Գերմանիայի ԱԳ նախարարը չի տեսնում ՆԱՏՕ-ի դերը Հորմուզի նեղուցի շրջափակման հարցում

Գերմանիան չի տեսնում ՆԱՏՕ-ի պաշտպանական դաշինքի դերը Հորմուզի նեղուցի շրջափակման հարցում: Այսօր Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։

«Ես չեմ տեսնում, որ ՆԱՏՕ-ն այս ուղղությամբ որևէ որոշում է ընդունել կամ կարող է պատասխանատվություն ստանձնել Հորմուզի նեղուցի համար։ Եթե նման բան լիներ, ապա ՆԱՏՕ-ի մարմինները համապատասխան ձևով կքննարկեին այդ հարցը»,- ասել է Վադեֆուլը՝ ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ հայտարարել է, որ կառավարությունը դեռևս որոշում չի կայացրել Հորմուզի նեղուցի հետ կապված հնարավոր գործողությունների վերաբերյալ, սակայն քննարկումները շարունակվում են։

«Հորմուզի նեղուցը առանձին քննարկման թեմա է, և դա քննարկում է։ Մենք դեռևս որոշում կայացնելու փուլում չենք», - ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մինչդեռ, ուժեղացրել է ճնշումը եվրոպացի դաշնակիցների վրա՝ կոչ անելով նրանց օգնել պաշտպանել նեղուցը։ Նա նախազգուշացրել է, որ եթե դաշինքի անդամները չաջակցեն Վաշինգտոնին, NATO-ին սպասվում է «շատ վատ» ապագա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն կքննարկի Հորմուզի նեղուցը բաց պահելու հարցը. Կալլաս

ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասն էլ հայտարարել է, որ ԵՄ անդամ պետությունները կքննարկեն, թե եվրոպական կողմից ինչ կարելի է անել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նոր առաջնորդն առաջին ուղերձում հայտարարել է՝ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա՝ որպես ճնշման գործիք։