Գազաֆիկացում չկա, վկայականներ չկան, կոյուղիները պայթել են․ «Կոմիտաս պարկ»-ի բնակիչների բողոքը

Երևանի հերթական նորակառույցի՝ «Կոմիտաս պարկ» թաղամասի բնակիչներն էին այսօր բողոքի ակցիայի դուրս եկել: Դժգոհում են՝ քանի որ կառուցապատողը պայմանագրով նախատեսված ժամկետում չի հանձնել բնակարանները, իրենցից շատերը ստիպված սկսել են բնակվել դեռ շահագործման չհանձնված շենքում:

«Մեր շենքերը պիտի հանձներ 23 թվականի դեկտեմբերին, կառուցապատողն անընդհատ հետաձգում է ժամկետը», - ասաց բնակիչներից մեկը:

Մայրաքաղաքի նորակառույցների մեծ մասում սա արդեն կարծես ընդունված պրակտիկա է դառնում: Բայց «ապրել էլ կա, ապրել էլ», ասում են զայրացած բնակիչներն ու նեղսրտում՝ կառուցապատողը խոստացած ժամկետում չի լուծել նաև գազաֆիկացման հարցը: Որպեսզի ձմռանը ցրտից չսառեն, ստիպված հոսանքով են տները տաքացնում: Այստեղ, ասում են, կառուցապատողն ընդառաջել է ու հոսանքի վարձը մուծում է, բայց ծանրաբեռնվածության պատճառով հաճախ լույս չեն ունենում:

«Բնակիչներն այնքան շատ են վառում լույսը, որ լարերը ծանրաբեռնում են, ապահովիչները գցում են: Մեկ էլ ձմռան էն ցուրտ օրը լույսերը կարող է անջատվեն», - պատմեցին նրանք:

Իսկ այն բնակարաններում, որտեղ դեռ բնակվող չկա, ցրտից կոյուղիներն են պայթել՝ այստեղ հատակն ու անգամ առաստաղն են սառույցով պատված:

«Բնակիչների տանը սառցակալել է, կոյուղին պայթել է ու ամբողջությամբ լցվել է մարդկանց վերանորոգված բնակարանները», - ասաց բնակիչներից մեկը, մյուսն էլ հավելեց. «Բնակիչներից ահագին մարդիկ բնակվում են ու այս գիշեր կաշմառների մեջով են անցել, ստիպված են եկել, բնակվել, որովհետև մարդ կա՝ վարձով է, մարդ կա՝ դուրսն է, սա պայման չէ»:

«Կոմիտաս պարկը» 39 մասնաշենքից բաղկացած 3 հազար 200 բնակարանով համալիր է: Այսօր բողոքի դուրս եկածները 11 շենքերից էին, դրանց շինարարությունը կառուցապատողն ավարտված է համարում առաջին փուլով: «Օրդ դևելոփմենթ» ընկերության գրասենյակը համալիրի տարածքում է՝ բնակիչների բողոքի ակցիայի վայրից մի քանի քայլ այն կողմ:

Նրանցից ոչ ոք չմոտեցավ դժգոհ բնակիչներին: Նրանց հետ զրուցելու գնացինք մենք՝ լրագրողներս, մեզ հետևեցին նաև բնակիչները, որոնք լրագրողների ներկայությամբ կառուցապատողից հետաքրքրվեցին՝ ե՞րբ կլինի խոստացված գազաֆիկացումը, երբ կստանան բնակարանների վկայականներն, ու ինչո՞ւ են իրենց բազմաթիվ նամակներ անպատասխան թողել: Կառուցապատող ընկերության փոխտնօրեն Արսեն Միրզոյանը չընդունեց պնդումը, թե իր հետ հանդիպելը դժվար է:

«Մեր դռներն այստեղ միշտ բաց են, որևէ շահառու չի կարող ասել, որ ուզեցել է կամ խմբով, ոչ միայն այս խնդրի հետ կապված, արդեն տարուց ավելի թե շինհրապարակում, թե մեզ մոտ բացառվում է այնպիսի բան լինի, որ ցանկություն լինի մեզ հետ հանդիպելու, և այդ հանդիպումը չկայանա», - ասաց նա:

