Գերմանիան չի մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին, Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։
Ի տարբերություն Միացյալ Թագավորության, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին տարածաշրջանում օգտագործել իր ռազմաբազաները՝ իրանական հրթիռներն ու արձակման հարթակները ոչնչացնելու համար, Գերմանիան նման բազաներ տարածաշրջանում չունի։
«Մենք նաև չունենք անհրաժեշտ ռազմական ռեսուրսներ»,- նշել է Վադեֆուլը՝ միաժամանակ ընդգծելով, որ գերմանացի զինվորները կպաշտպանվեն հարձակման ենթարկվելու դեպքում։
Գերմանիայի զինված ուժերի՝ Բունդեսվերի ստորաբաժանումները ներկայումս տեղակայված են Հորդանանում և Իրաքում։
Հարցին, թե արդյոք Իրանի դեմ հարձակումը հակասո՞ւմ է միջազգային իրավունքին, Վադեֆուլը պատասխանել է, որ «դրա վերաբերյալ կասկածներ կան, դա անվիճելի է», բայց հավելել, որ Իրանը լուրջ սպառնալիք է ոչ միայն Իսրայելի և տարածաշրջանի, այլ նաև Գերմանիայի և Եվրոպայի համար։
Անդրադառնալով Թեհրանի «բալիստիկ հրթիռային ծրագրին»՝ Վադեֆուլն ասել է, որ սրանք այնպիսի հրթիռներ են, որոնց հեռահարությունը սպառնում է նաև Եվրոպային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեծ Բրիտանիան աջակցում է ԱՄՆ-ի կողմից բազաների սահմանափակ օգտագործմանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարում է ռազմական գործողությունները շարունակելու մասին