Գևորգ Պապոյանը չի մեկնել Մոսկվա. ինչո՞ւ

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր չի մեկնել Մոսկվա, որտեղ պետք է մասնակցեր Եվրասիական տնտեսական միության արտաքին քաղաքականության հարցերի և ազգային արժույթներով հաշվարկների առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություններին:

Պապոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց. «Նախարարները պետք է քննարկեին մաքսասակագնային և առևտրի կարգավորման հարցեր, բայց գործընկեր երկու նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել, այդ պատճառով որոշեցինք նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը»։

Գևորգ Պապոյանի մամուլի խոսնակը Լիլիթ Շաբոյանն «Ազատության» հետ զրուցում հայտնեց, որ նախատեսված էր երկու հանդիպում՝ նախարարների և փոխնախարարների մակարդակով: Փոխնախարարների մակարդակով նիստն, ըստ նրա, տեղի կունենա, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը գնացել է Մոսկվա և կմասնակցի հանդիպմանը:

Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերություններում վերջին շրջանում առկա է լարվածություն. Մոսկվան գարնանից արգելել է հայկական գյուղմթերքի, ծաղիկների, մի քանի տեսակ խմիչքների և այլ ապրանքների ներմուծումն ու արտահանումը ԵԱՏՄ տարածքով:

Պաշտոնական Երևանը դեռ սեպտեմբերին դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների տեղափոխման սահմանափակումները որպես «առևտրային խոչընդոտ» (բարիեր) ճանաչելու նպատակով: Սակայն նիստը, որում ակնկալվում է Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշման կայացումը, արդեն երկու անգամ հետաձգվել է:

Այսօր Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցի քննարկումը Երևանը նախատեսում է անցկացնել այն ժամանակ, երբ վստահ լինի, որ իր առաջարկը կընդունվի։ Նախարարը միաժամանակ չի բացառել, որ հարցը կարող է հասնել ԵԱՏՄ դատարան, եթե հանձնաժողովում Հայաստանի օգտին որոշում չկայացվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանը չի բացառում ռուսական սահմանափակումների հարցով ԵԱՏՄ դատարան դիմելը