«Խոսքը ոչ թե բաց հանդիպման մասին է, այլ գրություններ ուղարկվել են ձեր պաշտոնական մեյլին, այդ գրությանը պատասխան չի եղել», - արձագանքեց բնակիչներից մեկը:

Բնակիչները քանի անգամ կառուցապատողից լսել են՝ մեկ ու կես ամսից գազի հարցը կլուծվի, պնդում են՝ շուրջ 4 ամիս է անցել այդ մեկ ու կես ամսից: «Գազպրոմ Արմենիայից» իրենց հետևյալն են բացատրել. ««Գազպրոմն» ասում է՝ մեր տեխնիկական պայմաններին չի համապատասխանում կառուցապատողի կազմակերպած խողովակաշարերը, կառուցապատողն էլ ասում է՝ սա նորմայի սահմաններում է, մենք իրենց հետ լեզու կգտնենք: Մենք մնացել ենք այս տուպիկի մեջ»:

Ընկերության փոխտնօրենը պնդեց՝ դա շատ կարճ հատվածի մասին է, խոշոր հաշվով համակարգը պատրաստ է, ու առաջիկայում կսկսվեն գազաֆիկացման աշխատանքները: Միրզոյանն ասում է՝ իրենք մեղավոր չեն, որ 2023-ին գազամատակարարման լուրջ խնդիրներ են առաջացել Երևանում, և հատկապես նորակառույցների միացումը ցանցին դժվարացել էր՝ համակարգի ծանրաբեռնվածության պատճառով:

Մի շարք կառուցապատողներ միասնական ուժերով ընդլայնել են ենթակառուցվածքները՝ գազը մոտեցնելով իրենց շենքերին ու մյուս կառուցապատողներին միացման հնարավորություններ տալով: Ու թեև պետությունն ընդառաջել է այս հարցում նրանց, կառուցապատողների համար սա, այդուհանդերձ, չնախատեսված ծախս է եղել: Եթե մինչև 2023 թվականը գազասպառման համակարգին միանալն անվճար էր, ըստ կառուցապատողի՝ դրանից հետո վճարովի է դարձել՝ 1 խորանարդ մետրի դիմաց 172 հազար դրամ:

Կառուցապատող ընկերության փոխտնօրենն ասում է՝ առհասարակ մայրաքաղաքում կառուցապատողները լուրջ խնդիրների առաջ են կանգնել. «Այսօր շատ խիստ կասկածելի է ընդհանրապես՝ այս կառուցապատման բիզնեսն իմաստ ունի անել, թե չէ, շինարարական թույլտվություններ, դրանց երկարացման վճարներ, թե էներգետիկ համակարգերին միանալու վճարներ, թե գույքահարկի չափեր՝ սրանք գումարում եք իրար բոլոր կողմերից, կառուցապատողն է կծկվում»:

Չնայած թվարկած խնդիրներին՝ այս կառուցապատողը նոր ծրագրեր ունի ու դեռ պետք է համալիրի մյուս մասնաշենքերն ավարտի:

Գազից բացի, ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու գներն էլ են վերջին տարիներին փոփոխության ենթարկվել: Բնակիչները հարցերով հակադրվեցին:

«Ազատությունը» հաճախ են դիմում Երևանի տարբեր նորակառույցների բնակիչներ. բոլորի խնդիրները գրեթե նույնն են՝ գազ չկա, հաճախ լույսի, կամ ջրի բաժանորդ չեն, սեփականության վկայականներն են ուշանում, կառուցապատողները շենքերն ուշ են շահագործման հանձնում, բնակիչներն էլ ստիպված գնում, բնակվում են: Պետական դռներ թակելուց հետո շատերը բողոքի ակցիաներ են անում, հարցը երբեմն լուծվում է, երբեմն՝ ոչ: Բնակիչները նկատում են՝ պետական կառույցները խնդիրը լուծելու փոխարեն իրար վրա են գցում պատասխանատվությունը ու որպես վերջին տարբերակ դատարանի դուռը ցույց տալիս: