Շուրջ տասն օր է, ինչ Վրաստանի «Գեզի» կոչվող մասքային անցակետում հայկական բեռնատարները մեկ օրից ավելի չեն պահվում: Ի՞նչ որոշում է սա, որքա՞ն կտևի, ինչո՞ւ պաշտոնապես ոչինչ չի հայտարարվում, բեռնափոխադրողներն ու գործարարները չգիտեն:
Բեռնատարի վարորդներից մեկը, որ նախընտրեց անանուն խոսել, կարծում է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շաբաթներ առաջ Վրաստան կատարած այցից հետո ձեռք բերված պայմանավորվածություն է սա, որ գոնե մինչև ընտրությունները բեռնափոխադրողների դժգոհության ալիքը մարի:
«Հարաբերական լուծված հարց է դա, իմ պատկերացումով ուրիշ բնույթ է կրում ընտրություններից առաջ: Եթե լուծվում էր, ինչի՞ շուտ չէր լուծվում, մեքենան առաջ գնում էր, 5, 10, 15 օր կանգնում էր, փորձանմուշ էին վերցնում, որոշում էին՝ համապատասխանում է կոնյակին, գնում էր Ռուսաստանի Դաշնություն: Հիմա ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վարչապետի այցից հետո», - ասաց վարորդը:
Արդյոք Գեզիի անցակետում հայկական բեռնատարների օրերով ստուգման խնդիրը լուծվե՞լ է, ժամանակավո՞ր, թե՞ վերջնական որոշում է սա, արդյոք Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում այս հարցի շուրջ բարձր մակարդակով պայմանավորվածությո՞ւն է ձեռք բերել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մեր հարցերն անպատասխան թողեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը Վրաստանում խոսե՞լ է հայ բեռնափոխադրող վարորդներին մտահոգող հարցերիցԱյս լռության ֆոնին ներկայանալ չցանկացող բեռնատարի վարորդն է նկարագրում, թե ինչպես էին ստուգվում, օրինակ, կոնյակի որակը 10 օր առաջ ու հիմա. «Մեքենան գնում ա, մտնում ա «Գեզի», եթե երեկոյան մտավ, մինչև լույս պետք ա մնա, որ առավոտ աշխատողները գան, փորձանմուշը վերցնում են ու բաց են թողնում մեքենային, դու գնում ես պայմանական Մոսկվա: Եթե մինչև Մոսկվա հասնելը փորձանմուշի պատասխանները եկան, որ համապատասխանում է կոնյակին, դուք գնում եք բեռնաթափման, եթե հանկարծ փորձանմուշի պատասխանները եկան, որ չի համապատասխանում այդ կոնյակին, այդտեղից՝ Մոսկվայից, այդ կոնյակը հետ է վերադառնում Հայաստան: Այստեղից ի՞նչ հասկացանք, որ այդ բոլոր պահանջները Ռուսաստանից էր, այսինքն Վրաստանին մեծ հաշվով չի էլ հետաքրքրում՝ այդտեղ կոնյակ է, թե կոնյան չի»:
Վերջին մեկուկես տարվա ընթացքում բեռնափոխադրողները պարբերաբար դժգոհում էին, որ Վրաստանի Գեզի անցակետում հայկական բեռներն օրերով, երբեմն նաև շաբաթներով ենթարկվում են մանրակրկիտ ստուգումների՝ խոչընդոտելով բիզնեսի բնականոն ընթացքն ու լրացուցիչ խնդիրներ ստեղծելով վարորդների համար։ Վերջիններս հաճախ ստիպված էին լինում գիշերել մեքենաներում կամ մոտակա հյուրանոցներում, ինչը նրանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր էր առաջացնում։
Չնայած բողոքի ակցիաներին, այդպես էլ գործարարներն ու բեռնափոխադրողները չստացան թիվ մեկ հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է Վրաստանը որոշել իր տարածքով անցնող ու Ռուսաստանում վաճառվող խմիքչի որակն ստուգել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեռնափոխադրող վարորդների բարձրացրած հարցերը դեռ անպատասխան են մնումՄինչ երկու երկրների պաշտոնյաները լռում են, խնդիրն անմիջականորեն իրենց վրա զգացող վարորդները եզրահանգումներ են անում:
«Հարցը չի լուծվել, բնույթն է փոխվել: Վրաստանի ինչի՞ն ա պետք փորձանմուշը: Դուրս ա գալիս՝ Ռուսաստանը չգիտեմ ինչ-ինչ պայմաններով չի կարողանում այդ բոլոր մեքենաները... չի կանգնացնելու Լարսում, տեղից կուտակումներ են Լարսում, մի հատ էլ մեքենաները կանգնացնի, փորձանմուշ վերցնի, երևի պայմանավորվածություն կա, որ դա արվի Վրաստանի տարածքում: Ինձ թվում ա՝ դա վճարովի ծառայություն ա, որի համար Ռուսաստանը վճարում ա, որովհետև այս պարագայում Վրաստանը ոչ մի շահագրգռվածություն չունի՝ շշի մեջ կոնյակ է, թե թեյ է, միևնույն է՝ իր երկիր չի ներմուծվում», - ասաց վարորդներից մեկը:
Կոնյակ արտադրող հայկական խոշոր ընկերություններից մեկի՝ «ՄԱՊ գինու - կոնյակի» գործարանի գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում ալկոհոլի արտադրանքի որակը ստուգող լաբորատորիան պետք է սկսի ավելի մեծ ծավալով գործել ու հենց սահմանին հայկական ալկոհոլի որակը ստուգվի, ապա արդեն պետությունը կխոսի իրենց փոխարեն:
«Մեզ տրամադրվի թուղթ, որ՝ այո, քո արտահանած կոնյակը համապատասխանում է բոլոր նորմերին կամ քո արտահանած կոնյակը չի համապատասխանում: Ե՛վ վրացական, և՛ ռուսական կողմերը՝ պետություններն են խաղի մեջ, չի կարա մասնավոր հայը բանակցի պաշտոնական Վրաստանի կամ պաշտոնական Ռուսաստանի հետ: Այսինքն, կարող է, բայց արդյունավետությունն է շատ փոքր, որովհետև երբ որ պաշտոնական են իրենք՝ մյուս երկու երկրները վերահսկողության մեջ, ուրեմն մենք հայկական կողմից պետք է պաշտոնապես ներքաշենք», - ընդգծեց Պետրոսյանը:
Սննդի անվտանգության տեսչական մարմնից պնդում են՝ Հայաստանում նախորդ տարվանից գործում է միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիան, դրա եզրակացություններն ընդունելի են թե՛ Ռուսաստանի, թե՛ եվրոպական երկրների, ինչպես նաև Վրաստանի համար։ Մակար Պետրոսյանն ասում է, ոչ թե արտադրողն իր որոշմամբ պետք է իր արտադրանքն այդ լաբորատորիա տանի, այլ պարտադիր ստուգում պետք է արվի ու համատարած և անաչառ:
Լաբորատորիան առայժմ կարող է օրական ստուգել ընդամենը 3-4 խմբաքանակի նմուշ, ինչը բավարար չէ մեծածավալ արտահանման պայմաններում ամբողջ հոսքը վերահսկելու համար, ասում են «Ազատության» զրուցակիցները։
Բեռանտարների վարորդներն ու հայկական արտադրողները դեռ հույս ունեն, որ գոնե այս անգամ պաշտոնական պատասխան կունենան՝ Վրաստանն առհասարակ դադարեցնելո՞ւ է այդ ստուգումները, թե՞ պարզապես շաբաթներով զննելու փոխարեն մեկ-երկու օրում դա կանի: