարկել դատարանում: ՍԴ-ում որպես երրորդ կողմ են ներգրավված: ՔՊ-ի մյուս ներկայացուցիչը՝ արդարադատության նախարարը, այսօր դատարան դիմած ընդդիմադիր առանցքային ուժերից առանձնացրեց մյուս երկուսին, պնդելով՝ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» ու «Հանուն Հանրապետության» կուսակցությունների փաստարկների հետ համաձայն են:

«Օրինակ՝ «Հանուն Հանրապետության» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ ընտրակաշառք է եղել, ծավալները բավականին մեծ են եղել: Մենք միանշանակ այս փաստարկների հետ համաձայն ենք և միայն մի կետում իրենց հետ, կարելի է ասել, համաձայն չենք, որ դրանք հանգեցրել են ընտրության արդյունքների անվավերության, այսինքն՝ կարող էին հանգեցնել ընտրության արդյունքների անվավերության», - հայտարարեց Սրբուհի Գալյանը:

Գալյանն առաջին անգամը չէ պնդում՝ ընդդիմադիրների կողմից բաժանված ընտրակաշառքները չեն ազդել քվեարկության արդյունքների վրա, որ նոր ընտրություններ նշանակվեն:

ԴՕԿ կուսակցության դիմումում, սակայն, ընտրական արդյունքի վրա որպես ազդեցություն միայն ընտրակաշառքի մասին չէ խոսքը: Հենց առաջին նիստին կուսակցության ներկայացուցիչը թվարկել էր նաև այլ գործոններ՝ իշխանության կողմից չարաշահված վարչական ռեսուրս, իշխանության իրականացրած թաքնված նախընտրական քարոզչությունը մինչ դրա սկսվելը, ընտրողների կամքի ձևավորման վրա սոցիալ-տնտեսական միջոցների ազդեցությունը պետական միջոցների հաշվին, քաղաքական նպատակներով իրավապահ համակարգի օգտագործում և հանրության շրջանում վախի, սպառնալիքի, ճնշումների գործադրում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության գործընթացների նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության իրականացում, քվեարկության անվավեր ճանաչված ընտրատեղամասեր և անճշտություններ:

Օրվա երկրորդ կեսին Սահմանադրական դատարանն անցավ դռնբաց քննության: Այժմ Բարձր դատարանն ուսումնասիրում է ԿԸՀ-ի ներկայացրած ծրարները, որոնց մեջ դրվում են քվեաթերթիկները: Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաստաբան Արամ Օրբելյանն էր միջնորդել դատարանին դրանք ենթարկել փորձաքննության՝ թափանցիկությունը պարզելու համար: Օրբելյանը պնդել էր, թե որոշ տեղամասերում ծրարներն այնքան թափանցիկ էին, որ անզեն աչքով հնարավոր էր տեսնել քվեարկողի ընտրությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՍԴ փակ նիստն ավարտվեց, քննությունը շարունակվում է դռնբաց նիստում«Ուժեղ Հայաստան»-ը սպասում է ՍԴ որոշմանը. Սամվել ԿարապետյանՕր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում ուսումնասիրելու է գաղտնի փաստաթղթերԸնդդիմության ներկայացուցիչները ՍԴ նիստում ևս բարձրացրեցին Սաֆարյանի անաչառության հարցըՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունըՍԴ-ում շարունակվում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը«Կանոններն ամբողջությամբ խախտված էին». ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումներըԿԸՀ նախագահը խնդրեց մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումներըՍԴ-ն լսում է ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի փաստարկներըԸնդդիմադիր ուժերի աջակիցները հավաքվել էին ՍԴ շենքի մոտ, արդար որոշում էին պահանջում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները