FT․ Ուկրաինան ԵՄ միջոցներով կկարողանա գնել չինական ԱԹՍ-ների մասեր

Ուկրաինա, ԱԹՍ-ների գումարտակի զինծառայողը՝ ուկրաինական արտադրության «Լելեկա» հետախուզական անօդաչու թռչող սարքով։ 2026թ. մայիսի 22:

Ուկրաինային թույլատրվել է Եվրամիության պաշտպանական վարկի շրջանակում ստացված միջոցներով ձեռք բերել չինական արտադրության անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, գրել է Financial Times-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Կիևին թույլատրվել է այդ նպատակով օգտագործել առաջին՝ 6 միլիարդ եվրոյի չափով տրանշի միջոցների մի մասը։

Financial Times-ը նշել է, որ այս որոշումն ընդգծում է Եվրամիության պաշտպանական արտադրության ոլորտում առկա բացերը, ինչպես նաև Չինաստանի դերը հակամարտության երկու կողմերին մատակարարումների հարցում։

Վարկի պայմանների համաձայն՝ ԵՄ միջոցներով ձեռք բերվող պաշտպանական արտադրանքը հիմնականում պետք է մատակարարվի միասնական եվրոպական շուկայից, Ուկրաինայից կամ ԵՄ-ի կողմից հաստատված գործընկեր երկրներից։ Մյուս դաշնակիցները նույնպես կարող են մասնակցել, եթե Եվրամիության հետ ստորագրեն անվտանգության ոլորտում գործընկերության համաձայնագիր։

Միաժամանակ նախատեսված է բացառություն, եթե անհրաժեշտ արտադրանքը հնարավոր չէ նշված երկրներից ձեռք բերել արագ կամ բավարար ծավալներով։

Ուկրաինան մայիսի վերջին ստորագրել և վավերացրել է Ukraine Support Loan վարկային ծրագրի համաձայնագիրը։ Այն Եվրամիության մինչև 90 միլիարդ եվրո ծավալով վարկային գործիքն է, որը նախատեսված է 2026-2027 թվականների համար։ Նախատեսվում է, որ այդ գումարից 60 միլիարդ եվրոն կուղղվի Ուկրաինայի պաշտպանական կարիքներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնը թույլատրել է Patriot հրթիռների արտադրությունը. ինչպե՞ս կարող է սա օգնել ԿիևինՈւրսուլա ֆոն դեր Լայեն․ «Աշխատում ենք ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթի վրա»Reuters. Ուկրաինան ԵՄ խաղաղության հիմնադրամից 6,6 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է խնդրումԹրամփը ԵՄ-ից պահանջել է 350 միլիարդ դոլար՝ Ուկրաինային ցուցաբերված աջակցության դիմաց