Ադրբեջանական բանտերում տարիներ շարունակ պահվող հայ գերիների հարազատները ակնկալում են, որ Հայաստանի պետական սահմանը հատած ու Շաքիի բնակչուհուն ծանր հրազենային վնասվածք հասցրած ադրբեջանցի զինծառայողին հենց այնպես չեն արտահանձնի Բաքվին, այլ կփոխանակեն հայ գերիների հետ:
«Շատ-շատ կուզեի, որ փոխանակում լիներ: Շատ կուզենայի նաև, որ իրենք հասկանային, որ եթե մեր գերիները ոչ մի բան չեն արել, բայց Ադրբեջանում 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման են դատապարտվել, ապա չի կարող պատահել, որ ադրբեջանցի գա ու խաղաղ բնակչին վնասի, ու իրենք բանտիկը կապեն վրան և հետ տան՝ ասելով, թե մոլորվել է: Դա ճիշտ չէ, հենց հիմա մարդը պայքարում է իր ոտքի համար», - «Ազատությանն» ասաց գերիներից մեկի հարազատը՝ անանուն մնալու պայմանով:
Գերիների հարազատների համոզմամբ՝ իշխանությունները պետք է այս հնարավորությունն օգտագործեն Հայաստանի 19 քաղաքացիներին վերադարձնելու համար:
Նախօրեին, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե սահմանախախտ զինվորների ու գերիների հարցերը «տարբեր թեմաներ են»:
«Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից: Հիմա ենթադրենք, ասում ենք՝ գերիներից մեզ տվեք, որ էս զինվորին տանք, բա որ մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու», - ասել է վարչապետը:
Սյունիքի մարզի Շաքի գյուղում վնասազերծված Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 2-ին կալանավորվել է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով: Ադրբեջանում նրա դեմ գործ է հարուցվել դասալքության համար: