Գալյանը հայտնել է՝ Սահմանադրության տեքստը պատրաստ է, սակայն հրապարակման ժամկետ չի նշել

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր վստահեցրել է՝ Սահմանադրության տեքստը պատրաստ է, բայց հստակ ժամկետ չի նշել, թե երբ կհրապարակվի:

Մինչդեռ մեկ ամիս առաջ նա վստահեցրել էր՝ Մայր օրենքի տեքստը մարտին կհրապարակվի:

«Կհրապարակվի այն ժամաանկ, երբ տեքստը պատրաստ կլինի հրապարակման: Դեռ հրապարակման համար պատրաստ չէ»,-ասել է նախարարը:

Սահմանադրության նոր նախագծի ինտրիգը նախաբանն է: Արդյոք նոր տեսքստում թողել են Հայաստանի անկախության հռչակագրի հղումը՝ Գալյանն այսօր էլ ուղիղ չի պատասխանել:

«Տեքստի նախաբանը կա: Այո, մի քանի տարբերակ կա, տեքստը հրապարակված չէ, կհրապարակվի, կտեսնեք», - նշել է նա:

Վարչապետ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ միայն իր գլխավորած ուժն է կողմ, որ հղումը հանեն Սահմանադրությունից: Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագիրը որակել է կոնֆլիկտածին:

Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Սա, Բաքվի գնահատմամբ, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է:

Հայաստանի սահմանադրական դատարանը վճռել էր, որ Անկախության հռչակագիրը իրավական նշանակություն չունի և այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վիրահատական ճանապարհով լուծել արդարադատության հարցը. Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու նոր պատճառ է նշում


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության գործում. Ամիրբեկով