Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին ՊԵԿ նախագահի դատավարությունը: Արդեն երկու ամիս կալանավորված Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին պատգարակով՝ բժիշկների հսկողության ներքո:
Դատարանը պատգարակի վրա պառկած Խաչատրյանին հնարավորություն էր տվել չներկայանալ նիստերին, սակայն նա ցանկություն է հայտնել մասնակցել դրանց:
Դատարանն այսօր գրավոր ապացույցներն է քննում:
Այս գործը դատարանում է դեռ 2019 թվականից: Խաչատրյանը մեղադրվում է ծանր կոռուպցիոն հանցանքների՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության, փողերի լվացմանը հանցակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի վատնման, գույքի ապօրինի օտարման, գումարի հանցավոր ծագումը քողարկելու համար: Խաչատրյանները նաև ապօրինի գույքի բռնագանձման գործով են անցնում:
Մեղքը չընդունող 70-ամյա նախկին բարձրաստիճան պաշտոնյան ողնաշարի հիվանդություն ունի և եթե 2019 թվականից դատարան էր ներկայանում ինքնուրույն, ապա ժամանակի ընթացքում սկսեց անվասայլակով գալ, հիմա էլ նրան պատգարակով են բերում:
Մինչ նրան տարիներ առաջ վիրահատած գերմանացի բժիշկները նոր ու հրատապ վիրահատության կարիք են տեսնում հենց Գերմանիայում, հայաստանյան պետական վերջին փորձաքննությունը վիրահատության անհրաժեշտություն չի տեսել, վարչապետն էլ կասկածի տակ է դրել նրա առողջական խնդիրները՝ Խաչատրյանին անվանելով սիմուլյանտ:
Փաստաբան Երեմ Սարգսյանի պնդմամբ՝ երկար ժամանակ անկողնային վիճակում մնալու հետևանքով Խաչատրյանի մոտ պառկելախոցեր են առաջացել, կա նաև թոքաբորբի զարգացման վտանգ։ Առողջապահության նախարարությունից այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար գրավոր հարցում պահանջեցին։
Երեկ դատարանը բավարարել էր քննչականի միջնորդությունն ու ՊԵԿ նախկին նախագահի կալանքը երկարացրել ևս երկու ամսով՝ հնարավորություն տալով կնոջն ու դստերը տեսակցել նրան: