Գագիկ Ծառուկյանի գործով իրավապաշտպան Սաքունցը խախտումից է խոսում. դատախազությունը լուռ է

Գլխավոր դատախազությունն արդեն երկրորդ օրն է՝ չի պարզաբանում, թե ինչու է առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության մեղադրանք առաջադրել պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանին: Գերատեսչությունից հորդորել էին գրավոր դիմել, այսօր ուղարկված մեր հարցման պատասխանը դեռ չենք ստացել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ ըստ էության պատգամավորների թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը:

Ընտրական օրենսգրքով՝ թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել կամ նա կարող է ազատությունից զրկվել միայն ԿԸՀ համաձայնությամբ: Բացառություն են միայն այն դեպքերը, երբ անձը բռնվել է հանցանքի պահին: Թեկնածուի կարգավիճակի ժամկետները հստակեցնում է հենց ընտրական հանձնաժողովի նախագահը: Նախկին ՔՊ-ական Վահագն Հովակիմյանն այսօր նախ ասաց, թե մեղադրանքը երեկ չի առաջադրվել, հետո հորդորեց դիմել Գլխավոր դատախազություն:

«Մեղադրանք առաջադրողը Գլխավոր դատախազությունն է։ Գնացեք, Գլխավոր դատախազությանը հարցրեք, թե ինչու է մեղադրանք առաջադրվել։ Եթե դուք կարծում եք, որ Գլխավոր դատախազությունը իրավունք չուներ դա անելու կամ թեկնածուն է կարծում, բոլորդ էլ, դուք կարող եք իրենց հարցեր ուղղել, թեկնածուն կարող է իրենց գործողությունները բողոքարկել, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից պահանջել, մեկնաբանել Գլխավոր դատախազության գործող ուղղությունները, մեղմ ասած, ճիշտ չէ»,- ասաց ԿԸՀ նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ. ինչո՞ւ դատախազությունը նախ չի դիմել ԿԸՀ

Իրավապահները ԲՀԿ առաջնորդին մեղադրում են հարկերից խուսափելու համար։ Փաստաբանի փոխանցմամբ՝ գործը հարուցվել է դեռ 7 տարի առաջ՝ 2019 թվականին։ Էմին Խաչատրյանը պնդում է՝ անցած տարիներին իր պաշտպանյալին ոչ մի անգամ հարցաքննության չեն կանչել, և նա գործով որևէ կարգավիճակ չի ունեցել։ Փաստաբանը կատարվածը կապում է ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ։

«Երկրում տեղի ունեցող իրադարձությունները, քաղաքական պրոցեսները, ինձ թվում է, այդ հարցի պատասխանը պարզ են դարձնում»,- ընդգծում է փաստաբանը։

Դատախազությունը Ծառուկյանի մեղադրանքի մասին հայտնեց երեկ՝ գրեթե այն նույն ժամերին, երբ նա օդանավակայանում պատրաստվում էր մեկնել երկրից։ Պաշտպանի խոսքով՝ գործարարի եռօրյա այցը Արաբական Միացյալ Էմիրություններ նախապես էր պլանավորված։ Իրավապահները նրան արգելեցին բացակայել երկրից: Պաշտպանական կողմը պնդում է, որ Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցը ապօրինություն է թույլ տվել:

«Չէին կարող առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու նման մեղադրանք ներկայացնել. և՛ Սահմանադրությամբ է դա սահմանված, և՛ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով է դա սահմանված ու իմպերատիվ պահանջ է, դա ճաշակի հարց չի, դա հստակ պահանջ է։ Բոլոր մյուս դեպքերում էս վերջին նախընտրական փուլում, էդ պրոցեսը բոլորն անխտիր անցել են, բացի պարոն Ծառուկյանից»,- ասում է փաստաբան Էմին Խաչատրյանը։

Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը խախտում է որակում նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը, նրա խոսքով.- «Տեղի է ունեցել խախտում, որովհետև առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության և թույլտվության, իրավունք չունեն պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում սկսել»։

Մասնագիտությամբ իրավաբան Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին խնդրեցինք բացատրել՝ որ դեպքում կարող է դատախազությունը պատգամավորի թեկնածուին մեղադրանք առաջադրել առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվության: Նախարարը, պարզվեց, մոռացել էր կարգավորումները.

«Չեմ հիշում իրավական կարգավորումները, անկեղծ ասեմ, բայց մեկնաբանել էլ աշխատանքը չեմ պատրաստվում»,- ասաց Գալյանը։

Քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանի թիրախում հայտնված Գագիկ Ծառուկյանին առնչվող այս քրեական գործը գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում։ Այսօր խորհրդարանում էր կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը: Նա, սակայն, հեռացավ Ազգային ժողովի շենքից՝ այդպես էլ չպատասխանելով լրագրողների հարցերին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառուկյանի բացած ու փակած էջերը. ԲՀԿ-ն ԱԺ մտնելու սահմանագծինԾառուկյանը հարցաքննվել է, հերքել մեղադրանքըՄիայն երկու ընտրատեղամասի վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայները կավելանան 92-ովՆիկոլ Փաշինյանը 2021-ի հաղթանակից հետո երկխոսության կոչ էր անում, այս անգամ սպառնաց«Խլելով երկիրը կարո՞ղ է զարգանալ». Դատախազությունը «Արարատցեմենտին» առնչվող նոր խախտումներ է բացահայտել«Փաշինյանի հետ կոմպրոմիս չի լինելու». ԾառուկյանՓաշինյանը պատրաստվում է պետականացնել «Արարատցեմենտ»-ը, Ծառուկյանը հակադարձում է՝ «իրենց վերջը եկել է»