Ֆրանսիայում մինչև 500 դպրոց այսօր մասամբ կամ ամբողջությամբ փակ կլինի՝ վերջին օրերին ոստիկանության և ուսանող ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներից հետո, կիրակի հայտարարել է Ֆրանսիայի կրթության նախարարը։
Էդուար Ժեֆրեյն հայտնել է, որ դասերն «ամբողջությամբ կամ մասնակիորեն կդադարեցվեն» «400-ից միչև 500» ավագ դպրոցներում, քանի որ «անվտանգության պայմանները չեն ապահովվել»: Նա նաև ասել է, որ բողոքի ակցիաների սկզբից ի վեր 24 դպրոց «այրվել կամ թալանվել է»։
«Կան ակտիվիստներ, մասնավորապես՝ ծայրահեղ ձախակողմյաններից, որոնք ներթափանցել են ավագ դպրոցի աշակերտական շարժման մեջ, աշակերտներից իրենց ձեռքն են վերցրել այն և զբաղվել են ծայրահեղ բռնությամբ», - պնդել է Էդուար Ժեֆրեյը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 160 մարդ է ձերբակալվելԱրդեն քանի օր է՝ հազարավոր ուսանողներ բողոքի ցույցեր են անում կրթական չափանիշների դեմ: Անցյալ շաբաթ սկսված բողոքի ցույցերը Փարիզից տարածվել են այլ քաղաքներում, այդ թվում՝ Մոնպելյեում, Նանտում և Մարսելում։ Ավագ դպրոցների աշակերտները բողոքում են ուսուցիչների պակասից, գերբնակեցված դասարաններից և շենքային վատ պայմաններից։
Ուրբաթ Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել էր, որ Ֆրանսիայի 3700 դպրոցներից 735-ը «այս կամ այն կերպ» տուժել են բողոքի ցույցերից։
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ավելի քան 160 մարդ է ձերբակալվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել էր, որ միջադեպեր են գրանցվել շուրջ 180 ուսումնական հաստատություններում։ Վիրավորվել է 12 աշակերտ, երեք ուսուցիչ և 12 ոստիկան։