«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Ծառուկյանի փաստաբանները նշեցին՝ որոշումը կբողոքարկեն:
Խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավոր քննադատներից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց երեկ իր առանձնատանը մոտ 12 ժամ տևած խուզարկությունից հետո, Ազգային անվտանգության դիմակավորված աշխատակիցները Ծառուկյանին տարան նախ Քննչական կոմիտե՝ այստեղ նրան մեղադրանք առաջադրվեց խարդախություն կատարելու և փողերի լվացման հոդվածներով:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։
Այնուհետև, ըստ նախաքննական մարմնի, Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի և գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ Ինքը՝ գործարարը, մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով կեղծիք։
Ծառուկյանի փաստաբանները պնդում են՝ մեղադրանքն անհիմն է: Փաստաբանների խոսքով՝ «դատարանը փաստարկներով առհասարակ հետաքրքրված չէր»: Դատական նիստը դռնփակ էր, և «Ազատությունը» հնարավորություն չի ունեցել ծանոթանալու իրավապահների հիմնավորումներին: Մեղադրող կողմը նաև լրատվամիջոցների հետ չի շփվել: