Եվրոպայում 4 տարվա ընթացքում անտառային հրդեհների թիվն աճել է 57 %-ով. ԱՀԿ

Անցորդները հետևում են, թե ինչպես են կրակն ու ծուխը բարձրանում Կաստրի օդանավակայանի մոտակայքում: Ֆրանսիայի հարավ-արևմուտք, 2026թ. հուլիսի 24։

Իսպանիայի Մադրիդի շրջանում և հարակից Ավիլա նահանգում հրդեհների պատճառով տարհանվածների թիվը հասել է 70 հազարի։ Այսօր միայն տարհանման հրահանգ է ստացել 30 հազար մարդ, հայտնում է EFE գործակալությունը։ Տարհանումը վերաբերել է Տիետար գետի հովտում գտնվող ինը քաղաքների բնակիչներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսպանիայում հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Նախօրեին հրդեհների պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել նույն տարածաշրջաններում։ Իշխանություններն իրավիճակն բնորոշում են՝ «աննախադեպ»։

Euronews-ի փոխանցմամբ, մինչ անտառային հրդեհներն տարածվում են Եվրոպայի տարբեր շրջաններ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է դրանց կտրուկ աճի և մարդկանց առողջության համար գնալով ավելի ծանր հետևանքների մասին։

Այս ամառ անտառային հրդեհներ են բռնկվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում։ Ֆրանսիայում և Իտալիայում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում զոհվել են հրշեջներ։

Տարվա սկզբից մինչև հուլիսի 22-ը Եվրոպայում գրանցվել է 1 254 հրդեհ, որոնց հետևանքով մթնոլորտ է արտանետվել ավելի քան 8,31 մլն տոննա CO₂։

Ուշագրավ է, որ Եվրոպայում անտառային հրդեհները դառնում են ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ, նախօրեին հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը։

Պորտուգալիան և Իսպանիան հայտնել են, որ այս տարի հրդեհների թիվը կրկնապատկվել է՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ 2022-ից ի վեր ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանում անտառային հրդեհների թիվն աճել է 57 %-ով։ Միայն անցյալ տարի այրվել է շուրջ 2,2 մլն հեկտար տարածք, իսկ ընթացիկ տարվա հուլիսի 22-ի դրությամբ արդեն ոչնչացվել է 254 388 հեկտար, ըստ Անտառային հրդեհների վերաբերյալ եվրոպական տեղեկատվական համակարգի (EFFIS) տվյալների։

«Քանի որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է մոլորակի տաքացման, մենք պետք է պատրաստ լինենք ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ անտառային հրդեհների», նշել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Անրի Պ. Կլյուգեն։

Հրդեհները ոչ միայն ոչնչացնում են մարդկանց ապրուստի միջոցները, ստիպում են նրանց տարհանվել, խաթարում են առողջապահական համակարգերի աշխատանքը և մարդկային կյանքեր խլում, այլև վնասում են մարդկանց առողջությանը՝ նույնիսկ հրդեհի օջախներից շատ կիլոմետրեր հեռու։

«Առողջության վրա ազդեցությունը շատ ավելի հեռուն է տարածվում, քան հրդեհի գոտին», նշել է նա։

Կլյուգեն կառավարություններին կոչ է արել ապահովել «անտառային հրդեհների, եղանակային պայմանների և օդի որակի վերաբերյալ ժամանակին նախազգուշացումներ, առողջության պահպանման վերաբերյալ հստակ հանձնարարականներ, ինչպես նաև հասանելի առաջնային և շտապ բժշկական օգնություն»։