Ղարաբաղի կորստի իրական մեղավորները Երևանում են եղել. Շահրամանյանը հակադարձում է Փաշինյանին

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների, թե Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը 2023-ին փախել է՝ չօգտագործելով զենքի զգալի մասը, վերջին օրերին Արցախը ղեկավարած Սամվել Շահրամանյանը հակադարձում է՝ ճիշտ հակառակը, Ղարաբաղի կորստի իրական մեղավորները Երևանում են եղել:

«Իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում, հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում, և հայ ժողովուրդը կորցրել է Արցախը, օկուպացված են այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ, և այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որոնք Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են», - ասաց Շահրամանյանը:

Մետրոյում արցախցի կնոջը փախածներ անվանելուց հետո վարչապետն ասել էր, որ նկատի ունի ոչ թե ժողովրդին, այլ Ղարաբաղի էլիտային. «Կռվելու և այլնի մասին պնդումները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, որովհետև մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով, առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը՝ կարող է լինել 80 տոկոս, 90 տոկոս, մնացել են ձեռք չտված»:

Մինչև Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը Ադրբեջանն ամիսներ շարունակ շրջափակման էր մատնել արցախցիներին՝ զրկելով սննդից, վառելիքից, էլեկտրաէներգիայից:

Վարչապետն այժմ խոստանում է հրապարակել փաստական տվյալներ, թե ինչու մի քանի օրում հարյուր հազար մարդ ստիպված եղավ հեռանալ հայրենիքից. «Ես համոզված եմ՝ այս խմորը ջուր կտանի, կթողնենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային փաստաթղթերի նման ճիշտ պահի ես կորոշեմ՝ երբ որոշում կայացնեմ այդ ամեն ինչը հրապարակեմ: Սուտ է, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են»:

«Այսինքն՝ ի՞նչ հնարավորության մասին պետք է լինի՝ «2023 թվականին մնայիք, մինչև վերջ պայքարեիք», եթե պետք է պայքարեինք, դա պետք է լիներ 2020 թվականին, 20 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի հիման վրա էր, որ ռուսական խաղաղապահ զորքերը հայտնվել էին Արցախում», - ընդգծեց Արցախի վերջին նախագահը:

«Մարդիկ թող իրենց փախնելը չկապեն իմ հրամանների հետ, ես նման հրամաններ չեմ տվել». Փաշինյան

Շահրամանյանի այս մեղադրանքը, թե ամեն ինչի հիմքը դրվել է նոյեմբերի 9-ին՝ Փաշինյանի ստորագրությամբ, վարչապետն այսօրվա ճեպազրույցում անպատասխան չթողեց:

«Մարդիկ թող իրենց փախնելը, իրենց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ, ես նման հրամաններ չեմ տվել: Մարդիկ ուզեցել են այդպիսի հրամաններ ստանան, ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել: Ով այդպիսի բան ասում է, ինքը ճողոպրողների բանակից է», - հայտարարեց վարչապետը:

Ինչո՞ւ Արցախում հայ չմնաց, երեկ Մոսկվայում նաև Վլադիմիր Պուտինն անդրադարձավ, Հայաստանի վարչապետին հիշեցնելով, որ նա Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, Փաշինյանն էլ իր հերթին հակադարձեց, թե դա արել է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի ղեկավարն է երկու անգամ հրապարակային Ղարաբաղն Ադրբեջան անվանել: Փաշինյանը Կրեմլում էլ կրկնեց, որ փակել է Ղարաբաղի էջը:

«Ինչո՞ւ պետք է մեր վերաբերմունքը արցախյան հարցի վերաբերյալ պայմանավորվի երրորդ երկրի վերաբերմունքով»

Այս հայտարարությանն այսօր անդրադարձավ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը. «Ինչի՞ պետք է մեր վերաբերմունքը արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պայմանավորվի ինչ-որ երրորդ երկրի վերաբերմունքով, դա անկախ պետության ղեկավարի խոսո՞ւյթ էր՝ «որ դու ասեցիր՝ Արցախն Ադրբեջան է, դե մենք էլ դա ընդունեցինք», վաղն էլ, որ ասեն՝ Հայաստանը միութենական պետություն պետք է մտնի, պետք է ասի՝ դե լավ, որ ասում եք, ուրեմն վե՞րջ, ուրեմն այդպես պետք է լինի՞»:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները, Արցախի նախկին պաշտոնյաները «Եռաբլուր» էին այցելել ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցին: Պետական պաշտոնյաները զինվորական պանթեոն այսօր չեն գնացել:

Արցախյան առաջին պատերազմից 20 տարի անց սկիզբ առած լայնածավալ գործողություններում հայկական կողմը հարյուրից ավելի զոհ ունեցավ: Ռազմական փորձագետներն արդեն հետահայաց քառօրյա պատերազմը 44-օրյա պատերազմի նախավարժանք, ուժերի չափում են որակել: