Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչները՝ Ֆրանսիա-Իսպանիա, Անգլիա-Արգենտինա

Անգլիայի հավաքականը տոնում է Նորվեգիայի ընտրանու դեմ հաղթանակը, Մայամի, 11-ը հուլիսի, 2026թ․

Քառորդ եզրափակիչ. Ֆրանսիա-Մարոկկո՝ 2:0, Իսպանիա-Բելգիա՝ 2:1, Անգլիա-Նորվեգիա՝ 2:1, Արգենտինա-Շվեյցարիա՝ 3:1

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար կիսաեզրափակիչ հանդիպումներում պայքարը կշարունակեն Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան և Արգենտինան։

Գիշերը կայացան քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները։

Անգլիայի ընտրանին Մայամիում անցկացված և 2:1 հաշվով ամփոփված դիմակայության լրացուցիչ ժամանակում առավելության հասավ նորվեգացիների նկատմամբ: Ջուդ Բելինգեմի երկու գոլերի շնորհիվ անգլիացիները պատմության մեջ չորրորդ անգամ հասնում են ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ, իսկ քառորդ եզրափակիչ առաջին անգամ հասած Նորվեգիայի հավաքականն ավարտեց ճանապարհը Մունդիալ 2026-ում։

Ավելի ուշ, գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը նույնպես լրացուցիչ ժամանակում առաջ անցավ հաշվի մեջ՝ պարտության մատնելով 10 ֆուտբոլիստով խաղացող Շվեյցարիայի ընտրանուն։ Հիմնական ժամանակում Ալեքսիս Մակ Ալիստերի, իսկ լրացուցիչ ժամանակում Խուլիան Ալվարեսի և Լաուտարո Մարտինեսի գոլերը վերջ դրեցին չորս անգամ քառորդ եզրափակիչ հասած շվեյցարացիների ուղուն այս առաջնությունում։

Արգենտինայի հավաքականը տոնում է Շվեյցարիայի ընտրանու դեմ հաղթանակը, Կանզաս Սիթի, 11-ը հուլիսի, 2026թ․

Նախօրեին Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր Բելգիայի հավաքականին, Ֆրանսիան էլ 2:0 հաշվով հաղթել էր Մարոկկոյին:

Եզրափակչի ուղեգրի համար Ֆրանսիան և Իսպանիան կմրցեն հուլիսի 14-ին՝ Դալլասում, Անգլիա-Արգենտինա հանդիպումն էլ մեկ օր անց կկայանա՝ Ատլանտայում։

Չորս թիմերն էլ աշխարհի գավաթակիրներ են. Ֆրանսիան՝ 1998 և 2018 թվականներին է նվաճել տիտղոսը, Իսպանիան՝ 2010 թվականին, Անգլիան՝ 1966-ին և Արգենտինան՝ 1978, 1986 և 2022 թվականներին։

Առաջնության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին, Երևանի ժամանակով նույն օրը կկայանա նաև երրորդ տեղի համար խաղը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց 1/8 եզրափակիչըՄեսսին գերազանցեց իր իսկ ռեկորդը. Արգենտինան՝ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչումԲրազիլիան հրաժեշտ տվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հայտնի են 1/4-ի զույգերից երկուսը Գերմանիան, Նիդերլանդները հրաժեշտ տվեցին ֆուտբոլի աշխարհի առաջնությանըՌոնալդուն ավարտեց պայքարն իր մասնակցությամբ վերջին Աշխարհի առաջնությունումՌոնալդուն՝ Աշխարհի վեց առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստԼիոնել Մեսսին 18-րդ գոլով դարձավ ԱԱ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն