Իրավաբանական գիտությունների դոկտոր Գագիկ Ղազինյանը չի հաշտվի Երևանի պետական համալսարանից իրեն ազատելու որոշման հետ: Տասնամյակներով մայր բուհում դասավանդած պրոֆեսորը կբողոքարկի որոշումը, եթե սեպտեմբերից պայմանագիրը չերկարաձգեն, «Ազատությանն» ասաց նրա որդին, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է:
Գագիկ Ղազինյանը «Ազատության» զանգերին այսօր չպատասխանեց:
«Միանշանակ բողոքարկում կլինի, բայց ոչ թե հարցը աշխատանքն է, այլ այն, որ իրանց ուզածը չպետք է լինի», - ասաց Ղազինյանի որդին՝ Դավիթ Ղազինյանը:
Համալսարանի երկարամյա դասախոսին անցած ամիս են ծանուցել, որ պայմանագրի ժամկետը լրանում է ու չեն երկարաձգի: «Որևէ հիմնավորում չեն ներկայացրել, ոչ մի պատճառաբանություն չկա», - վստահեցնում է Դավիթ Ղազինյանը:
Սամվել Կարապետյանի թիմին միացած ընդդիմադիր պատգամավորը սա իր քաղաքական գործունեության հետ է կապում, պնդում է՝ մեկ տարի առաջ, երբ ինքը դեռ չէր մտել քաղաքականություն, հորը մայր բուհում պատվավոր պրոֆեսորի կոչման էին արժանացրել. «Իմ կարծիքով՝ դա մեկ մարդու որոշում է, իր կարծիքով էլ՝ ինձ ինչ-որ ձևով ճնշելու»:
«Ազատության» դիտարկմանը՝ այսինքն Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգո՞վ է, Ղազինյանը պատասխանեց. «Մի վայրկյան կասկած չունեմ: Պատճառը դա է՝ ինչ-որ ձևով ճնշեն, պատժեն»:
Գագիկ Ղազինյանը Պետական համալսարանում է դասախոսում 80-ականներից: Մինչև 2024 թվականը իրավագիտության ֆակուլտետի դեկանն էր՝ 28 տարի: Երկու տարի առաջ հրաժարվեց առաջադրվել ու շարունակում էր դասախոսել:
Ղազինյանը միակը չէ, որի հետ ԵՊՀ ռեկտորատը չի պատրաստվում սեպտեմբերից աշխատել: Այսպիսի ծանուցումներ են ստացել ընդդիմադիր հայացքներով մի խումբ դասախոսներ՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, պատմության ֆակուլտետից Շուշան Վարդանյանը, որ նույնպես
Փաշինյանի քննադատներից է:
Ռուբեն Մելիքյանն անցած ամիս «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ ԵՊՀ ռեկտորի «սև ցուցակում» է հայտնվել իր իրավապաշտպան գործունեության պատճառով: Նա հիմնականում պաշտպանում է իրավապահների թիրախում հայտնված ընդդիմադիր գործիչներին:
Ի՞նչն է պատճառը, որ այս դասախոսների հետ չեն ուզում աշխատել: Ինչո՞վ են հիմնավորում նրանց պայմանագրերը չերկարաձգելու որոշումը: Արդյո՞ք կան քաղաքական նկատառումներ, ինչպես պնդում են Ռուբեն Մելիքյանն ու Դավիթ Ղազինյանը: «Ազատության» այս հարցերին համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը խոստացավ պատասխանել, ու մինչ այս պահը արձագանք չկա: Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ այսօր անհասանելի էր:
Բուհերը քաղաքականությունից հեռու պահելու խոստումներով իշխանության եկած Փաշինյանի օրոք էլի են եղել ընդդիմադիրներից ահազանգեր, որ իրենց պայմանագրերը դադարեցրել են քաղաքական հայացքների պատճառով: Երեք տարի առաջ էլ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանին հրաժեշտ տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Այս դեպքերով նաև մեկ դատական վճիռ կա արդեն։
Բրյուսովում 2023-ին պաշտոնից հեռացրել էին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին, որ բարձրաձայնում էր ռեկտորի թափուր պաշտոնում Դավիթ Գյուրջինյանին խախտումներով նշանակելու մասին: Քննադատություններից հետո հենց իրեն՝ Ցոլակ Ակոպյանին ազատեցին՝ հիմնավորելով, որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Պրոռեկտորը բողոքարկել էր որոշումն ու շահել բոլոր ատյաններում: Դատարանը անվավեր համարեց նրան աշխատանքից հեռացնելու հրամանն ու Ցոլակ Ակոպյանը բուհի բյուջեից որպես փոխհատուցում ստացավ 11 միլիոն դրամ: